ԱՄԱՆՈՐԻ ՇԵՄԻՆ. Փնտրեք ձեր փոքրիկ ուրախությունը…

Դգոհ մարդը առաջին հերթին իր կյանքն է բարդացնում: Հետո` շրջապատի: Անգամ` իրենք` դժգոհ ու փնթփնթան մարդիկ են խուսափում նրանցից` նրա մեջ տեսնելով իրենց: Մարդը սփոփանքի կարքի ունի, մարդը հասկացված լինելու կարիք ունի, մարդը շրջապատված լինելու կարիք ունի, մարդը … սիրվելու կարիք ունի…ու ձգտում է դեպի լավատես, պայծառ մարդը, ձգտում է դեպի դրական մարդը` լուսավոր ու ոգեւորող լիցքեր ստանալու, վատ տրամադրությունը փարատելու եւ լավատեսությամբ լցվելու համար…

Մեր շրջապատում կան մարդիկ, որ կարող են տոնածառի մի խաղալիքով իրենց բավականություն պարգեւել, կան մարդիկ, որ կարող են բանաստեղծական մի տողով իրենց հրճվանք պարգեւել, կան մարդիկ, որ ունակ են իրենք իրենց օրը տոն դարձնել` ուրիշի ուրախությամբ ուրախանալով… կան մարդիկ, որ Աստծո ամեն օրը պարգեւ են համարում` փառք տալով աստծուն եւ բացվող օրվան… Կան… Իսկ ո՞վ ասաց, որ նրանք հոգս չունեն, խնդիր չունեն, ցավ չունեն, վիշտ չունեն…

Մարդիկ ձգտում են դրական, լավատես, հոգու լույս եւ մտքի խաղաղություն ունեցող մարդկանց: Փորձեք փնտրել ձեր փոքրիկ ուրախությունը` ուրախություն պատճառելով ինքներդ ձեզ եւ շրջապատին, ու կլինեք սիրված, սիրող, սպասված, փնտրված: Ասում են` քչով չուրախացողը շատից էլ չի ուրախանա, փոքրը չգնահատողը մեծն էլ չի գնահատի: Փնտրեք ձեր փոքրիկ ուրախությունը…

Ամանորի շեմին եւ դրանից հետո, եւ` ամեն օր որպես աղոթք արտաբերեք հայոց Հացին երգչի աղոթահունչ այս տողերը`

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա

Հզոր ու անկեղծ խոսքը հետադարձ ուժ ունի, եւ այդ ուժի օրենքով մի հոգաչափ կավելանա բարին այս հոգսը շատ ու մեղքը շատ աշխարհի վրա, եւ այդ ուժի օրենքով մի սրտաչափ սերը կավալենա այս անսեր ու անտեր աշխարհի վրա, եւ այդ ուժի օրենքով մի ափաչափ իմաստնությունը կավելանա այս ծեր ու ծծկեր, այս իմ ու ձեր աշխարհի վրա…

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ եւ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Սիրով` «ՈՐՈՏԱՆ»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *