ԱՅՍՏԵՂ, ԳՈՒՑԵ, ԱՊԱԳԱ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ ԵՆ ՄԵԾԱՆՈՒՄ…

Շաքեցի Վրեժ Գեւորգյանը շուրջ 25 տարի ապրում է Մոսկվայում: Նպատակասլացության, աշխատասիրության, համառության շնորհիվ հասել է լուրջ հաջողությունների, ստեղծել սեփական բիզնեսը, վաստակել հարգանք ու հեղինակություն, ձեռք բերել ՌԴ քաղաքացիություն, բայց, ինչպես ինքն է ասում, այդ տարիների ընթացքում երբեք չի մոռացել իր ծննդավայրը, նրա մարդկանց, նրա հրաշք բնությունը, չքնաղագեղ Շաքեի ջրվեժը, եւ հոգում ու մտքում մնացել է նրանց հետ, նրանցից անբաժան: Հաջողություններից, նյութական ձեռքբերումներից չի մեծամտացել, չի փոխվել էությամբ, ու մնացել է նույն պարզ, շիտակ, ազնիվ շաքեցին, ինչպիսին նրան ճանաչել են հայրենակիցները: Հաջողելով բիզնեսում` մտածել է նաեւ իրեն ծնած, իրեն դաստիարակած հայրենի եզերքի հանդեպ իր հոգու պարտքը վերադարձնելու մասին…

Սկսել է մանկապարտեզից` համոզված, որ այստեղ է մեծանում երկրի ապագա քաղաքացին, ապագա զինվորը, երկիրը պահողը: Չորս տարի առաջ նրա ջանքերով գազիֆիկացվել է գյուղի մանկապարտեզի շենքը, կահավորվել խոհանոցը, կալորիապես հարուստ սննդատեսակ (միս) է մտել երեխաների ճաշացանկ, վճարել է դպրոցի աշակերտների դասագրքերի վճարի մի մասը, ու միշտ ականջալուր եղել համագյուղացիների բոլոր խնդրանքներին, ընդառաջել…28907665_1281165605361372_1903820955_n

Ժամանակի ընթացքում զգացել է, սակայն, որ ընթացիկ խնդիրներից զատ առավել կարեւոր եւ հեռահար խնդիրներ էլ կան, որոնց հիմքը հիմա պետք է դնել… Որոշել է ու…

Համագյուղացի Մարատ Մանուչարյանին եւ Լյովա Իսրայելյանին առաջարկել է գյուղում ստեղծել ազատ ոճի ըմբշամարտի խմբակ: Նպատակն իրականություն դարձնելու համար նրա հովանավորությամբ վերանորոգվել է դպրոցի մարզադահլիճը, ձեռք է բերվել համապատասխան մարզագույք, անհրաշետ մարզահագուստ եւ այլ պարագաներ, ու հունվար ամսին Շաքեի դպրոցում կազմավորվել է ազատ ոճի ըմբշամարտի 32 հոգանոց խմբակը: Պարապմունքներն անցկացվում են երկու խմբով` 6-10 եւ 10-14 տարեկան երեխաների համար: Լուծել է երկու մարզիչների եւ բուժքրոջ աշխատանքի վճարման հարցը: Բժիշկ-մասնագետի խորհրդատվությամբ` ձեռք է բերվել առաջին անհրաժեշտության բժշկական սարքեր, դեղորայք:

Մարզիչներ Մարատ Մանուչարյանը եւ Լյովա Իսրայելյանը սպորտի վարպետության թեկնածու են, ունեն մարզչական եւ մանկավարժական երկար տարիների աշխատանքային փորձ: Լյովա Իսրայելյանը եղել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոն:

Մարզիչ Մարատ Մանուչարյանի խոսքով` մարզումներն ու պարապմունքներն անցկացվում են Հայաստանի ֆիզկուլտկոմիտեի մեթոդկաբինետի կողմից հաստատված մեթոդական ծրագրերով:

Եվ ահա Շաքեի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում օրերս տեղի ունեցավ ազատ ոճի ըմբշամարտի խմբակի ստեղծման շնորհանդեսը, որին ներկա էին հովանավոր Վրեժ Գեւորգյանը, հյուրեր, ծնողներ, համագյուղացիներ: Խմբակի սաները ներկաներին ցուցադրեցին երկամսյա ժամկետում իրենց սովորած հնարքներն ու վարժությունները:28829657_1281165752028024_642273319_n

Հայրենանվեր այս նախաձեռնության համար շնորհակալություն հայտնելով բարերարին` մարզիչ Մարատ Մանուչարյանը նշեց, որ երեխաները պարապմունքներին մասնակցում են մեծ խանդավառությամբ, մեծ ոգեւորությամբ, նրանց մեջ ձեւավորվում է մարտիկի, մարզիկի, պայքարողի եւ հաղթողի հոգեբանությունը, ինչը ամենակարեւորն է: Ապա ակնարկեց, որ սպորտում արդյունքները ապագայում են երեւում, բայց կարեւորը առաջին քայլն է, կարեւորը սկիզբն է, կարեւորը հիմքն է, որ դրվում է հիմա, դրվում է ամուր, հուսալի, եւ հույս հայտնեց, որ Շաքե գյուղը, որտեղ ըմբշամարտի լավ ավանդույթներ են եղել, իր մասին դեռեւս խոսել կտա, ու Շաքեի մասին խոսելիս անմիջապես կհիշեն ոչ միայն հրաշք ջրվեժը, այլեւ` նրա ըմբիշներին:  «Մեր նապատակն է հետագայում այս խմբակի հիման վրա ստեղծել ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց»,- նշեց մարզիչը` հույսով, որ այդ մասին խոսելու առիթ դեռ կունենան:

Նման հնարավորություն ընձեռելու, ինչու չէ, գուցե նաեւ իրենցից շատերի ապագան կանխորոշելու համար խմբակի սաների եւ իր անունից բարերարին շնորհակալություն հայտնեց Օնիկ Ալավերդյանը` իր ողջույնի խոսքում մասնավորաբար նշելով, որ Վրեժ Գեւորգյանի օրինակով իրենք էլ կփորձեն բարձրացնել ծննդավայրի անունը եւ դրանով երախտահատույց լինել նրան ու բոլորին, ովքեր հոգ են տանում իրենց լավ մարդ, լավ մարզիկ եւ լավ զինվոր դաստիարակելու համար:

Հայրենի գյուղում կատարած բազմաթիվ գործերի համար Վրեժ Գեւորգյանին շնորհակալություն հայտնեցին դպրոցի տնօրեն Վաղինակ Հարությունյանը, ծնողների անունից` Արեւիկ Մանգասարյանը, համադասարանցի Վաչիկ Նիկողոսյանը, ով մասնավորապես նշեց, որ Վրեժը առայժմ այն առաջին եւ միակ համագյուղացին է, ով իր հայրենասիրությունն այս կերպ Копия DSC07183արտահայտեց եւ իրենց պարգեւեց ոչ միայն ներկայում, այլեւ` ապագայում այս երեխաների ձեռք բերած հաջողություններով հպարտանալու եւ ուրախանալու լուրջ երաշխիքը…

Երեւանաբնակ բժիշկ, համագյուղացի Բագրատ Ստեփանյանը, ով մարզիկների հետ աշխատանքի մեծ փորձ ունի, շնորհավորեց նախ երեխաներին` նման հնարավորություն ստանալու համար, հավելեց, որ բացի ֆիզիկապես կոփվելուց, ամրանալուց, գյուղաբնակ այս երեխաների կյանքում մի նոր, հաճելի հետաքրքրություն է մտնում, ինչը օգտակար լինելուց զատ նաեւ հեռանկարային է:

Ականատեսը լինելով իր նախաձեռնության առաջին ոգեշնչող քայլերին, Վրեժ Գեւորգյանը նշեց, որ սա միայն սկիզբն է, եւ պատրաստակամ է կատարել բոլոր առաջարկությունները, որոնք միտված կլինեն խմբակը մեծացնելուն, երեխաների թիվը ավելացնելուն: Ապա դիմելով սաներին եւ մարզիչներին` հորդորեց ձգտել հասնել այնպիսի բարձունքի, որ իրենցով հպարտանան թե մարզիչները, թե ինքը, թե համագյուղացիները, թե բոլորը, ինչը կհամարի այս ծրագրի իր ամենամեծ ձռքբերումը «Ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը շատերին է խանդավառել, տեսնում եմ, որ ոգեւորված են հատկապես երեխաները, ցանկանում եմ, որ կարողանաք կատարել ավելի դժվար վարժություններ, ավելի մեծ ծրագրեր եւ նպատակներ դրեք ձեր առջեւ, ցանկանում եմ, որ, ի վերջո, դառնաք իսկական մարզիկ եւ մեր հայրենիքի ուժեղ եւ անկոտրուն զինվոր»,- նշեց բարերարը:

Հ.Գ. Ով գիտե` այստեղ, գուցե, ապագա չեմպինոններ են մեծանում, բայց անառարկելի է, որ մեծանում է կոփված, մարզված, կամային որակներ ձեռք բերած եւ պայքարի ու հաղթանակի գինն ու հարգը իմացող ապագա զինվորն ու երկրի ապագա քաղաքացին…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *