ԱՅՍ ԳԱՐՈՒՆՆ ԷԼ ԿԱՆՑՆԻ…

Ֆեյսբուքում մարտի 1-ից մինչև մայիսի 31-ը՝ գարնանը, հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը՝ ամռանը, սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը՝ աշնանը և դեկտեմբերի 1-ից մինչև փետրվարի 28-ը՝ ձմռանը փառաբանելը վարակիչ է դարձել: Մյուսներին ընդօրինակելով, նմանվելով ու կրկնելով ինքնաարտահայտման տարբերակը շատ պրիմիտիվ է կայացած, սեփական կերպարն ու ձեռագիրն ունեցող մարդկանց համար: Իրենց հեղինակային լուսանկարների ցուցահանդեսներով և գրքերի շնորհանդեսներով բազմաթիվ երկրպագուներին ուրախացրած ընկերներս այս օրերին հեռու էին գարնան թագադրման իրարանցումից: Նրանք զբաղված են իրենց գլուխգործոցներում գեղեցիկն արժեվորելով: 11037106_822944041134972_6961076200858209871_n
Սյունիքի մարզի Դարբաս գյուղի մեր այգում արված հեղինակային այս լուսանկարս տարիներ շարունակ իմ ֆեյսբուքյան էջի ետնանկարն է՝ անկախ գտնվելուս վայրից, տարվա եղանակից, օդի ջերմաստիճանից, շրջապատող հանգամանքներից …
Ասել կուզեմ, որ ինձ համար գարունն օրացույցում չէ. այն հոգեվիճակ է: Մարդկանց անկեղծորեն բարեմաղթանքներ հղելու, հաճոյախոսություններ անելու, հարգանքով, բարի, սիրալիր ու ջերմ վերաբերվելու համար ամսաթվեր, պայմանական օրեր ու եղանակային փոփոխություններ պետք չեն: Կյանքն ինքնին տոն է, և պետք է գնահատել ու ճիշտ տնօրինել նրա ամեն վայրկյանը՝ տարվա բոլոր օրերին: Այս գարունն էլ կանցնի: Լուսավոր ու պայծառ էությամբ մարդու համար միշտ էլ ամենալավ տեղը իր գտնվելու վայրն է, ամենաերջանիկ պահը տվյալ վայրկյանն է և ցանկացած խոչընդոտ միայն հնարավորություն է:

Diana Bakhshyan-ի ֆեյսբուքյան գրառումը

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *