ԱՄԵՆԱԹԱՆԿԸ ՎԱՐՊԵՏԻ ԱՆՈՒՆՆ Է

ՆՐԱՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ


73 տարի է թիկուքում թողել վարպետ Վոլոդյա Ծատրյանը: Աշխատանք գտնելու, «մարդ դառնալու», կայանալու մղումը մրան էլ շատ ույծեցիների նման 1952 թվին տարել-հիմնավորել է սեւ ոսկու քաղաքում, երբ ընդամենը 15 տարեկան էր: Հոր` Ոսկանի բազմանդամ ընտանիքը, որ մեծ քաղաք էր տարել նաեւ գյուղացու պարզությունն ու պարկեշտությունը, աշխատասիրությունն ու անկեղծությունը, պիտի հարմարվեր մեծ քաղաքի վարք ու բարքին, սեւ քաղաքի մարդկային փոխհարաբերություններին, միաժամանակ` անխաթար պահեր գյուղի մարդու անկեծությունն ու պարզությունը: Երիտասարդ Վոլոդյան շուտ մերվեց, շուտ հարմարվեց, շուտ «հագավ» քաղաքաբնակի «զգեստը», որովհետեւ շատ շուտ գտավ կայացման, դրսեւորման իր ճանապարհը: Արհեստ պիտի սովորեր, որոշված էր, գուցե` հյուսն, գուցե` կոմունալի աշխատող, ինչպես իր հայրը, բայց պատանու դիտողական աչքը մի օր կարի արտելի ցուցափեղկից նկատել է կտորի սմ-ը վզով գցած վարպետին, տպավորվել այդ պատկերով, որն էլ կանխորոշել է նրա ապագան ու ճակատագիրը. վճռված էր` Վոլոդյան պիտի հագուստ, զգեստ կարող դառնար …Ու ահա 56 տարի կտորի սմ-ը վարպետ Վոլոդյայի վզին է, թելն ու ասեղը` ձեռքին: «Ընդամենը 2 տարի հետո անունս դուրս եկավ որպես լավ կարող վարպետ,- ասում է Վոլոդյա Ծատրյանը,-Բաքվի նշանավոր պաշտոնյաներն արդեն ինձ մոտ էին պատվիրում կարել իրենց հագուստներն ու կոստյումները մինչեւ… մինչեւ 88 թ.-ը»:
Սեւ քաղաքը լավ վարպետների, լավ արհեստավորների պակաս չի ունեցել` հայեր, ռուսներ, հրեաներ, եւ վարպետների մեջ վարպետանալը, անուն հանելը այնքան էլ դյուրին չէր: Բայց Վոլոդյա Ծատրյանը կարողացել է այնքան վարպետանալ ու համբավ ձեռք բերել, որ, ինչպես ինքն է մի առանձին խանդավառությամբ պատմում, դարձել է հայր Ալիեւի անձնական կարող-վարպետը:
Հիմա, տարիների հեռվից, 88-ի արյունոտ իրադարձություններից, տեղահանությունից, գաղթից, ազգային մերօրյա սրված փոխհարաբերություններից հետո միգուցե այն իմաստը չի ունենա հայր Ալիեւի անձնական վարպետը լինելու իրողությունը, բայց… այն ժամանակ, այն տարիներին, երբ ամեն ինչ «ինտերնացիոնալ» էր, «խաղաղ ու անկեղծ», մեծ պատիվ էր ցանկացած վարպետի համար երկրի առաջին դեմքի հետ առնչվելը, նրա հագուստը կարելը, ու ամենքին չէ, որ կարող էր տրվել այդ կոչումը: Վարպետ Վոլոդյան պատմում է, որ 88-ի դեպքերի ժամանակ իրեն եւ իր ընտանիքին, նշանավոր այլ մարդկանց` բժիշկների, գիտնականների առաջարկում էին մնալ Բաքվում, ապրել ու աշխատել ինչպես առաջ, բայց` արդեն «հացը հարամվել էր», ու…սեւ քաղաքը պիտի դառնար անցյալ, սեւ քաղաքում ապրած կյանքը` լավ ու վատ օրերի հուշադարան, հայր Ալիեւի անձնական կարող վարպետը լինելու կոչումը` առօրյա զրույց` որակյալ կարից, հագուստից ու լավ կոստյումից հասկացող հաճախորդների հետ:
Ափսոսում է թե չի ափսոսում իր` սեւ քաղաքում ապրած 37 տարիների կյանքը, որ նման դառը վերջաբանով պիտի ավարտվեր, չի կարող ասել, եւ ոչ ոք չի կարող ասել, բայց վարպեր Վոլոդյան կարոտախտ չունի անցյալի հանդեպ, ետ նայել չկա. «Ապրել ենք, պրծել-գնացել է,- ասում է նա,-հիմա ապրում ենք այն կյանքը, որը մեզ է տրված»: Չնայած շնորհակալ է Բաքվից, որ իրեն վարպետ դարձրեց, շնորհակալ է ճակատագրից, որ Բաքվում իրեն հանդիպեցրեց սիրելի վարպետ Անատոլի Սեմյոնովիչին, ում հմուտ ձեռքի տակ ինքն էլ վարպետացավ: Շնորհակալ է նաեւ ինքն իր ձեռքից. իր ձեռքն, ի վերջո, իր անունին համբավ բերեց:
Վարպետ Վոլոդյային հարցրի, թե ինքն ինչպես է վերաբերում 88-ի հայտնի` «Ոսկե ձեռքերը գնացին, ոսկե ատամները եկան» դարձվածքի հնչեղություն ստացած խոսքերին, ասաց, որ Վեզիրովի այդ խոսքերը ոսկե տառերով պիտի գրվի այդ ժամանակաշրջանի պատմության մեջ, որովհետեւ դա նաեւ Բաքվի հայ վարպետների վաստակի ամենամեծ գնահատականն էր ու որակավորումը: Եւ, այնուամենայնիվ, երբեք ետ չի դառնա այն քաղաքը, ուր ապրել է 37 տարի, ուր անուն, համբավ, հեղինակություն է ձեռք բերել, իր ոսկե ձեռքերի համար պարտական է նաեւ քաղաք Բաքվին, բայց կյանքը ոչ թե ետ է գնում, այլ` առաջ, ու ինքը դեռ սիրում է կյանքը, իր աշխատանքն ու իր կարի մեքենան: «Ափսոս, միայն, որ մարդկությունն է շատ պակասել, ու մարդկայինի մեծ դեֆիցիտ կա»,- ասում է վարպետ Վոլոդյան, պակասել են իր ինտելիգենտ, քաղաքավարի, բարեկիրթ հաճախորդները ոչ թե նրա համար, որ իր ձեռքն է տկարացել, այլ որ` հեռանում են մարդիկ էս քաղաքից, էս երկրց: Ու՞ր: Որտեղ հաց կա՞: Ինքն էլ էր մի ժամանակ հացի ետեւից Բաքու գնացել…Հիմա` ու՜ր է Բաքուն, ու՜ր է ինքը…
88-ի դեկտեմբերի 11-ին է Վոլոդյա Ծատրյանի ընտանիքը Բաքվից Սիսիան տեղափոխվել: Ինչպես ասում են` արհեստավորը մինչեւ կեսօր է քաղցած մնում, բայց նա մինչեւ կեսօր էլ քաղցած չի մնացել. իր վարպետությունը հիմա էլ հայրենակիցներին է ծառայեցրել, աշխատել է Սիսիանի կենցաղսպասարկման կոմբինատում: Արհեստանոցի սենյակներից մեկը մասնավորեցրել է ու մինչ օրս աշխատում է նույն սիրով, նույն վարպետությամբ եւ նույն եռանդով, հաճախորդի հանդեպ նույն պատասխանատվությամբ, իր արհեստի նկատմամբ` նույն հարգանքով: «10 տարի ջահել լինեի,- ասում է վարպետ Վոլոդյան,-դեռ էնքան եռանդ ունեմ աշխատելու, էնքան սեր… Արհեստավորը որ փողի ետեւից ընկա՜վ…»:
Ինքը գնահատում է իր աշխատանքը, իր վարպետությունը, իր ձեռքը, եւ` թանկ է գնահատում, որովհետեւ այն վաստակել է` վարպերի բարձր կոչումով, իսկ վարպետի կոչումը, ասում է, ամենաթանկն է իր համար եւ այդկերպ է թելն ու ասեղը ձեռքում պահելու մինչեւ կյանքի վերջ…

Ա. ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *