ԱՄԵՆ ԼՈՐԵՑԻ ՄԻ ՔԻՉ ՊՈԵՏ Է…

Եթե ոչ` բառի դասական իմաստով, ապա` աշխարհընկալմամբ, մտածողությամբ, կյանքի եւ բնության նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Ներշնչանքի աղբյուրը, կարծես, բացատրելի է` Լորաձորյան չքնաղ բնաշխարհը եւ իր մտքերի ու ապրումների, իր խոհերի ու կենսափիլիսոփայության երգիչ, իր ընկալումների ու պատկերացումների թարգման Համո Սահյանը: Երկուսն էլ միաժամանակ են «տիրում» ամեն լորեցու մտքին ու սրտին` ծնված օրվանից: Թեեւ Սահյանը, սերելով Լորաձորից, բարձրացավ-տարածվեց տիեզերքի անսահմանության մեջ, լորեցիները նրան իրենցը համարելու իրավունքի ամենամեծ չափաբաժինն ունեն, եւ այդպես էլ կա…

Սահյանով ու Լորաձորյան սքանչելիքներով մեծացած լորեցիներից մեկն էլ Ալեքսեյ Սարգսյանն է: Հարազատները, ընկերները, շրջապատի մարդիկ գիտեն, որ երբեմն-երբեմն իր խոհերը, հույզերը, ապրումները հանձնում է թղթին, մեկ-մեկ էլ բարձրաձայնում գարնանամուտը առվի եզերքին դիմավորելիս դաղձ ու եղինջ համտեսելու ընկերական հանդիպումների ժամանակ: Լինելով համեստ, չի մտածել իր հույզերն ու ապրումները հրապարակելու մասին, բայց Համո Սահյանի ծննդյան օրվա խորհուրդը նրան տվել է համարձակություն` իր բանաստեղծությունները ներկայացնել նաեւ խմբագրությանը:

Համո Սահյանին

Միշտ նոր զանգ ես` զրնգուն

Զանգերի մեջ աշխարհի,

Ու ղողանջը քո զանգի

Միշտ կլսվի աշխարհում:

Մեծ իմաստուն, սյունեցի,

Հոգու ուժով գերեցիր,

Նոր շունչ տվիր գյուղ Լորին,

Եվ մեծ համբավ բերեցիր:

Խոնարհվում եմ քո գրչին,

Ականջալուր` քո կանչին,

Ջրկասարից քո Լորի

Հարբազ-նարգիզ կբերմ

Շիրմաքարիդ կդնեմ…

……..

Երանի գարնան վաղ առավոտին

Կրկին լինեի անտառի փեշին,

Ականջ դնեի նրա օրորին,

Անտառի երգիչ հավք-թռչուններին:

Ու թիկն տայի թեքված մի ծառի`

Հարբազ-նարգիզի բույրով արբեցած,

Մանուշակներից փնջեր սարքեի…

Երանի գարնան վաղ առավոտին

Կրկին լինեի անտառի փեշին…

…….

Իմ մայրն էլ կարող էր երջանիկ լինել,

Եթե աշխարհում պատերազմ չլներ,

Իմ մայրն էլ կարող էր երգասաց լիներ,

Ոչ թե` երգելիս արցունքներ թափեր:

Իմ մայրն էլ կարող էր բախտավոր լիներ,

Եթե իր սիրտը խոցված չլիներ

Իր զավակների անժամ մահվանից…

Բայց մայրս սրտի բարի իղձերը

Բաշխեց բոլորին, նոր սերունդներին,

Մի բուռ սեր դարձավ իմ տաք սրտի մեջ,

Ու աղոթք- մաղթանք` արար աշխարհին…

…………

Հայրենիք իմ հայրենիք,

Պահակն եմ քո արտերի,

Ջրվորն եմ քո մարգերի,

Զինվորն եմ քո թանկ հողի,

Ծիծեռնակը` քո քիվի:

Հայրենիք իմ հայրենիք,

Քեզ չեմ լքի ոչ մի օր,

Թեկուզ` անհաց էլ մնամ,

Հույսիդ տունն եմ, հայրենիք:

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *