ԱՄԵՆԱԿԱՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԸ, ՈՐՏԵՂԻՑ ԱՐՏԱՀՈՍՔ ՉԿԱ

ԻՇԽԱՆԱՍԱՐ.


Առաջին տպավորությունը, որ ստանում ես Իշխանասար մտնելիս, հաճելի զարմանքն է: Հենց գյուղի մուտքի մոտ քեզ «դիմավորում է» դպրոցի նորակառույց գեղեցիկ շենքը` լրացնելով գյուղամիջյան համապատկերը:
Դասասենյակները տաք են, լուսավոր, տրամադրող:
Իշխանասարի համայնքապետարանն էլ է տեղակայված դպրոցի շենքում: Համայնքի ղեկավար Մարատ Պետրոսյանը նույնպես չթաքցրեց իր ուրախությունը նման շենք ունենալու առթիվ եւ ասաց, որ, այնուամենայնիվ, այն հեշտ չի կյանքի կոչվել: «Գյուղում նոր դպրոցի շենք ունենալու աշխատանքները սկսել ենք 2004 թ.-ից: Նախկին դպրոցը տեղակայված էր մասնավոր շենքում, որը վթարային էր, եւ ամեն վայրկյան կարող էր փլվել երեխաների գլխին: Իսկ 5-6-րդ դասարանից գյուղի երեխաները հաճախում էին Սիսիանի դպրոցներ: Բազմիցս դիմել ենք ամենատարբեր կազմակերպությունների, ներկայացրել իրավիճակը: Դպրոցի շենքի կառուցումն իրականություն դարձավ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, Հայաստանի Սոցներդրումների հիմնադրամի եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ: Կարծում եմ` իզուր չէ, որ 4-5 տարի գլուխս խրամատի չոր քարին եմ դրել: Այսօրվա համար է եղել, եւ ես բավականություն եմ զգում, որ իմ ջանքերը տվել են այս արդյունքը»: Հետո նույն գոհունակությամբ ասում է նաեւ, որ Իշխանասարի նման գյուղի համար որքան կարեւոր եւ առաջնային էր գազիֆիկացումը, ինչը նույնպես հաջողությամբ է լուծվել 2008-ին: «Թեեւ գազի գները թանկացան, եւ այսօր շատերն են իրենց տները տաքացնում ավանդական եղանակով, բայց բնակիչների 30-40 %-ը գազ են անցկացրել: Համայնքում իրականացված մի շարք սոցիալական ծրագրերի համայնքային ներդրման մասնաբաժինը ապահովել են հենց այդ հիմնադրամները: Եթե մանկապարտեզի հարցն էլ լուծե՜նք…»,-ասում է Մարատ Պետրոսյանը, հետո ավելացնում, որ դրա հավանականությունը նույնպես մեծ է, քանի որ ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳԻ ՊՀ-ի հետ ձեռք բերած համ2011_7աձայնության արդյունքում ԾԻԳ-ը պարտավորվել է 17,500 դոլար տրամադրել մանկապարտեզին` գույքի եւ կահավորման համար, եթե համայնքը լուծի համապատասխան շենքի հարցը: «5-6 լրացուցիչ աշխատատեղ կբացվի համայնքում ,- ասում է Մ. Պետրոսյանը եւ հավելում,- կարծում եմ` կառավարությունն էլ կաջակցի մեզ` ավելացնելով համայնքային դոտացիան, որով կլուծվի աշխատողների աշխատավարձի հարցը»:
Գյուղում գործում է գրադարանը, բուժկետը, կան խաղասենյակներ, ուր նարդի, բիլիարդ են խաղում:
Համեմատաբար երիտասարդ գյուղ է Իշխանասարը: Երիտասարդ` ոչ միայն նոր բնակավայր լինելու իր 20-22 ամյա կենսագրությամբ, այլեւ` բնակչության միջին տարիքով: Ադրբեջանցիների հեռանալուց հետո այստեղ վերաբնակեցվեցին Բաքվի, Սումգայիթի փախստականները: Քաղաքային կյանքին սովոր նոր բնակիչները չկարողացան հարմարվել գյուղական դժվար կենցաղին, եւ շատերը լքեցին գյուղը: Բայց, ի տարբերություն ադրբեջանաբնակ եւ փախստականաբնակ այլ գյուղերի, Իշխանասարում վերաբնակեցումը այլ կերպ կազմակերպվեց: Շատ արագ այստեղ տեղափոխվեցին երիտասարդ ընտանիքներ Բռնակոթից, Անգեղակոթից, Սիսիանից, արագ կանխվեց բնակելի տների հետագա քանդումը, արագ բնակեցվեցին դատարկ, զբաղեցրած, բայց` անբնակ տները, եւ Իշխանասարը շատ արագ կազմավորվեց որպես նոր բնակավայր, նոր համայնք` ստեղծելով նաեւ իր ավանդական նիստ ու կացը, բարքերն ու սովորույթները:
Իսկ թե ինչով էր դա պայմանավորված մեր հարցադրմանը համայնքի ղեկավարը մի քանի բացատրություն տվեց` ասելով. «1999 թ.-ին երբ դարձա գյուղապետ, գյուղում կար 66 ընտանիք, հիմա` 80: Գյուղի կայունացմանը, այսօր կարող եմ ասել` նաեւ առաջընթացին նպաստող մի շարք հանգամանքներ կան. նախ` մայրուղուն մոտ լինելը ¥ընդամենը` 700-800 մետր¤, Սիսիանին մոտ լինելը ¥ընդամենը 4 կմ¤, հողերի` 2-րդ փուլով սեփականաշնորհումը, սոցիալ-կենցաղային հարցերի լուծումը, ինչը սկսվել է խմելու ջրի հարցի լուծումից: Չժխտելով նախորդ համայնքապետի դերը այս գործում, որը դեռեւս 1999-ին էր ձեռնամուխ եղել դրան, այն վերջնական լուծում ստացավ իմ պաշտոնավարման առաջին տարում, եւ ձորի մյուս ափին գտնվող թաղամասը նույնպես ապահովվեց խմելու ջրով` վերջ դնելով վեճերին, կռիվներին, էշով, ձիով, դույլերով ջուր կրելու տանջանքին: ԻՖԱԴ-ի ծրագրով Մուխուրթուրյան-Գորիս ջրատարից լրացուցիչ խողովակ անցկացվեց գյուղ, եւ բոլոր տներն այսօր ապահովված են խմելու ջրով: Լուծված է ոռոգման ջրի խնդիրը, ինչի արդյունքում 270-300 հեկտար դարձել է ջրովի: Ջուրը կա, գազը կա, դպրոցը կա, հողը, անասունը կա, մարդիկ էլ աշխատասեր են, ստեղծում-ապրում են: Իշխանասարն այսօր տարածաշրջանի ամենակայուն գյուղերից է, որտեղից արտահոսք ոչ միայն չկա, այլեւ դիմում են համայնքում բնակվելու, ցավոք, ազատ տներ այլեւս չկան: Գյուղն ունի 314 բնակիչ, 2010-ին 9 ծնունդ է գրանցվել, դպրոցում սովորում է 25 աշակերտ, 20-նն էլ կրթությունը շարունակում են Սիսիանի դպրոցներում: Մտադիր ենք ապահովել դպրոցի` հիմնականի կարգավիճակը, ինչը նույնպես շատ հավանական է, քանի որ այն կառուցված է 60 աշակերտի համար: Իշխանասարի` կայուն համայնք դառնալու գործում չեմ բացառում նաեւ համայնքի ղեկավարի իմ դերը»,- ասաց Մարատ Պետրոսյանը, հավելելով, որ ունի նաեւ գրագետ, բանիմաց, գիտակ աշխատակազմ, ինչը նույնպես շատ կարեւոր է համայնքի հոգսաշատ բնակչի հետ ճիշտ փոխհարաբերություններ հաստատելու համար:
Հանայնքում մի շարք ծրագրեր են իրկանացրել եւ իրականացնում են «Վորլդ Վիժն», Սիսիանի քաղաքացիական կենտրոն կազմակերպությունները, հատկացրել են անասուն, մեղու, տեղադրել ինկուբատոր, կերաղաց: «Չէ, դժգոհ լինելու պատճառ չունեմ, համայնքը կենսունակ է, ինձ էլ` միշտ սատարող»,-ասաց համայնքապետը:
Գրեթե ամբողջությամբ մշակվում են համայնքի` 551 հեկտար վարելահողերը, վարձակալության է տրված 400 հեկտարը, սեփականաշնորհված` 113-ը: Համայնքապետն ասաց, որ կարողացել են օրենքի շրջանակներում հանայնքին ետ վերադարձնել 9 փախստականի պատկանող 11 հեկտար հող, քանի որ այն արդեն տիրազուրկ էր` փախստականների հեռանալուց ի վեր: Եղել է նաեւ, որ 3-4 հոգի վաճառել են իրենց հողը: Վարձավճարները, գույքահարկը, հողի հարկը հավաքագրվում են 100%-ով:
Գյուղում առատ ձյուն էր եկել: Տարին, հավանաբար, բերքառատ կլինի: Իշխանասարում էլ: Համայնքապետի հավաստմամբ` համայնքին նույնպես կտրամադրվի գարու որոկյալ սերմացու: Որպես բարձրադիր գոտի, անցյալ տարի էլ ստացել են պետական սուբսիդիա: «Եթե կառավարությունն, իսկապես, մի քիչ մեծացնի իր ուշադրությունը գյուղի եւ գյուղատնտեսության նկատմամբ, գյուղը կշենանա, իրոք, կշենանա, որովհետեւ մարդիկ էլ աշխատող են, արարող, ստեղծող»,- ամփոփեց համայնքապետը:
Մի խնդիր, այնուամենայնիվ, չէր կարող վիրպել մեր ուշադրությունից. որքան էլ` կայուն ու առաջընթաց ապրող, գյուղի վրա եւ` մարդկանց հոգիների,  ճնշող տպավորություն են թողնում փլատակները, տների ավերված, կիսաքանդ պատերը, որ այս ու այն տեղից «բսնում» են հայացքիդ առաջ, որքան էլ փորձես չտեսնելու տալ կամ` «արհամարհել»: Մեր մտահոգությունը կիսեց նաեւ համայնքապետը, միաժամանակ հավելելով, որ դրանք վերաբնակեցման առաջին տարիներին քանդված տներն են, հիմնականում` վառելիքի հայթայթման նպատակով: «Ինչ այն ժամանակ քանդել-քանդել են, հետո արգելվեց, հատկապես իմ պաշտոնավարման շրջանում ոչ մի շինություն չի քանդվել, թույլ չենք տվել, անգամ` սեփականատիրոջը քանդման թույլտվություն չենք տվել: Սովխոզի նախկին բոլոր շենքերը, գոմերը պահպանվել են, մնում են, թեկուզ` սեփականաշնորված են, եւ համայնքինը չեն, բայց, ինչ իմանաս, գուցե մի օր պետք գան, կառուցելն է դժվար, քանդելը` 1-2 ժամվա բան է»:
Հին ու նոր կյանքի, վերջին 20 տարիների մեր պատմության ճիշտ ու ճիշտ վկայագիրն է Իշխանասարը, մի կողմից` որպես անցյալի ծանր իրողություն իր քանդված ու կիսաքանդ փլատակներով, մյուս կողմից` իր լուսավոր, գեղեցիկ, նորակառույց դպրոցի շենքով` որպես լավ ապագայի ու ամուր պետության երաշխիք:

ԲԱՔՈՒ-ԻՇԽԱՆԱՍԱՐ.
ՃԱԿԱՏԱԳՐԻ
ԽԱՉՈՒՂԻՆԵՐ


Վալերի Միքայելյանի ընտանիքը Բաքվից փախել է 1989-ին, իսկ Իշխանասարում հաստատվել է 1990-ին: Որդիները` Միսակը եւ Արթուրը 10-12 տարեկան էին, ինքն ու կինը` Անժելան, երիտասարդ, ու դեռ այնքան էլ չէին պատկերացնում, թե ինչ է սպասվում իրենց Իշխանասարում, եւ` ընդհանրապես: Բաքվի սպասելիքը գիտեին, ու դրա համար շատ արագ, անգամ տունը չհասցնելով փոխանակել, փախան այն քաղաքից, ուր ծնվել-մեծացե2011_8լ էին, ուսում ստացել, աշխատել, ընտանիք կազմել: Ինքը` Վալերին, երկու անգամ «բախտ է ունեցել» սեփական մաշկի վրա զգալ, թե ով է եւ ինչի է ընդունակ ադրբեջանցին, երկու անգամ գերեւարվելով նրանց կողմից, ենթարկվելով կտտանքների ու տանջանքների, կորցրել է տեսողությունը, դարձել 2-րդ կարգի հաշմանդամ:
Հիմա` տարիների հեռվից թե Վալերիկը, թե Անժելան, աշխատում են չհիշել անցյալը: Ապրում են ներկա կյանքով, ներկա հոգսով, ներկա ուրախություն-տխրությունով, ու իրականության հետ մի քիչ` հաշտ, մի քիչ`անհաշտ, բայց` հարմարված, ապրում են իրենց կյանքը` դառնալով համայնքի կազմակերպված, կայուն, ամուր ընտանիքներից մեկը: Իշխանասարում ապրելու առաջին օրերից էլ չվախեցան գյուղի կյանքից, չվախեցան գոմից եւ աթար վառելուց. «Հենց տեղափոխվել ենք, հավ ու հորթ ենք գնել սովխոզից,-ասում է Անժելան,- բա երեխաներին պիտի պահեինք, մեծացնեինք»:
Հիմա հավ ու հորթով, կով ու ոչխարով լիքն է նրանց բակն ու գոմը:
Վալերի Միքայելյանին հանդիպեցինք այն պահին, երբ գոմի` կեսօրվա գործերն էր անում: «Ռուսաստան չգնացինք,- ասում է Վալերին,-ոչ թե չցանկացա, այլ` ծածկ չունեի գլխիս վրա: Իսկ ես մի սկզբունք ունեմ` ծածկ լինի ու…իմը լինի: Իշխանասարն այդ առումով ապահով կարծեցի, գուցե նաեւ արմատներով լորեցի լինելու, Սիսիանում բարեկամներ ունենալու հանգամանքը, այդ տարիներին դեռեւս անորոշ ապագան ինձ «ստիպեցին» հարմարվել Իշխանասարում ապրելու մտքի հետ ու… բնավորվեցինք»: «Հիմա դու քեզ իշխանասարցի՞ ես համարում, լորեցի՞, թե՞…» հարցրեցի 59-ամյա Վալերիին: Պարզ հարցիս պարզ էլ պատասխանեց` «Կարամ` լորեցի էլ ասեմ, ծնողներս ծնունդով Լորից են, կարամ` իշխանասարցի էլ ասեմ, կարամ` հայաստանցի էլ ասեմ, բայց` ապրում եմ Իշխանասարում եւ այստեղ է նաեւ իմ ընտանիքը, հիմա նաեւ` իմ խնամի-բարեկամությունը»:
Վալերի Միքայելյանի ընտանիքը ամուր արմատներ գցեց Իշխանասարում, նրա մեկ ընտանիքը հիմա երկուսն է դարձել, որդին ամուսնացել է հենց հարեւանի աղջկա` Շողիկի հետ, ունի 2 զավակ, ապրում է առանձին` մեկով էլ ավելացնելով Իշխանասարի ընտանիքների թիվը: Միսակ որդին օրերս է ամուսնացել` հայ օջախի ավանդական ծես ու կարգով, եւ Անժելա ու Վալերի Միքայելյանների փոքր ընտանիքը ճյուղավորվել, մեծացել է: «Ոչ մի բանի համար չեմ փոշմանում, որ Իշխանասարը դարձավ մեր տունը, մեր օջախը, միակ բանը, ինչից սիրտս նեղվում է, այն է, որ եթե ուրիշ տեղ ապրեինք, որդիներս հաստատ բարձրագույն կրթություն կստանային, գուցե եւ այլ ճակատագիր ունենային, շնորհալի են, հասնող, օգնող: Բայց` ինչ կա, կա….,- ասում է Անժելան: -Հարմարվել-ապրում ենք` գյուղական կյանքին բնորոշ սովորույթներով, կարգ ու սարքով, խըդըր էլ ենք անում, աղի բլիթ էլ, ծնունդ-կնունք էլ, հարսանիք-թաղում էլ»:
Ոչ կարոտախտ կա` անցյալի, ոչ` գովերգում` ներկայի, մարդկային պարզ կյանք, որի իմաստը իրենք են գտնում, որը իրենք են իմաստավորում:«Հորթ է ծնվում, ուրախանում ենք, գառ է ծնվում, ուրախանում ենք, կարող է` մի շիշ օղի էլ գնենք, նշենք-ուրախանանք»,-ասում է Անժելան ու ժպտադեմ ավելացնում, որ ամեն մարդ ինքն է իր կյանքին գույն ու երանգ հաղորդում, ու ամեն մարդ ինքն է իմաստավորում իր կյանքը: Մարդու բնույթից էլ է: Եվ հետո` Բաքվի, Սումգայիթի ահ ու սարսափն ապրած մարդը լավ գիտի հայրենի հողում ապահով ու պաշտպանված ապրելու հարգը, որով էլ Իշխանասարում ապրում ու շարունակելու է ապրել Անժելա ու Վալերի Միքայելյանների` այժմ արդեն բազմանդամ ընտանիքը:

ԾՆՆԴԱՎԱՅՐ,
ՈՐԸ ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ Է


Եթե Վալերի Միքայելյանի համար հիմա այնքան էլ էական չէ` ինքը լորեցի է, իշխանասարցի, կարեւորն այն է, որ հայաստանցի է, ապա Սպարտակ Բաղիկյանը որ չասի էլ, նրա` ա2011_9նգեղակոթյան բարբառը հուշում է անգեղակոթցի լինելու մասին: Իսկ այ, նրա 3 զավակներն, անկասկած, արդեն իշխանասարցի են` ծնունդով, ծննդյան վկայականով, բնակության վայրով:
Սպարտակը հոր հետ Իշխանասար է տեղափոխվել 1991-ին, ինչպես ինքն է ասում` աշխատելու: Այն ժամանակ սովխոզը դեռ կար, աշխատուժի պահանջ կար, ինքն էլ` երիտասարդ, եռանդուն: Եկավ, գուցե նաեւ առանց ապագա կանխորոշելու: Բայց` ապագան արդեն կանխորոշված էր` ի վերուստ: 1996-ին ամուսնացավ Բաքվից փախած Անժելա Խալաֆյանի դեռատի աղջնակի հետ, ու 3 զվարթ զավակ ունի: 5-րդ դասարանցի Մարիամիկը դպրոցում էր, Ռոմանն ու Ալեքսը տունը լցրել էին մանկական հմայքով: «Եթե կյանքը մի քիչ լավանա, ապրելակերպը մի քիչ հեշտանա, մի երեխա էլ կունենամ,- ասում է Սպարտակի կինը` Ինգան, հետո ավելացնում, որ ինքը տան միակ երեխան է եղել, ու մայրն ու տատը շատ են ցանկացել շատ թոռներ ունենալ, հետո հանգիստ հեռանալ կյանքից»: Տատի փափագը կատարել է Ինգան, բայց ինքն էլ է  սիրում շատ երեխաներ:
Գյուղի ոչ միայն առաջին նորապսակ, այլեւ` երիտասարդ ընտանիքներից է Բաղիկյանների ընտանիքը: Սպարտակը մեխանիզատոր է, թեեւ բանեցնում է ուրիշի տեխնիկան, բայց` դժգոհ չէ: Կարողացել է տունն էլ վերանորոգել-կահավորել, կարեւորը` երեխաներին առողջ մեծացնելն է: Անգեղակոթ ետ գնալ չկա: Էնտեղ իր հայրական տունն է, էստեղ`իր:
Թեեւ հավաքովի է Իշխանասարի համայնքը` անգեղակոթյան, բռնակոթյան, բաքվի, սիսիանյան բառ ու բանով, նիստ ու կացով, բայց գուցե սա է նաեւ, որ այդպես ինքնատիպ ու առանձնահատուկ է դարձնում Իշխանասարը, որը, իր փլատակներով հանդերձ, կենսախինդ է ու կենսունակ, ու գյուղը շեն պահելու լավ հեռանկարով ապրում է իր օրը, տարին, նորօրյա դարը…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *