ԱՂԱՍԻ ՄԱՄԻԿՈՆԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

50 տարեկան, ինժեներ-էներգետիկ
Ծննդավայրը` Սիսիանի շրջան, գյուղ Տոլորս

Կրթությունը
1964-1972թթ. Տոլորսի ութնամյա դպրոց
1972-1974թթ. Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոց
1975-1980թթ. Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետ

Աշխատանքային փորձը
1980-1982թթ. «Հայգյուղտեխնիկա» ինժեներ
1982-1984թթ. Մելիորատիվ ջոկատի տեղամասի պետ
1984-1986թթ. Էներգահսկողության Սիսիանի տեղամասի պետ
1986-1992թթ. Սիսիանի Էլցանցի տնօրեն
1992-1997թթ. Սիսիանի կապի հանգույցի պետ
1997-ից «Արմենթել» ՓԲԸ Սիսիանի բիզնես միավորի պետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Սիսիանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
Ամուսնացած է, ունի երեք դուստր, մեկ որդի եւ թոռնիկ:

Սի՛րելի հայրենակիցներ

Ապավինելով Ձեր առողջ մտածողությանն ու կենսափորձին, վստահ լինելով Սիսիանը բարեփոխված տեսնելու Ձեր վճռականության մեջ, համարձակվել եմ, այո՛, կրկին համարձակվել եմ նորից ակնկալել Սիսիանի ղեկավարը լինելու Ձեր վստահության քվեն:
Իմ մտադրությունը եւ ցանկությունը չեմ թաքցրել, չեմ թաքցնում, մտածելով, որ իմ ունակություններով, կարողություններով, գործնականությամբ, անմիջական բնավորությամբ ու կամային հատկանիշներով կարող եմ օգտակար լինել մեր համայնքին, մեր քաղաքին` վերականգնելու նրա բարի անունը, համբավը, հեղինակությունը:
Ահա ես` իմ կենսագրությամբ, իմ աշխատանքային գործունեությամբ, իմ անցած ճանապարհով, իմ վաստակով, իմ արժանիքներով ու թերություններով:
Ահա իմ ողջ ունեցվածքը` աշխատասիրություն, եռանդ, գործնականություն, գիտելիք, համախմբելու ուժ եւ կամք, ինքնուրույնություն եւ Սիսիանը միասին ու միասնական տեսնելու գերագույն ցանկություն:
Ես ինքնակամ ինձ հանձնում եմ Ձեր դատին, Ձեր քննությանն ու քվեարկությանը, վստահ, որ Ձեզ ներկայանալով` չեմ ամաչում իմ կենսագրությունից, իմ անցած ուղղուց, իմ ապրած կյանքից, իսկ համայնքի ղեկավար ընտրվելու դեպքում առիթ չեմ տա նաեւ Ձեզ` ամաչելու ինձ համար:
Ու եթե կարժանանամ Ձեր վստահությանը, նշանակում է` մեծ հույսեր եք կապում ինձ հետ, որն էլ ինձ պիտի պարտավորեցնի փոխադարձել Ձեզ, արդարացնել այդ մեծ վստահությունը:
Ինքնե՛րդ դատեք, ինքնե՛րդ քննեք:
Սի՛րելի հայրենակիցներ, ինչպես դուք, այնպես էլ ես, համոզված եմ, որ Սիսիանում բարեփոխումներ են պետք: Համոզված եմ, որ կարող ենք համատեղ Սիսիանը դուրս բերել այս տխուր վիճակից` հավատալով եւ վստահելով միմյանց: Անտարբեր մի՛ եղեք եւ մի՛ հաշտվեք այսօրվա իրավիճակի հետ, որով վտանգում եք նաեւ ձեր երեխայի, ձեր թոռան, ձեր վաղվա օրը: Քո մեկ ձայնն է կարեւոր եւ որոշիչ: Քեզ տրված է լավագույն հնարավորություն` տեր կանգնելու քո քաղաքի հեղինակությանը:
Ես հավատում եմ քեզ ու վստահ եմ, որ դու էլ ինձ ես հավատում: Միասին տեր կանգնենք Սիսիանին, սի՛րելի սիսիանցիներ:

Վստահաբար`
Սիսիանի համայնքի ղեկավարի թեկնածու` Աղասի Հակոբջանյան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *