ԱՂԵՏՆԵՐԻ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ. Ի՞ՆՉ Է ԱՅՆ

ՀՀ եւ Շվեյցարիայի կառավարությունների միջեւ կնքված համագործակցության ծրագրերի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության, ՀՀ առողջապահության նախարարության եւ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան աջակցությամբ հանրապետության 4 մարզերում (Շիրակ, Լոռի, Տաուշ, Սյունիք) իրականացվում է «Աղետների բժշկություն» ծրագիր, որի սեմինարներից եւ դասընթացներից մեկը կազմակերպվել էր Սիսիանում, քանի որ Սիսիանը համարվում է արտակարգ իրավիճակների` ռեգիոնալ հենակետային կենտրոն: Մոտիկ լինելով Եղեգնաձորին, Սիսիանում անցկացված վարժանքներին եւ սեմինար պարապմունքներին մասնակցեցին նաեւ Եղեգնաձորի բժիշկներն ու բուժաշխատողները:
Թեմայի շուրջ մեզ հետ զրուցում է արտակարգ իրավիճակների ակադեմիայի դասախոս, աղետների բժշկության առաջին օգնության եւ հոգեբանության մասնագետ, «Սպիտակ» փրկարարական ջոկատի բժիշկ, բժիշկ-թերապեւտ, արցախյան պատերազմի մասնակից Գրիգոր Ամատունին: Նրա հետ մեր հանդիպումը կայացավ Երեւանում:

-Պարո՛ն Ամատունի, ասացեք, խնդրեմ, ի՞նչ է նշանակում աղետների բժշկություն: Կարծես թե այն նոր տերմին է մեզանում եւ քիչ շրջանառված:
-Բժշկության մեջ կան շատ ոլորտներ, ինչպես` վիրաբուժությունը, գինեկոլոգիան, թերապեւտը, ստոմատոլոգիան, ճյուղերից մեկն էլ աղետների բժշկությունն է, որի դրվածքը Հայաստանում, հատկապես` մարզերում, վատթար վիճակում է: Իսկ քանի որ աղետներն անխուսափելի են, եւ որեւէ մեկը երաշխավորված չէ դրանից, միշտ պիտի պատրաստ լինել աղետի ժամանակ ոչ միայն բժշկական օգնություն ցուցաբերելուն, այլեւ` բժշկական օգնություն ստանալուն: Իսկ դրա համար, բնականաբար, պիտի ունենալ համապատասխան գիտելիքներ եւ պատրաստված «դիմակայել» աղետներին:
– Ինչպիսի՞ն են աղետները, եւ որո՞նք են աղետների բժշկության յուրահատկությունները:
– Աղետները բնական եւ տեխնիկական են (երկրաշարժ, սելավ, ջրհեղեղ, վթարներ, պայթյուններ եւ այլն), եւ ամեն մի աղետ ունի իր յուրահատկությունը: Ուստի աղետների բժշկությունը խիստ տարբերվում է քաղաքացիական բժշկությունից: Այն, ինչ առհասարակ կարելի է եւ թույլատրվում է քաղաքացիական բժշկության մեջ, արգելվում է աղետների բժշկության մեջ: Այն շատ յուրահատուկ, շատ նեղ, շատ բարդ մասնագիտություն է, քանի որ կիրառվում է էքստրեմալ, ոչ ստանդարտ, անբնական իրավիճակներում եւ ունի իր խիստ առանձնահատկությունները, որոնք չպահպանելու դեպքում ոչ միայն առաջին օգնություն չես կարող ցուցաբերել տուժածին, այլեւ` շատ հնարավոր է սխալ «օգնության» դեպքում կորցնել նրան:
Աղետի, օրինակ, ասենք, երկրաշարժի ժամանակ աշխատում ես փլատակների մեջ կամ` փլատակների տակ, սուղ, նեղ պայմաններում, ժամանակի սղության մեջ, հոգեբանական լարվածությամբ, ինչը չես համեմատի առօրյա պայմանների հետ: Հայիթիի ցունամիի ժամանակ, օրինակ, տուժածին օգնության էին հասնում 8 ժամ հետո, ինչը խիստ ազդում էր օգնության արդյունավետության հավանականությանը:
Աղետի բժշկության առանձնահատկություններից, գուցե` ամենաահավոր բարդություններից մեկը երկարատեւ ճզմվածության համախտանիշի սինդրոմն է: Երբ մարդ երկար ժամանակ մնում է սեղմված վիճակում եւ հարկադրական դիրքում, ի հայտ են գալիս սինդրոմի ախտանիշները, առաջանում են թույներ, եւ, որեւէ լուրջ վնասվածք չունենալով, տուժածը կարող է մահանալ: Այս մասին, ցավոք, իմացանք Սպիտակի երկրաշարժի ժամանակ:
-Ասացեք, խնդրեմ, ի՞նչ նպատակ էր հետապնդում «Աղետների բժշկություն» թեմայով սեմինարի եւ վարժանքի կազմակերպումը:
– Նպատակը իրազեկել, սովորեցնել, նախապատրաստելն էր, քանի որ «Աղետների բժշկություն» նեղ մասնագիտացում դեռեւս մեզանում չկա, ուստի սեմինարի եւ վարժանքների միջոցով փորձում ենք քաղաքացիական բժիշկներին եւ բուժաշխատողներին նախապատրաստել եւ սովորեցնել աղետների բժշկության հիմունքները, աղետների բժշկության հոգեբանությունը:
Լուրջ հիմնախնդիր է աղետների հոգեբանությունը, ինչը հոգեբանության մեջ շատ ծանր ու լուրջ ուղղություն է: (Հիշեք Երեւան-Սոչի, Թեհրան-Երեւան ավիավթարները, երբ ողջ երկիրն էր հոգեբանական ստրեսի մեջ եւ բազմաթիվ նման դեպքեր): Նման աղետների ժամանակ հոգեբանական լարվածությունն այնքան է մեծանում, որը կարող է կոնֆլիկտ առաջացնել տուժածի եւ փրկարարների միջեւ: Նման բախումներից եւ կոնֆլիկտներից խուսափելու համար հարկավոր է հոգեբանորեն նույնպես պատրաստ լինել աղետների վիճակում ոչ միայն օգնություն ցուցաբերելու, այլեւ` օգնություն ստանալու:
Աղետների ժամանակ շատ կարեւոր է օգնություն ցուցաբերելու գործընթացում առաջնահերթության եւ հերթականության գնահատումն ու պահպանումը, ինչը, բնականաբար, կկրճատի կորստի հավանականությունը: Ես կարծում եմ, որ եթե թե Սպիտակի երկրաշարժի, թե Արցախի պատերազմի ժամանակ  պատկերացում ունենայինք եւ տիրապետեինք աղետների բժշկությանը, կորուստներն անհամեմատելի քիչ կլինեին: Այդ ժամանակ բուժօգնությունը ցուցաբերում էին քաղաքացիական բժիշկները` էքստրեմալ իրավիճակում ինքնստինքյան վերածվելով աղետի բժշկի:
-Ձեր կարծիքով` քառօրյա սեմինար-վարժանքը կարո՞ղ էր արդյունավետ լինել, Դուք ստացա՞ք գոհացուցիչ արդյունք:
-Որպես սկիզբ, կարելի է դրական համարել ու արդյունավետ հենց միայն նրա համար, որ մարդկանց գիտակցության մեջ կարեւորվում է աղետների բժշկության հասկացությունը, անհրաժեշտությունը, կարեւորությունը:
Զարմանալին ու տարօրինակն այն էր, որ մեր քաղաքացիական բժիշկները սկզբում լուրջ չէին վերաբերվում դրան, մտածելով, որ 30-40 տարի աշխատում են առողջապահության ոլորտում եւ իրենց համար այն գաղտնիքներ կամ բացահայտելու կողմեր այլեւս չունի: Բայց հետո, երբ մասնակցեցին սեմինարին եւ վարժանքներին եւ իրենց մաշկի վրա զգացին դրա դժվարությունն ու առանձնահատկությունները, իրենք խոստովանեցին, որ գրեթե ոչինչ չգիտեն աղետների բժշկության առանձնահատկությունների  մասին եւ ցանկացան սովորել ու յուրացնել, խնդրելով անգամ դրանք դարձնել շարունակական:
-Քանի որ աղետը, բնական թե տեխնածին, արտակարգ իրավիճակ է, բնականաբար, այն միայն բժիշկներ չի ենթադրում:
-Այ՛ո, իհարկե՛: Սեմինարից հետո գործնական պարապմունքների ու նախավարժանքի կազմակերպման նպատակներից մեկն էլ այն էր, որ արտակարգ իրավիճակների փրկարար ջոկատն ու բժիշկները սովորեն աշխատել զուգահեռ եւ համատեղ, եւ պատահական չէ, որ Սիսիանի հրշեջ ջոկատի բակում է հենց տեղակայված ռեգիոնալ հենակետը, որտեղ եւ անցկացվեցին համատեղ վարժանքները:
Քանի որ այն նաեւ պետական ծրագիր է, ենթադրում է նաեւ մարզային իշխանության աջակցություն, որովհետեւ աղետների ժամանակ տվյալ մարզի մարզպետը, ի պաշտոնե, դառնում է աղետի վերացման շտաբի պետը:
-Դուք ինքներդ որպես աղետների բժիշկ ինչպե՞ս եք սովորել եւ ի՞նչ ճանապարհ եք անցել;
– Որպես քաղաքացիական բժիշկ` բուժօգնություն եմ ցուցաբերել երկրաշարժից տուժածներին, արցախի պատերազմի վիրավորներին: Ստեղծել եմ «Սպիտակ» փրկարարական ջոկատը, որը մինչ հիմա գործում է: Բոլորս էինք քաղաքացիական բժիշկ: Մեկը` շատ, մեկը` մի քիչ քիչ, բայց բոլորս սեփական փորձով եւ գործնական մասնակցությամբ ձեռք բերեցինք աղետի բժշկի փորձը, հմտությունը, եւ հիմա ինքներս ենք սովորեցնում: Երկրաշարժն ու պատերազմը շատերիս «դարձրեց» աղետի բժիշկ:
-Առաջին անգամը լինելով` ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք;
-Սկզբում, այո, եղան, քանի որ, ինչպես ասացի, գործընթացին լուրջ չէին վերաբերվում ինչպես իրենք` բժիշկներն ու բուժաշխատողները, նաեւ` իշխանությունները,  տվյալ դեպքում, Եղեգնաձորի մարզպետը, կարծելով, որ միայն 60-70 տարեկան մարդկանց սեմիանրի ուղարկելով իրենց պարտականությունը կատարել են: Հետո իրենք հասկացան խնդրի լրջությունը եւ իրենք էին խնդրում կազմակերպել այդօրինակ սեմինարներ ու վարժանքներ:
-Որպես աղետների բժշկության մասնագետ եւ սեմինարավար, ի՞նչ եզրակացության եկաք:
-Ասում են, չէ, խեղդվողի փրկությունն իր ձեռքում է: Աղետի մեջ ընկած մարդը թե իրեն, թե ընկերոջը կարող է փրկել միայն այն ժամանակ, երբ ուզում է փրկվել եւ դրա համար ջանում է ու պայքարում: Իսկ դրա համար պիտի բավարար գիտելիքներ ունենալ եւ պատրաստված լինել բոլոր իրավիճակներում: Պատրաստ լինել գիտելիքով, հոգեբանորեն, տեխնիկապես, ինչը վերաբերում է թե բնակչությանը, թե` իշխանություններին: Եվ միայն այդ ժամանակ է, որ կորուստները քիչ կլինեն:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *