ԱՅՆԻՆՉ` ՍԻՍԻԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԼՈՒԾԱՐԵԼ…

ՀՀ ԱՆ Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԻՆ, պատճեն` «Որոտան» թերթի խմբագրությանը

Հարգելի պարոն Թորոսյան, ուզում եմ շնորհակալության եւ երախտիքի խոսք ասել Սիսիանի քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի անձնակազմին իրենց անձնուրաց աշխատանքի համար: Ուզում եմ, որ Դուք էլ տեղյակ լինեք, թե ինչ առանձնահատուկ մարդ եւ պրոֆեսիոնալ վիրաբույժ է աշխատում Սիսիանի հիվանդանոցում, հիվանդանոց, որը լուծարման եզրին է: Բժիշկ, ում գիտելիքները, հմտությունները ծառայում են մարդասիրական աշխատանքի: Վերջերս եմ դուրս գրվել հիվանդանոցից: Ծանր ու բարդ վիրահատություն եմ տարել, բարդ վիրահատություն, որ տեւել է 6 ժամ: Ուղղակի խոսքեր չեմ գտնում արտահայտելու իմ երախտագիտությունը: Փառք աստծո, բժշկի շնորհիվ ամեն բան բարեհաջող ավարտվեց:

Ամբողջ հոգով եւ սրտով շնորհակալություն եմ հայտնում Սիսիանի քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժնի ողջ անձնակազմին: Անձնակազմ, որ բարձր պատասխանատվությամբ է կատարում իր աշխատանքը: Շնորհակալություն նարկոզի ժպտերես բժշկուհի Լիլիա Թադեւոսյանին, իր աշխատանքում հմուտ Արամ Բալիկյանին, բուժքույրական եւ սանիտարական կազմին:

Հատկապես խորին խոնարհումս վիրաբույժ Սիրակ Սիրականյանին` իր մարդասիրական աշխատանքի եւ պրոֆեսիոնալիզմի համար: Ոսկե ձեռքեր ունեցող բժիշկ, ով գրեթե ամեն օր կյանքի եւ մահվան պայքար է մղում, եւ արդյունքում կյանք պարգեւում հիվանդին ու ժպիտ` հիվանդի հարազատներին: Հարգված եւ գնահատված ժողովրդական մարդ, աստվածատուր շնորհով: Մարդ, ով բարություն է անում, սեր է սփռում թե24129941_1887331491307064_6576387106183190351_n բաժանմունքի անձնակազմի, թե հիվանդների շրջանում: Երբ գալիս են նրա մոտ եւ բժշկական օգնություն խնդրում, նրա` հիվանդի նկատմամբ մոտեցումը եւ հիվանդի համար մխիթարական փաստարկներ գտնելու ունակությունը դառնում է պրակտիկ բուժում: Իր պրոֆեսիոնալ աշխատանքի, իր սրտացավ մոտեցման, իր մարդ տեսակով եւ Հիպոկրատի երդմանը անսասան մնալով, նա վայելում է Սիսիանի եւ հարակից գյուղերի ժողովրդի սերն ու հարգանքը: Բժիշկ, ում համար առաջնայինը մարդու կյանքն ու առողջությունն է, ոչ թե ֆինանսը: Ուստի իրեն մաղթում եմ շատ շատ առողջություն, որպեսզի ով նրա օգնության կարիքը ունի, կյանք պարգեւվի նրան` իր գերմարդկային վերաբերմունքով եւ բարձր պրոֆեսիոնալիզմով: Ցանկանում եմ հարատեւ աշխատանք, քանի որ նրա տեսակ մարդու եւ նրա տեսակ բժշկի կարիքը Հայաստանը շատ ունի, հատկապես` հեռավոր մարզերը, այդ թվում` Սիսիանը: Աստված ուժ եւ կարողություն տա մեր շատ սիրելի բժիշկ Սիրականյանին:

Ցանկանում եմ ամբողջ կոլեկտիվին մասնագիտական հաջողություններ իրենց դժվարին եւ պատասխանատու աշխատանքում:

Նինա ԱՄԻՐՋԱՆՅԱՆ

Ք. Սիսիան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *