ԱՄԵՆ ԻՆՉ ՄԻ՛ ՎԵՐԱԾԵՔ ԶԱՎԵՇՏԻ, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ ԿԱՄ՝ «ԱՉՈԿՆԵՐ» ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Համո Սահյանի ծննդյան 100 ամյակի առթիվ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, ի պաշտոնե, «Մեր երազաշատ ապրումների թարգմանը» վերնագրով մի «հոդված» է գրել՝ նվիրված «Համոյին», ինչը յուրովի է բացահայտում Աղասու՝ «Համոյասիրությունը եւ Համոյի սիրահար լինելը», ուստի այդ առումով այն չէր կարող չգրավել մեր ուշադրությունը:
«Համոյին» նվիրված այդ «վերլուծականից» պարզվում է, որ Աղասը, (ինչպես մանկուց երազել էր ռայկոմի շենքում նստել, եւ 2008-ին, ի վերջո, բազմաչարչար ու բազմամյա տվայտանքներից հետո, «դոպինգով», դարձրին) նույն ջերմեռանդությամբ էլ դպրոցական տարիներին «սիրահարվել է Սահյանի պոեզիային եւ դաստիարակվել նրա հայրենասիրական ու բնապաշտական տողերով». «Երբ դեռ մի փոքրիկ տղեկ էի, անթաքույց սեր ու գորով էի զգում նրա` μնությանը նվիրված ստեղծագործություններն ընթերցելիս»,-գրում է նա: (Հիշեցի՝ սովետի ժամանակ «իզմով» տառապող լրագրողներն էլ կթվորուհու մասին հոդված գրելիս գրում էին՝ «նա մանկուց էր երազել կթվորուհի դառնալ…»):
Հիմա՝ Աղասունն է, մի 35-40 տարի առաջ որ իմանար, որ ապագա քաղաքապետացու է, հաստատ մանկուց՝ «տղեկ եղած ժամանակներից» կառնչվեր Սահյանի պոեզիային…պետք է գալիս… տեսնում ես…հանգամանքների բերումով…
Ես էլ, մեղավորս, չիմանալով Աղասու՝ այդքան սիսիանասիրության, բնասիրության, հայրենասիրության, բարդիասիրության, Շաքեի ջրվեժասիրության եւ … «Համոյասիրության ակունքները», նախինում նրա մասին հոդվածներ գրելիս կասկածի տակ եմ առել նրա՝  «Համոյի հետ ժամանակակիցը՝ ժամանակակցի, հավասարը՝ հավասարի հետ խոսելու» «առավելությունները»…
vorotan20042014-1Սակայն ինձ համար, այնուամենայնիվ, այդպես էլ հանելուկ է մնում, թե հատկապես իր ո՞ր տարիքից է ոգեշնչվել Համո Սահյանի զարմանահրաշ բանաստեղծական աշխարհով, երբ Աղասու՝ «տղեկ» եղած ժամանակ Սահյանին գրեթե հանրության լայն շերտերը չգիտեին, իսկ դպրոցական դասագրքերում գրեթե Սահյան չկար, եւ հայտնի է, որ մասնավորաբար Սիսիանում նա ճանաչվեց միայն 70-80 ական թվականներից հետո:
Մնում է միայն եզրակացնել, որ ապագա քաղաքապետացու եւ ամենապատահական քաղաքապետ «Համոյասեր» Աղասը եղել է …հրաշամանուկ-վունդերկինդ: Նրա «վերլուծականը» կարդալիս «համոզվում» ես  դրանում:
Նույն «վերլուծականում» «Համոյագետ», «Համոյի սիրահար», «Համոյին երբեք բացակա չդնող» Աղասը գրել է՝ «Չգիտես՝ ինչու, սկսել էի անասելի սիրով ունկնդրել առվի կարկաչը, գետի շառաչը ու մտորել` ինչքա՜ն  գեղեցիկ են հայրենի ոստանիս vorotan20042014-2մաքրամաքուր առավոտները, գրավիչ ու անկրկնելի են երկինք հագած, ծաղկազարդ լեռները, ինչքա՜ն հիասքանչ է ծաղկած մասրենու կուսական քնքշությունը»:
Հոգուս մեղք անելով հարցնեմ, սակայն, թե «դպրոցական տարիների Համոյի սիրահար այդ  տղեկը», ով այդպես, առանց իմանալու, սիրում էր առվի կարկաչը, գետի շառաչը եւ մտորում հայրենի ոստանի մաքրամաքուր առավոտնեի գեղեցկության վրա, արդեն հասուն տարիքում ինչո՞ւ հանդուրժել-տանել չի կարողանում Սահյանի Նիագարա-Շաքեի շառաչը եւ փակում է նրա փրփրագես գահավեժը, անողոքաբար «մկրատում նրա փրփրացայտ վարսերը» դարձնելով՝ կիսացամաք, ինչի պատճառով ժողովուրդը նրան, իրավամբ, տվել է «ջրվեժի վիշապ» մականունը: Իսկ իրապես Շաքեի ողջ գահավեժ գեղեցկությունը տեսնել ցանկացողների վրա նույն այդ «Շաքեի վիշապը» 5-10 մանեթանոց «անցաթուղթ է դուրս գրել տալիս»՝ հեռախոսազանգերից հետո միայն:
«Գուշակեցեք, խնդրեմ, մարգարեներ հիմա, ես ձեր ճորտը լինեմ», թե մինչեւ ե՞րբ պիտի Շաքեն իր տան մեջ «փակի տակ» պահվի՝ հանուն «Համոյասեր» եւ հայրենասեր Աղասու «գրպանի»…
Ինչ վերաբերում է նրա՝ «ծաղկած մասրենու կուսական քնքշությամբ» հիանալուն, նորեն արմանք-զարմանքն է պատում, թե ինչու Աղասը, արդեն քաղաքապետ դառնալուց հետո, այդպես ատում, խորշում է ծառ ու ծաղկից, հրապարակի վարդանոցները դարձնելով՝ «խոտատեղեր», իսկ Սիսիան քաղաքի ողջ կանաչ տարածքներն ու կանաչ գոտիները  ծախծխում որպես գարաժատեղեր, խանութատեղեր, մոյկաներ՝ մեկ սանտիմետր հանրային կանաչ ու ազատ տարածք չթողնելով Սահյանական, Սահյանապաշտ, Սահյանահետք  ու Սահյանոտ Սիսիանում…
Աղասու՝ «Համոյասիրության» «գլուխգործոցը», սակայն, հետո է շշմեցնում, երբ նույն «վերլուծականում» կարդում ես նրա գրած՝ «Միայն Սահյանի պես իմաստուն այրը կարող էր այսպիսի խրատ-խորհուրդ թողնել սերունդներին՝
Խղճիդ հետ զրույց արա Ամեն օր քնելուց առաջ» տողերը…
…Դեռ լավ է՝ շրջանցել է ՝ «Մի անգամ քեզ ծառ զգա կացինդ սրելուց առաջ»…Սահյանական «Սահմանադրությունը»
Բայց թե ինչու հատկապես ի՛նքը ականջալուր ու սրտալուր չի լինում «Սահյանի պես իմաստուն այրի տված խրատ-խորհրդին», ով պատգամել էր «ծառ չկտրել անգամ իր դագաղի համար», Սիսիանում անցյալ տարի ոչ թե կացինով, այլ դրուժբայով էր գլխատում Սահյանի քնարերգած  100-ից ավելի նաիրյան դալար բարդիներն ու վարսաթափ ուռենիները՝ տախտակացու եւ գերանացու քաշել տալու համար, տարակուսանքը ուտում է քեզ՝ կարո՞ղ է այս խոսքերի հեղինակի հիշողության հետ ինչ-որ բան է կատարվել՝ սահյանական գլխապտույտի աչոկները ժողնելու պահին…
Այսքանը բավական է, կարծես, գնահատելու Աղասու «Համոյասիրությունը», «Համոյագիտությունը»: Բայց, գրողը տանի, կամա-ակամա հայացքդ ընկնում է Սիսիանի կենտրոնական հրապարակում եւ տաքսիների կանգառում Սահյանի 100 ամյակը «հիշեցնող» երկու խղճուկ ու անշուք պաստառներին, հետո համեմատում ես ուղիղ դրա կողքին երիտասարդական մայրաքաղաքի առթիվ պատրաստված մեծադիր ու «դղրդացնող» ցուցապաստառի հետ, որի վրա նաեւ… Աղասու նկարը կա, եւ… ոչինչ չի մնում անել, քան՝ Համո Սահյան ասել՝ նստել ու լաց լինել…
Մինչդեռ՝ Սիսիանը, Սահյանի ոստան Սիսիանը գոնե այս օրերին պիտի ողողված-հեղված լիներ Սահյանի 100 ամյակը զրնգացնող Սահյանական պերճաշուք ու հորդահոս վկայություններով…
Այ՝ ուրիշ բան, եթե «տղեկ ժամանակներից» մի նկար էլ ի՜նքը «Համոյի» հետ հաջողացրած լիներ…
Ինչպիսի՜ բացթողում Սահյանի կյանքում…
Համո Սահյանի 100 ամյակը յուրովի է «անձնավորել» մեկ ուրիշ «Սահյանասեր»: Նա էլ՝ իր հանգի ու ռանգի…
Օրերս, Սահյանի 100 ամյակի՝ Սիսիանում նշված տոնակատարությունից հետո իմ հայրենի Լծեն գյուղ էի գնում: Սահյանի քնարերգած Զորզորի մոտով անցնելիս աչքս առավ մի ցուցանակի…
Առաջին պահ՝ կասկածեցի: Վարորդին խնդրեցի ետ դառնալ… Չէ՛, տեսիլք ու պատրանք չէր, իրական էր… մեծ ցուցանակ՝ «Սահյանաձոր» մակագրությամբ …
Իսկ ի՞նչ կասեր ինքը՝ Սահյանը, ի՞նչ կաներ…Գուշակեցեք, խնդրեմ, նորօրյա մարգարեներ:
Բայց ախր արդեն ասել է՝

Այս ձորերում ամեն ինչից
Օրորոցի հոտ է գալիս,
Պապենական սուրբ օջախի,
Ծուխ ու բոցի հոտ է գալիս,
Արմատի հոտ, բողբոջի հոտ
Ու խեժի հոտ՝ տոհմաձառի,
Վարող-ցանող հոր ձեռքերի
Ու մոր ծոցի հոտ է գալիս:

Եվ ո՞րն էր այս ՁՈՐԵՐԸ այսքան «խեղճացնելու-փոքրացնելու», մի ցուցանակի վրա «տեղավորել-տեղադրելու» նպատակը, այն «մասնավորեցնելու» իմաստը՝ ո՞րը…
Այսօր վերցնում մի ողջ Սահյանական ձորաշխարհ նեղացնում,  «չափարում»«Սահյանաձոր» եք «անվանակոչում»…որ ի՞նչ անեք…կամ՝ ի՞նչ ասեք, եւ՝ ո՞ւմ ասեք… Լոր գնացող մտավորականների՞ն, անցորդ-դարձողներին, Սահյանագիտությա՞նը, տարեգրությա՞նը, թե՞…
Այս ցուցանակի հեղինակ Լավրենտ Սարգսյանը թեպետ եւ իր ասելով 30 տարի ընկերություն է արել Սահյանի հետ, եւ մի առիթով հայտարարել՝ «մարդ ինչքան տուպոյ պիտի լինի, որ 30 տարի ընկերություն անի հետը եւ տարեկան մի բառ չսովորի», այս տողերը հաստատ… չի սովորել: Այլապես…
Ավելի լավ կլիներ, թերեւս, որ այդ նույն ցուցանակը երկնող-հղացող Լավրենտ Սարգսյանը Սիսիանի քաղաքապետ եղած տարիներին «Սիսիանին մշակույթ եւ մշակույթի տուն  պետք չի» մտածողությամբ ջրի գնով չօտարեր-չծախեր Գետափի մշակույթի տունը, որտեղ մեծ շուքով նշվել է Համո Սահյանի 70 ամյակը, եւ Սահյանի 100 ամյակի հոբելյանական տոնակատարությունը նշվեր այնտեղ, ոչ թե՝ ընդամենը 300 նստատեղ ունեցող քաղաքային մշակույթի տանը, ինչի պատճառով ավելի քան մեկ տարի այդօրվան սպասած շատ սիսիանցիներ այդպես էլ անհաղորդ մնացին մեր մշակույթի մերօրյա մեծերի հետ հաղորդակցվելու, ջրդեղվելու, նրանց՝ գոնե՝ ամյակից ամյակ տեսնելու եւ նրանց խոսքը լսելու պատեհությունից…
Ամեն օր չէ, եւ ամեն առիթով չէ, որ Սիսիանը բախտ կունենար Տիգրան Մանսուրյան հյուրընկալել եւ ամեն օր չէ, որ սիսիանցիները առիթ կունենային Սասուն Պասկեւիչյան, Ռուբեն Հովսեփյան, Ֆելիքս Մելոյան, Էդուարդ Միլիտոնյան, Հովհաննես Այվազյան տեսնել…
Ամեն ինչ զավեշտի մի՛ վերածեք, պարոնա՛յք, եւ մի՛ տագնապեք պատմության մեջ ձեր անհետ կորչել-վերանալու «վախից»: Այդ «վտանգը» գոնե ձեզ հաստատապես չի՛ սպառնում: Սիսիանը քարուքանդ անելու, Սիսիանի հանրային, համայնքայնին սեփականությունը ծախծխելու, համայնքային գույքը փոշիացնելու ձեր անմնացորդ ջանքով, սիսիանյան բարոյական եւ Սահյանի՝ այնքան գնահատած արժեքները ոտատակ տալու ձեր «վաստակի մեծ բեռով» դուք անջնջելիորեն ձեր անունն արդեն գրել եք Սիսիանի՝ վերջին մի քանի տարվա տարեգրության մեջ:
… Այնպես որ՝ անհոգ եղեք. պատմությունը եւ սերունդը հիշելու է ձեզ… նախատինքով, ամոթանքով, արգահատանքով…եւ մի փորձեք «հավերժանալ» ձեր անունն ուրիշ «կապ-կշկուռով» Սահյանի անվանը կպցնելով: Ձեռագիրը չի ջնջվում… դուք Սիսիանի պատմության մեջ արդեն թողել եք ձեզ բնորոշող, ձեզ բնութագրող ձեր սեփական՝ ավերումի ձեռագիրը:
Մարդուն չափում են ոչ թե՝ խոսքով, այլ՝ գործով…
Ոչ ասելով է, ոչ՝ գրելով, ոչ՝ կուրծք ծեծելով, ոչ՝ այս ու այնտեղ ցուցապաստառներ փակցնելով ու կամերաների օբյեկտիվներում «պատահականորեն» հայտնվելով…
Սահյանի մասին գրելու եւ խոսելու համար, առնվազն, պետք է Սահյանական հոգեվիճակի մեջ լինել…Իսկ Սահյանի Նիագարա-Շաքեն եւ Սահյանական ոտնահետքերը կրող Սիսիանն անխնա եւ անողոք ոչնչացրած, ավերած, ծախած-ծախծխած վերը հիշատակածս այս պաշտոնյաները, ճիշտ կլիներ, գոնե, փորձեին աննկատ մնալ՝ այսքան ողբալի ու ողորմելի վիճակներից խույս տալու համար…
…Սահյանի հյուրընկալությունների «խոհարարի դերակատարումը», կամ՝ պատահականորեն Սահյանի՝ ճակատը համբուրելի սիսիանցիների քաղաքապետ լինելը առիթ չպիտի դառնար՝ գնալ-խցկվել ՆՐԱ փեշի տակ՝  այդպես  «արժեւորելով» ինքն զինքը…
Սահյանի հետ «նստած-վեր կացած» եւ «տղեկ ժամանակներից ՆՐԱ հետ «շփված» Սիսիանի վերջին տարիների երկու քաղաքապետերը ինչո՞ւ չկարողացան գոնե մեկ օրով յուրացնել ՆՐԱ՝ իր լռությամբ աշխարհներ լռեցնող իմաստությունը…
«Աչոկ» հավաքելու նպատակով անգամ ամեն ինչ մի՛ վերածեք զավեշտի, պարոնա՛յք:
Սահյանը նուրբ թեմա է, նրբագեղ, նրբահյուս, նրբաթել, մանրակերտ, սրբատաշ, ուլունք-ուլունք…
Եւ դառնամ նորից ՆՐԱՆ աղոթեմ… ՆՐԱՆ միայն մաքուր ձեռքերով ու մաքուր խղճով ու մաքուր կենսագրությամբ ու մաքուր ճանապարհով, մաքուր ձեռագրով պիտի մոտենալ… ինքնաբաշխվելու բաղձանքով, ինքնամերժումի տաժանքով, Որոտնակիրճի խորանում խորանալու, արտույտի երգում պարզաջրվելու հավատամքով, հակառակ դեպքում՝ շաղում-կտրում է՝ թանապուրի նման…
Թանապուրի տաք գոլորշին գերանին առնում
Եւ սյունն ի վար գլոր-գլոր ուլունք էր դառնում…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
20.04.2014

Մեկ Արձագանքման ԱՄԵՆ ԻՆՉ ՄԻ՛ ՎԵՐԱԾԵՔ ԶԱՎԵՇՏԻ, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ ԿԱՄ՝ «ԱՉՈԿՆԵՐ» ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ համար

  1. Ani Ericyan says:

    Վայ,իսկապես,նախկինում Սիսյանը ին~չ հրաշալի զբոսայգի ուներ,վարդաշատ,ծաղկաշատ,խնամված…բա եկեղեցու բակը….վարդաստան էր իսկական…անցած տարի ամռանը երբ ևս մեկ անգամ գնացի….լաց լինելու աստիճան տխրեցի..նախկին ծաղկած դրախտից ոչինչ չէր մնացել,միայն մի քանի ժանգոտ կառուսել և ամբողջ այգին փակած մոլախոտ….ինչ ափսոս…·

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *