ԱՅՍՊԵՍ ԹԵ ԱՅՆՊԵՍ ԴՊՐՈՑԸ ԻՐ ԿՐԹՈւԹՅՈւՆԸ ՏԱԼԻՍ Է, ԲԱՅՑ ԱՅՆ ՈԳԻՆ, ՈՐ ԴՊՐՈՑՆ Է ՏԱԼԻՍ…

Նոր ուսումնական տարին արդեն իր ռիթմի մեջ է: Ինչպե՞ս այն սկսվեց Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոցի համար, ի՞նչ փոփոխություններով ու նորություններով դպրոցը դիմավորեց ուստարին: Այս եւ այլ հարցերի պատասխանում է դպրոցի տնօրեն Գոհար Սարգսյանը:

-Տիկին Սարգսյան, ինչո՞վ նշանավորվեց նոր ուսումնական տարին քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի համար:
– Որպես ձեռքբերում առաջինը նշեմ այն, որ մեր դպրոցից ավագ դպրոց տեղափոխված  մեր նախկին  աշակերտները այս տարի ընդունվել են բուհեր, ինչը համարում եմ եւ մեր, եւ ավագ դպրոցի արդյունքը:
Նոր ուսումնական տարում հաճելի նվեր ստացան մասնավորապես տարրական դասարանների աշակերտները՝ հաճախելով վերանորոգված, գեղեցիկ, լուսավոր ու տաք դասասենյակներ:
Հիմնադրման օրվանից երբեւէ չվերանորոգված դպրոցի համար սա կարեւոր հանգամանք էր, քանի որ դրանով ենք պայմանավորում նաեւ այս տարվա առաջին դասարան հաճախող երեխաների թվի կտրուկ ավելացումը: Անցյալ տարվա 17-ի փոխարեն այս տարի առաջին դասարանում ունենք 37 աշակերտ եւ հույս ունենք, որ այն կավելանա, երբ հիմնանորոգվեն նաեւ դպրոցի մյուս մասնաշենքերը: Հույսը մեծ է, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սիսիան կատարած այցի ժամանակ ես բարձրացրեցի այդ խնդիրը, նախագահականից արդեն եկել-նայել են, որոշակի քայլեր արդեն կատարված են, կարծում ենք՝ մեր խնդիրների խնդիրը լուծում կստանա:
Նոր ուսումնական տարում մեր դպրոցում նույնպես կգործի տարրական դասարանների եւ նախակրթարանի երեխաներին սննդով ապահովման ծրագիրը:
-Սիսիանի տարածաշրջանի մի քանի դպրոցում գործում է նախակրթարան, իսկ քաղաքի միակ նախակրթարանը  ստեղծվել է Ձեր դպրոցում: Ո՞րն է  նպատակը:
-Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ եւ ՀՀ ԿԳ նախարարության ԾԻԳ-ի կողմից հիմնանորոգվեց դպրոցի մեկ դասասենյակ: Դպրոցում բացվեց նախակրթարան, որի նպատակը 5,5 տարեկան երեխաների նախապատրաստումն է առաջին դասարանի համար: Ի ուրախություն թե մեզ, թե՝ տարածքի բնակիչների ասեմ, որ ունենք 34 սան, նրանց հետ պարապում է երկու մանկավարժ: Կա հստակ ծրագիր, սաներին սովորեցնում են գրաճանաչություն, կերպարվեստ, ֆիզկուլտուրա, էկոլոգիա, ծեփարվեստ, կարգ ու կանոն, շփում, հաղորդակցում:
-Իսկ ինչո՞ւ քաղաքի միակ նախակրթարանը բացվեց մասնավորաբար թիվ 1 դպրոցում:
– Քանի որ դպրոցի շրջակա թաղամասում չկա մանկապարտեզ, շատ ծնողներ էլ ի վիճակի չեն իրենց երեխաներին ավելի հեռու գտնվող մանկապարտեզներ  ուղարկել, սա բավականին լավ միջոց էր մանկապարտեզահասակ այս երեխաներին ոչ միայն նախապատրաստել դպրոցի համար, այլեւ՝ նրանց տալ հնարավորություն դուրս գալ տնից, շփվել, հաղորդակցվել, հետաքրքիր դարձնել իրենց մանկությունը:
Նախակրթարանի երկու մանկավարժների աշխատավարձը այս տարի վճարում է քաղաքային համայնքը, որի նպատակն է դպրոց-ծնող-համայնք կապի սերտացումը, որպեսզի համայնքն էլ ներդրում ունենա եւ անմասն չմնա համայնքի տարածքում գործող դպրոցի խնդիրներից:
Կարծում եմ՝ սա հիմք կդառանա նաեւ դպրոցը կրթահամալիր դարձնելու՝ վաղուց փայփայած մեր երազանքն իրականացնելու համար, որի շենքայvorotan20092013ին բոլոր պայմանները, իհարկե՝ միայն հիմնանորոգումից հետո, կհնարավորեն դա: Կրթահամալիրի ստեղծումը նույպես անհրաժեշտ ենք համարում այս թաղամասում, քանի որ, դարձյալ հեռավորության պատճառով, թաղամասի երեխաները հիմնականում չեն հաճախում ոչ երաժշտական դպրոց, ոչ՝ պարարվեստի, ոչ՝ գեղարվեստի, ոչ՝ մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն: Եվ պատճառը ոչ այնքան վարձավճարի խնդիրն է, որքան՝ հեռավորության: Մինչդեռ՝ այնքան շնորհալի եւ լավ երեխաներ ունենք, որոնց ստեղծագործական կարողություններին այդպես էլ ուշադրություն չի դարձվում:
-Դառնանք խնդիրներին:
-Ինչպես արդեն ասացի՝ մեր խնդիրների խնդիրը հիմնանորոգումն է: Քաղաքի միակ դպրոցն էր, որ երկար տարիներ հիմնանորոգման որեւէ աշխատանք չէր կատարվել, ինչը բացասաբար էր անդրադառնում կրթական գործընթացների վրա: Բայց 7-րդ մասնաշենքի հիմնանորոգումը, որը  մարզպետարանի ջանքերով իրականացավ պետական բյուջեի միջոցներով, շատ բան է փոխել դպրոցում:
Թեեւ մարզական շատ միջոցառումներ են անցկացվում մեր դպրոցի մարզադահլիճում, այն նույնպես հիմնանորոգման կարիք ունի, հիմնախնդիր է ուսումնական գույքը, լաբորատոր գույքը…
Բացօթյա մարզադաշտն է շատ անմխիթար, տարիների ընթացքում քանդվել է եզրապատը, թափվել են եզրաքարերը, գլխաքարերը:
Բայց մարզադաշտը, դիմահայաց բլուրով, ունի եզակի առավելություն՝ բացօթյա ամֆիթատրոն-մարզադաշտ ստեղծելու համար, ինչը նույնպես կարեւորում եմ թաղամասի կյանքն աշխուժացնելու, տարածքի երիտասարդության եւ դպրոցականների առօրյան հետաքրքիր դարձնելու համար, քանի որ մասնավորաբար «Իշկափոս» թաղամասում կյանքը լրիվ մեռած է: Ամենաշատը երեւի այս թաղամասից են արտագաղթում: Այս հարցերի մասին ծրագիր կնախապատրաստենք եւ առաջարկություն կներկայացնենք մարզպետարան:
-Տիկին Սարգսյան, ո՞րն եք համարում թիվ 1 դպրոցի առանձնահատկությունը՝  քաղաքի մյուս դպրոցների համեմատ:
-Սեպտեմբերի 1-ին եւ 28-ին՝ Արշակ Գրիգորյանի անվամբ դպրոցի անվանակոչության օրը, դպրոցը երդման արարողություն է կազմակերպում: Ունենք հատուկ տեքստ, որ կրկնում են բոլորը: Երդվում ենք հավատարիմ մնալ մեր դպրոցի առաջին տնօրեն Խաժակ Հակոբյանից եկող ու մինչ օրս պահպանվող ավանդույթներին, դաս առնել մեր բոլոր հերոսներից, իրենց կյանքը արցախյան ազատամարտում հայրենիքին զոհաբերած մեր դպրոցի 7 զոհված սաներից, Վուրգ Ոսկանյանից, Արշակ Գրիգորյանից, Գրիգոր Գրիգորյանից, բոլորից:
Այսպես թե այնպես դպրոցը իր կրթությունը տալիս է, եւ յուրաքանչյուր աշակերտ վերցնում է այնքան, որքան կարողանում է կամ՝ որքան ի վիճակի է: Բայց այն ոգին, այն հայրենասիրությունը, որ ստանում է եւ ձեւավորվում որպես մարդ, որպես քաղաքացի, որպես անհատականություն,  դպրոցի տվածով եմ պայմանավորում:
Համայնքը բնակիչներով է համայնք, դպրոցը՝ աշակերտով, հայրենիքը՝ դպրոցով:
Դպրոցը պետք է հայրենիքին:

Զրույցը՝ Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԻ
20.09.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *