ԱՅՍՕՐ ՄԵԶ ՎՈՒՐԳ ՈՍԿԱՆՅԱՆՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

«Նախախնամությամբ էր, երեւի, կանխորոշված, որ Հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցի նախապապի շառավիղ Արշակի կրտսեր որդու՝ Վուրգի ծննդյան ավետիսը ազդարարվի մայիսի 28-ին՝ հայոց պետականության վերականգնման օրը»,- Վուրգ Ոսկանյանի հուշարձանի մոտ այսօր տեղի ունեցած հանդիսության ժամանակ իր ելույթում ասաց Աիդա Առաքելյանը:

Այնուհետեւ, անդրադառնալով բոլոր ժամանակների եւ սիսիանյան բոլոր սերունդների հրամանատար Վուրգ Ոսկանյանի անցած մարտական ու հերոսական ուղուն, ավելացրեց՝ «Երկար տարիներ աշխատելով Սիսիանի առաջին միջնակարգ դպրոցում որպես ռազմագիտության ուսուցիչ, նա իր սաներին կրթում ու դաստիարակում էր անկախության ոգով: Իր պրպտող ու անհանգիստ բնավորությամբ վաստակել էր ճանաչված մանակավարժի համբավ, դարձել հանրապետության ողջ տարածքն ընդգրկող հայրենագիտական-տուրիստական արշավանքների հմուտ կազմակերպիչ»:

Քաջարի հրամանատարի կյանքում, սակայն, նոր էջ բացեց արցախյան գոյամարտը:DSC09658

1988 թվականից սկսած մինչեւ իր հերոսական նահատակությունը նա ազգային-ազատագրական պայքարի հորձանուտում էր: Անսահման նվիրված լինելով հայրենիքի անկախության եւ ազատության գաղափարին՝ զենք վերցրեց, ձեւավորեց երկրապահ կամավորականների ջոկատ, 4 տարի շարունակ կռվեց Սյունիքի, Տավուշի, Արցախի պաշտպանական դիրքերում:

«Վուրգ Ոսկանյանը սիմվոլ էր իր հախուռն կյանքով, լեգենդ՝ արդեն կենդանության տարիներին:

Նա ոչ միայն քաջ հրամանատար էր, հմուտ զինակիր, այլեւ՝ հուսալի ու անփոխարինելի ընկեր, որի կողքին լինելը արժանապատիվ սխրանքերի դաս էր:

Նա ապրեց որպես հրամանատար եւ զոհվեց որպես հրամանատար»-ընդգծեց բանախոսը՝ ասելով ՝ մշտարթուն ժամապահը իր ազատագրված հայրենքի հսկիչն էր, նա քայլող  նահատակ էր՝ ճակատագրով, զինվոր էր՝ հայրենապաշտի իր դավանանքով:

DSC09637«Թեեւ ողջ կյանքը նվիրաբերել էր իր ազատագրական ու ազատատենչ գաղափարներին, գաղափարի նվիրյալ հրամանատարը, չկասկածելով հայոց զենքի հաղթանակին, 1993 թ-ի մարտի 31-ին Լաչինի Կորչու (Վակունիս) գյուղի մոտ տվեց իր վերջին մարտը եւ իր 10 զինակից ընկերների՝ Գեւորգ Ավետիսյանի, Լավրենտ Նազարյանի, Վահան Սիմոնյանի, Հրայր Եղիազարյանի, Զոհրակ Գեւորգյանի, Ալբերտ Ազարյանի, Վալերիկ Ավետիսյանի, Վարդան Բաբայանի, Մելսիկ Աթանեսյանի, Վոլոդյա Կարապետյանի հետ մարտիրոսվեցին»,-ասաց նա:

Մայիսյան տոների, մասնավորաբար՝ մայիսի 28-ի խորհրդով իմաստնացած եւ քաջազուն հրամանատարի՝ հայրենապաշտության ու զինապաշտության օրինակով հիշեցրեց.

«Մեր կռիվը դեռ չի ավարտվել, մեր խաղաղությունը հարաբերական է, ու քանի դեռ գրեթե ամեն օր մի նոր նահատակ զինվոր ենք թաղում, մեր պայքարը դեռ ճամփա ունի անցնելու՝ ոգեշնչված արցախյան  նահատակների նվիրական գործով»:

Օրվա խորհուրդը կարեւորեցին նաեւ միջոցառման մասնակիցները:DSC09655

Սիսական գնդի մայոր Ռուբեն Մկրտչյանն ասաց, որ եղել է Վուրգ Ոսկանյանի դստեր՝ Անահիտի համադասարանցին, եւ իր հայրենասիրության ու հայրենաճանաչողության գործում մեծ ու անգնահատելի համարեց Վուրգից ստացած դասերը:

Արթուր Ստեփանյանը, փառք տալով բոլոր ժամանակների նահատակներին եւ հերոսներին, ասաց, որ պիտի կարողանանք անկախության հարգը լավ գիտակցել, որպեսզի Ղարսի ճակատամարտի գնդապետ Մազմանյանի ինքնասպանության դեպքերը բացառենք: Կարեւորեց հայրենասիրական ոգու բարձրացումը՝  հաջորդ հաղթական տոնը Էրգրում նշելու մաղթանքով:

Զոհված ազատամարտիկի այրի Մարինե Հարությունյանը շնորհակալություն հայտնեց նման միջոցառում կազմակերպելու համար, ասելով, որ Վուրգ Ոսկանյանին հիշելով՝ հիշում ենք մեր բոլոր նահատակներին եւ հպարտանում նրանց անուններով, իսկ ազատագրված Արցախը համարում նրանց թափած արյան գինը:

Վրահաս հորդառատ անձրեւն անգամ ի զորու չեղավ խանգարել միջոցառման ընթացքը:

Այն իրենց գեղեցիկ կատարումներով զարդարեցին երեխաները:

«Որոտան»

28.05.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *