ԱՂԱՍՆ ԻՆՔՆ Է ԻՐ ԳԼԽԻՆ ՍԱՐՔՈՒՄ…

Երիտասարդության օրվա առթիվ Սիսիանի քաղաքապետարանի կազմակերած եղծված մատաղի մասին «Որոտան» թերթի տպագրած՝ «Երեխաներին եւ մեծերին արգելել են մոտենալ մատաղի սեղանին» հրապարակմանն անդրադարձել են նաեւ «Ժողովուրդ»՝ «Սիսիանի քաղաքապետը մատաղն ընտրովի՞ է բաժանում» եւ «Հրապարակ»՝ «Ուզում էինք ավելի լավ, բայց՝ ստացվեց ինչպես միշտ» թերթերը:

Շփոթահար, ցայտնոտի մեջ ընկած եւ հանկարծակիի եկած Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը որքան էլ փորձել է «հերքել», «արդարանալ», այն համարել «սադրանք իր անձի նկատմամբ», անձամբ ինքն է խոստովանել մատաղը ընտրողաբար հյուրասիրելու եւ եղծելու իրողությունը. «Ուղղակի որ հյուրեր ունեինք Արցախից, Սյունիքի ու Վայոց Ձորի բոլոր քաղաքներից, կազմակերպիչը խնդրեց, որ առաջինը սեղանին մոտենան հյուրերը, հետո՝ մնացածը»,-ասել է «Ժողովրուդ» թերթին, ինչն էլ հիմք է տվել լրատվամիջոցին գրել, որ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը մատաղը ընտրով՞ի է բաժանում…

Իսկ ի հաստատումն «Հրապարակ» թերթի հարցմանն ասել է՝ «Ես ներկա եմ եղել, ես եմ ամենը կազմակերպել իմ աշխատակազմով: Ի սկզբանե մենք խնդրել ենք, որ երեխաներն ինչ-որ հոգեւոր կազմակերպություններից չգան, քանի որ մատաղ է մատուցվելու»։

Այժմ մեջբերենք «Որոտանում» տպագրվածը՝ համեմատությունը, անհրաժեշտ եզրահանգմամբ, թողնելով ընթերցողին. «Սիսիանի  քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյան օրվա հյուրերին, պատվիրակներին անուն առ անուն մատաղի սեղանի մոտ հրավիրելիս միկրոֆոնով հայտարարել է, որ… սեղանին չմոտենան սիսիանցի մեծերն ու երեխաները…»:

Զարմանալով քաղաքապետի՝ իրեն մատնող «արդարացումներից», «ժողովուրդ» թերթի լրագրող Տաթեւ Հարությունյանը եզրակացնում է՝ «Թե կողմերից ով է ավելի մոտ ճշմարտությանը, թերեւս միայն միջոցառմանը մասնակից սիսիանցիները կարող են ասել»:

Իսկ նրանք՝ միջոցառմանը մասնակից սիսիանցի երիտասարդները հաստատեցին ոչ միայն դա, այլեւ եղծված մատաղի մասին մեր հրապարակումից հետո դիմում էին մեզ, թե ինչու մեր հոդվածում չենք գրել նաեւ նույն օրը մատաղի տարածքում բռնկված մեծ չափերի հրդեհի, տեխնիկական կողմն ապահովող աշխատակիցներից մեկի՝ հոսանքահարվելուց ջուրն ընկնելու եւ մեջքը վնասելու, տեխնիկական խոտանի պատճառով երգչախմբի ելույթը ծրագրից հանելու եւ այլ թերությունների մասին: Սակայն նրանց ամենից շատ զայրացրել եւ վիրավորել էր այն, որ Շաքեի կիրճի գիշերային հրավառությունից հետո մատաղի եւ քայլերթի կազմակերպիչը, «դասալիքի», ուտող-ուրացողի իր բնույթին բնորոշ, երիտասարդներին լքել էր «դեպքի վայրում» եւ ծլկել իր «հեծելազորով» ՝ մեքենաներով ու գնացել տուն, բացառապես չանհանգստանալով, թե գիշերվա ժամին Շաքեի այծոտն կածանով, մթության մեջ «Աղասու» տոvorotanնին շուք ու իմաստ տվող երիտասարդները, որոնց զգալի մասը աղջնակներ էին, ինչպես եւ ինչո՞վ են Սիսիան վերադառնալու:

Աղասու համար դա բնավ արդեն էական չէր, էականը շոուն էր, որ սարքել էին «տելեվիզորով» ցուցադրվելու եւ ինչ-որ երիտասարդական ձախողված մայրաքաղաքի անհաջող տպավորություն սարքելու համար:

Ի դեպ, քայլերթի մասնակիցներից շատերը, ովքեր ուսանող են, լուրջ մարդիկ, Երեւաններում շատ բան տեսած ու հասկացած, մեզ տեղեկացնում էին, որ հայտարարվել է կոնկրետ տարիք՝ 16 տարեկանից ցածրերին են արգելել մոտենալ մատաղի սեղանին, ու մեկնաբանում էին, թե ինչո՞ւ հատկապես այդ տարիքն էին մատաղի կազմակերպիչները «մատաղ հյուրասիրելու» շեմ ընտրել. 16 տարեկանից ցածրերը 2 տարի հետո կայանալիք տիմ ընտրություններում պոտենցիալ ընտրաձայն չեն՝ ըստ Աղասու…

Աղասն իր մատաղաեղծման փաստը փորձում է արդարացնել ասելով՝«ի սկզբանե խնդրել էինք, որ երեխաներն ինչ-որ հոգեւոր կազմակերպություններից չգան, քանի որ մատաղ է մատուցվելու». Ի՞նչ է՝ «նրանց» անձա՞մբ է ճանաչում, թե՝ի՞նքն էլ «նրանցից» է

Եվ այս մասին բարձրաձայն խոսում է մեկը, ով համայնք է ղեկավարում, ով գիտի, որ կան «երեխաներ ինչ-որ հոգեւոր կազմակերպություններում» եւ չի փորձում կանխել նրանց գործունեությունը իր ղեկավարած համայնքի տարածքում, բայց՝ արգելում է մատաղի սեղանին մոտենա՞լ…

Մարդը եթե մի քիչ էլ կարդացած լիներ, կիմանար, գոնե, որ Աստծո համար իր մոլորված մեկ գառանը դարձի բերելը, թեեւս, ավելի կարեւոր էր … Մատաղ եղծողը որտեղի՞ց դա իմանար…

Դրա փոխարեն, սակայն, Սիսիանի քաղաքապետ Աղասն այնպիսի բաներ գիտի, որ…հայ գիտական ու երկրաբանա-աշխարհագրական մտքի նախանձը կշարժի. մատաղ եղծողը, պազվում է, նաեւ մեծ «գույտի» հեղինակ էԱղասը «հայտնաբերել է», որ աշխարհի՝«աղբ արտադրող» միակ գետը Հայաստանում է, Սյունիքում, եւ այդ գետը…Որոտանն է…

«Դե, Որոտաննաղբ է արտադրում այդ գետը, եւ գետին, բնականաբար, պետք է նմանվի, ցավոք սրտի»,-ասել է Սիսիանի քաղաքապետը «Հրապարակի» լրագրողին:  

Տեսնես՝ Սյունյաց լեռնաշխարհի մայր գետը՝ բոլորիս սիրելի քաղցրահամ, զուլալ, պաղշիթ, բանաստեղծական ու Սահյանական Որոտանը այդ ինչպե՞ս է «աղբ արտադրում», բայց որ իր ղեկավարած համայնքում՝ հանրապետությունում  բացառիկ՝ Սիսիանի «ջրային հայելիները» «աղբ են արտադրում», որպես համայնքի ղեկավար, ինքը դա չի տեսնում, իր պետքը չէ,  որովհետեւ «աղբ արտադրող» Որոտան գետի եւ նրա վտակ Շաքեի ջրով աշխատող երկու հեկ միայն «մաքուր» փող են «արտադրում» իր համար…

Մի հարցի մասին եւս. եղծված մատաղի մասին «Որոտանի» հրապարակումը «Ժողովուրդ» թերթին տված իր պատասխանում Աղասը «որակել է իր անձի նկատմամբ իրականացվող սադրանք»:

Ասենք, որ «իր անձը» որպես ձախողված, չստացված եւ չկայացած քաղաքապետ, ում նաեւ օրումեջ ոստիկանության քննչական բաժին են կանչում ու ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել, վաղուց եղած-չեղածի հաշիվ է, եւ ինքն է միայն, ներքին սպառման համար, իրեն փորձում արժեւորել՝ «սադրանքի» օբյեկտ դիտվելու մարմաջով, եւ «հավաստիացնում անգամ, որ գիտի` ով է «Որոտանի» հրապարակման պատվիրատուն, սակայն հրաժարվում է անունը նշել»:

Ինչպես ինքն է իր կյանքում եղել կատարող, հաճկատար, ինչպես ինքն է իր ենթակայության աշխատողներին «պատվերներ իջեցնում» ու ճակատագրական պահին՝ «քցում-փախնում», նույն կերպ պիտի մտածեր այլոց մասին: Սակայն Սիսիանի ողջախոհ մասսան, անգամ՝ իր ղեկավարած քաղաքապետարանի աղխատողները եւ իր շրջապատի մարդիկ սեփական փորձով գիտեն, որ «Որոտանը» երբեւէ պատվեր չի կատարել, չի կատարում, հանգամանք, ինչը ընկալելի չէ Աղասուն եւ հասու չէ «պրոֆեսիոնալ օճառագետի» իր պատկերացումներին…

Ուրիշ բան, սակայն, որ Աղասն ինքը սեփական խոսքի հարգն ու գինը չգիտի, եւ որեւէ մեկի մոտ դա կասկած չի հարուցում, այլապես ի՞նչ ասես այն տղամարդուն, այն պաշտոնյային, այն քաղաքապետին, ով շատ «ինքնավստահ» «հավաստիացնում է», որ «պատվիրատուի անունը գիտի», բայց …հայտնի Վերգոյի նման վախենում է անուն տալ:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
02.09.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *