ԱՅԴ ՄԵ՛ՆՔ, ՄԻԱ՛ՅՆ ՄԵՆՔ ԶՈՐԱՑՔԱՐ ՈՒՆԵՆՔ

Աշխարհի շատ երկրներ հարստանում եւ իրենց բյուջեն հարստացնում են տուրիզմի հաշվին: Նման ակնկալիքը մեզ համար մի քիչ գրոտեսկ կլինի ոչ միայն այն պատճառով,  որ տուրիզմը, որպես այդպիսին, ընդամենը մի քանի տարվա պատմություն ունի մեզանում, ոչ միայն այն պատճառով, որ մեզ մոտ դեռեւս թույլ են զարգացած տուրիզմի զարգացմանը նպաստող եւ նրան սպասարկող կառույցներն ու ենթակառուցվածքները, այլեւ որ` դեռեւս զբոսաշրջիկի համար բացահայտված չէ մեր տարածքն ու մեր աշխարհը իր ողջ գրավչությամբ, հմայքներով ու արժեքներով: Ինչ որ բան, այս առումով, այնուամենայնիվ կա, եւ Սիսիան էլ զբոսաշրջիկներ գալիս են, Սիսիանի տեղն էլ կա աշխարհի զբոսաշրջության քարտեզի վրա, Սիսիանն էլ ունի ոչ միայն ձեռակերտ ու անձեռակերտ, այլեւ` պատմական ու համաշխարհային արժեքներ, որոնք կարող են շարժել ու շարժում են օտարերկրացու հիացմունքն ու հետաքրքրությունը:
Հիմա տուրիստական ամենալավ ժամանակահատվածն է: Զբոսաշրջիկներ գալի՞ս են Սիսիան, եթե այո, ի՞նչ հասցեներով, ի՞նչ տեսնելու, ի՞նչն է ամենից շատ հրապուրում նրանց եւ ի՞նչն է ստիպում օտարներին հարյուրավոր կիլոմետրեր կտրել` մեր տարածքն էլ ընդգրկելու իրենց զբոսաշրջության երթուղիներում: Այս հետաքրքրող հարցերին պատասխան գտնելուց առաջ մենք զրուցեցինք տարբեր մարդկանց հետ: Վերջնական եզրակացությունն ու տպավորությունն այն էր, որ Սիսիանը հիմնականում ընկալվում է որպես հանգրվան, իջեւանատեղ` Տաթեւ եւ Արցախ տանող ճանապարհին: Ինձ համար, գոնե, դա տխրեցնող փաստ էր, եթե, իրոք, իրականում դա այդպես է: Տխրեցնող, որովհետեւ, կարծում եմ, ոչ պակաս արժեքներ, տեսնելու եւ հիանալու արժանի հուշարձաններ էլ կան մեզ մոտ: Եվ, այնուամենայնիվ, հենց այդ հարցադրմամբ էլ փորձեցինք քաղաքում գործող մի քանի հյուրանոցների աշխատակիցներից իմանալ, թե որպես զբոսաշրջիկ ովքեր են գալիս Սիսիան եւ ինչն է նրանց ամենից շատ հետաքրքրում:

Կամո ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ.
«Բասեն» ռեստորանի
աշխատակից

– Տնտեսական ճգնաժամի պատճառով այս տարի «Բասեն» հյուրանոցային համալիրը չի գործում, բայց գործում է «Բասեն» ռեստորանը, եւ մենք հաճախ ենք օտարերկրյա հյուրեր ունենում, որոնք հիմնականում այցելում են Զորացքարեր, ՈՒղտասար, Որոտնավանք, Շաքեի ջրվեժ, Աղիտուի մահարձան, նաեւ` Շամբի Մարգարտածաղիկ, Դավիթ Բեկի բերդ: Հյուրերը Շվեյցարիայից են, Ռումինիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, կան հրեաներ, հայկական ծագումով օտարերկրացիներ: Գալիս են անհատական, խմբերով կամ զույգերով: Այնպես չէ, որ  նրանք հետաքրքրված չեն Սիսիանով եւ անտարբեր են մեր պատմական ու տես1-50արժան վայրերի նկատմամբ: Լսել են Սիսիանի մասին իրենց հարեւաններից, որոնք, ասենք, նախորդ տարիներին, հնարավոր է, որ հյուրընկալվել են մեզ մոտ կամ տեղեկացվել են ինտերնետ կայքերից: Նրանց հիմնականում գրավում է մեր բնաշխարհը, բնությունը, սնունդը եւ հայկական սովորույթները` լավաշ թխելը, դհոլ-զուռնան, որը հենց նրանց պատվերով ենք կազմակերպում: Գրեթե բոլորն այն կարծիքին են, որ մենք երջանիկ ենք, որ ապրում ենք այս մաքուր եւ գեղեցիկ բնության մեջ: Շատ լավ տիրապետում են մեր հուշարձանների պատմությանը, ժամանակագրությանը եւ գալիս են տեսնելու այն, ինչի մասին արդեն գիտեն: Հավանում են ջուրը, մեր հյուրընկալությունը: Շատ են դժգոհ մեր ճանապարհներից եւ … աղբից: Շամբի Մարգարտածաղիկ գնացած մի զբոսաշրջիկ շատ ավելի շատ «տպավորվել էր» ոչ թե Մարգարտածաղկի գեղեցկությամբ, այլ` հենց Շամբի մուտքի մոտ գտնվող աղբանոցից եւ անվերջ միայն այդ մասին էր պատմում: Եղել է, որ ցանկացել են Շաքեի ջրվեժը տեսնել, բայց հիասթափվել են նրա սակավաջրությունից, ամեն անգամ էլ չենք կարող խնդրել ջրվեժը «բացել», եւ Շաքեն ինքն է զրկվում իր ողջ հմայքով ու գեղեցկությամբ նաեւ այլոց զարմացնելու բնական հմայքից: Որ ասենք, թե Սիսիանում զբոսաշրջիկներ քիչ են լինում, կարծում եմ, ճիշտ չի լինի, բայց կարծում եմ նաեւ, որ տարածաշրջանը պակաս գրավիչ է ներկայացված տուրիստական երթուղիներում, քան իրականում կա:

Իվան ՊԵՏՐՈՍՅԱՆ.
«Դինա» հյուրանոցի տնօրեն

– Այո՛, ցավոք այդպես է. Սիսիանը ծառայում է որպես օթեւան` Տաթեւ եւ Արցախ գնալու ճանապարհին: Շատ ժամանակ նույնիսկ Սիսիանն էլ են շրջանցում, քանի որ հենց մայրուղու վրա օթեւաններ շատ կան, եւ Սիսիան մտնելու անհրաժեշտություն էլ չի զգացվում: Իսկ Սիսիան մտնելը, իմ կարծիքով, պայմանավորված է միայն սպասարկման մատչելի գներով:
Զբոսաշրջիկներից բացի, որոնց հիմնականում հուզում է միայն իրենց ժամանցը հետաքրքիր եւ բովանդակալից դարձնելը, լինում են, իհարկե, նաեւ այնպիսի հյուրեր, որոնք հետաքրքրված են պատմական հուշարձաններով, հնավայրերով, բուսական աշխարհով, այսինքն` մարդիկ, որոնք գիտական գործունեություն են իրականացնում: Այս առումով, ինչպես նշում են նրանք, Սիսիանը չափազանց մեծ հարստություն ունի: Ես կարծում եմ, որ զբոսաշրջությունը զարգացնելուն պետական աջակցություն է հարկավոր, լավ ճանապարհներ, ինչը մեզանում անմխիթար է: Թանահատը տեսնել ցանկացողներ կան` դժվարանցանելի է, ջրվեժը` սակավաջուր, տաք ջուրը` հակասանիտարական, տրանսպորտը ` կոշտ: Մեր գործը սպասարկելն է, սպասարկում ենք եւ անում հնարավոր ամեն ինչ` հաջորդ հյուրընկալության ակնկալիքով:

Աստղիկ ՄԿՐՏՉՅԱՆ.
«Լալաներ» հյուրանոցային
համալիրի ադմինիստրատոր

– Ինչքան զրուցել եմ տուրիստական խմբերի ղեկավարների հետ, եկել եմ այն եզրակացության, որ Սիսիանը դիտում են որպես միջանկյալ օթեւան Տաթեւ եւ Արցախ գնալու ճանապարհին: Ասում են` Կապան էլ չեն գնում: Տեսնելու բան չկա: Սիսիանում հանգստանում են եւ շարունակում իրենց ճանապարհը: Հընթացս էլ, քանի որ ճանապարհամերձ հուշարձաններ կան, ինչպիսիք են Զորաց քարերը, Պանթեոնը, սուրբ Հովհաննես եկեղեցին, դրանք էլ ըն1-49դգրկում են իրենց երթուղիներում: Գուցե ժամանակի սղությու՞նն է, որ մյուս հնավայրերն ու տեսարժան վայրերը չեն ընդգրկում, գուցե` լրացուցիչ ծա՞խսը, գուցե` ինֆորմացիա՞յի պակասը: Չեմ կարող ասել: Հիմնականում միջին տարիքից բարձր մարդիկ են զբոսաշրջիկները, որոնք ունեն շրջելու հնարավորություն եւ շրջում են, իսկ Հայաստանն ընտրել են նրա համար, որ գները մատչելի են: Բայց հատուկ որ գան մեր հուշարձանները, մեր բնությունը տեսնելու, այդպիսի խմբերը քիչ են: Դրան հակառակ կան անհատական կամ զույգերով զբոսաշրջիկներ, որոնք հատուկ գալիս են Զորաց քարերը, ՈՒղտասարը, հնավայրերը եւ պատմական հուշարձանները տեսնելու:
Զբոսաշրջության կենտրոններից մեկի ղեկավար Մարատ անունով մի երիտասարդ, որ քաջածանոթ էր մեր տեղանքին, ասաց, որ ի տարբերություն այս խմբերի, կան նաեւ այնպիսի զբոսաշրջիկներ, որոնք նախընտրում են քայլքով զբոսաշրջությունը, դժվար անցանելի, հետաքրքիր տեղանքները ոտքով հաղթահարելը, որոնց թիվը քիչ չէ: Քիչ չեն էկոտուրիզմով զբաղվողները: Ի վերջո, մարդ հոգնում է թե՛ տրանսպորտից, թե՛ հյուրանոցից, թե՛ ռեստորանից եւ նախընտրում է ոտքով քայլել` բնության հետ ավելի մերձ եւ բնության մեջ ավելի շատ լինելու համար: Մեր հանդիպած պահին նա զբոսաշրջիկներ էր ուղեկցում Տաթեւ` Լծենի անտառով:
Ի մխիթարություն մեզ ասենք, որ Սիսիանը Տաթեւ եւ Արցախ տանող ճանապարհին հանգրվան դիտելը ամենեւին էլ չի նսեմացնում Սիսիանի պատմական հուշարձանների, հնավայրերի եւ բնության անձեռակերտ հուշարձանների հմայքը եւ պակաս գրավիչ ու հետաքրքիր չէ զբոսաշրջության համար: Պարզապես մի քիչ էլ նախաձեռնության պակասը կա մեզանում: Մենք, ինչպես միշտ, մի քիչ ետ ենք, ինչպես որ մեր ճանապարհն է մայրուղուց մի քիչ խոտոր…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *