ԱՅՍ ՁՄԵՌՆ ԷԼ ՀԱՂԹԱՀԱՐՎԵՑ

Այս ձմեռն այնքան նման էր իմ մանկության ձմեռներին, «չկաների» ձմեռներին. լույս չկար, գազ չկար, շա՜տ բան չկար:
Այսօր ամեն ինչ կա, բայց շատերի համար էլի ոչինչ չկա, կա միայն… ճգնաժամ:
Ինչեւէ, «հետճգնաժամային» առաջին ձմեռն անցավ` շատ ու շատ ընտանիքների գցելով խորը ճգնաժամի մեջ:

Գաղտնիք չէ, որ ձմեռվա ընթացքում կտրուկ մեծանում են բնակչության ծախսերը. խոսքը ե՛ւ սննդամթերքի մասին է, ե՛ւ հագուստի, ե՛ւ վառելիքի:
Այս ձմռանը ցրտաշունչ եղանակներին գումարվեց պտտահողմի արագությամբ ընթացող գնաճը, եւ առավել զգալի ու շոշափելի դարձավ գազի սակագնի «բարձրությունը»:
2010 թվականի ապրիլի 1-ից գազ սպառող բնակիչների համար 1 խ/մ գազի սակագինը բարձրացել եւ 96 դրամից դարձել է 132 դրամ: Այս ձմռանը մեր բնակիչները բնակարանների ջերմությունը նորմալ պահելու համար ստիպված եղան ծախսել մոտ 40%-ով ավելի գումար, քան` անցած տարի: Միջին հայաստանյան ընտանիքը ձմռանը ծախսում է մոտ 250-300 խ/մ գազ, հետեւաբար, եթե անցած տարի գազի վարձավճարը ամսեկան կազմում էր մոտ 24-29 հազար դրամ, ապա այս ձմեռ այդ գումարը կազմեց մոտ 35-40 հազար դրամ:
Թվերն ավելի են աճում, երբ խոսքը վերաբերում է կոնկրետ Սիսիանին: Ելնելով մեր տարածաշրջանի կլիմայական պայմաններից` սիսիանցիները բնակարանները ջեռուցում են գրեթե նոյեմբերից մինչեւ մարտ-ապրիլ ամիսները: Պարզ հաշվարկ է, Սիսիանում գազ սպառող յուրաքանչյուր ընտանիք նախկին տարվա մոտ 170 հազար դրամի փոխարեն ձ2011_2մեռը տաքուկ տներում անցկացնելու համար ընտանեկան բյուջեից այս ձմռանը հատկացրեց միջինը 210 հազար դրամ:
Նման հաշվարկների պայմաններում  հետաքրքիր է` Սիսիանում գազի սպառման ծավալը նվազե՞լ է, թե` ոչ: Այս հարցով դիմեցինք գազամատակարարման եւ գազիֆիկացման Սյունիքի մասնաճյուղի Սիսիանի տեղամասի պետ Հարություն Խաչատրյանին: Պարզվեց, որ գազի սպառման ծավալը այս տարի նույնն էր, ինչ` նախորդ տարի: Առաջին հայացքից տպավորությունն այն է, որ մեր քաղաքացիները հարմարվել են գազի սակագնի բարձրացման մտքի հետ, ծախսել են այնքան, որքան` նախորդ տարի: Բայց եթե հաշվի առնենք պարոն Խաչատրյանի այն տեղեկատվությունը, որ 2010 թվականին բաժանորդների թիվը ավելացել է 180-ով` հասնելով 4900-ի, եւ նաեւ այն, որ ավելացել են ջեռուցման կենտրոնացված համակարգից օգտվող կազմակերպությունների թիվը, ապա տրամաբանական կլիներ, որ սպառման ծավալը ավելանար, եւ ոչ թե մնար նույնը: Նշանակում է` գազի սպառման ծավալները պահպանվել են վճարունակ սպառողների հաշվին, մեկ վճարունակ սապառող կարող է ծախսել, ասենք, 10 ոչ վճարունակ սպառողի չափ գազ, ովքեր անցել են վառարանային ջեռուցման:2011_1
Գաղտնիք չէ, որ այս տարի շատ բնակարաններում գազի վառարաններին փոխարինեցին փայտի, աթարի վառարանները: Այդ թվում է նաեւ Ջուլիետա Ստեփանյանի ընտանիքը. «Շատ էինք ուրախացել, վերջապես ազատվել էինք վառարան վառելու դժվարություններից, ծխից, երեւի շատ ուրախացանք,- ասում է տիկին Ջուլիետան,- նախընտրում ենք ամսեկան գազի համար 35 հազար դրամ մուծելու փոխարեն 17-20 հազար հատկացնել վառելափայտին: Նորածին երեխա ունենք, տունը պետք է շուրջօրյա ջեռուցվի»:
Իսկ Սյունիք թաղամասից Համեստ եւ Կենտրիկ Ալեքսանյան ամուսինները նախընտրել են գազը փոխարինել ամռան ամիսներին հավաքած ցախով եւ, ինչպես իրենք նշեցին, խնամքով մշակված աթարով. «Տղաներս Ռուսաստանում են, չեն քրքրվելու` մեզ գումար ուղարկեն, մենք էլ տանք քամուն, ափսոս է, չէ՞»,- ասում է տիկին Համեստը: Իսկ 70-ամյա Կենտրիկ հայրիկը անտրտունջ օրը մի քանի անգամ ցախատնից փայտ ու աթար է տանում տուն, շարում վառարանի կողքին, նստում, նայում  ճտճտացող կրակին ու հաշվում, թե այդ օրը որքան գումար խնայեցին ոչ թե գազ, այլ աթար վառելով:
Խնայե՛լ, խնայե՛լ, որքա՞ն եւ մինչեւ ե՞րբ…
Մի կազմակերպության տնօրեն էլ, ցույց տալով փայտե վառարանի շուրջ դարսված ճյուղ ու լաթերը, ասաց` «Մեզ էլ իբրեւ վառելափայտ են տվել. այս ձմեռ ինչքան ճյուղ ու տերեւ վառվեցին` փայտի անվան տակ»:2011_3
Հագուստի եւ պարենային ապրանքների մասով եւս վիճակն անցնող ամիսներին մխիթարական չէր:
Ձմռանը զգեստապահարանի նորացումը ոչ թե ավելորդ շքեղություն է, այլ` պարտադիր անհրաժեշտություն: Իսկ ինչո՞վ էր պայմանավորված հագուստի շուկայի թանկացումը, առեւտրով զբաղվողների հավստմամբ` գների թանկացումը կամայական չէ, այլ բացառապես կապված է արտաքին գործոններից. ներկրվող ապրանքների գներն են աճել, մաքսատուրքերն են ավելացել: Այս առումով հատկապես տպավորիչ էր նախկին մանկավարժ  Արեւիկ Մանասյանի կարծիքը.«Նոր եմ դուրս գալիս բանկից, իմ եւ ամուսնուս ողջ թոշակը «թողեցի» այնտեղ,- ասում է տիկին Մանասյանը,- վարկ ենք փակում, կոմունալ վարձերն  են շատ լինում, հագուստի կամ կոշիկների համար գումար չի էլ մնում, ուր մնաց` իմանանք` թանկացել է, թե` ոչ: Երեխաները մեկը մյուսի շորերով են յոլա գնում, ձյունն էլ գալուց մտքի երեւակայությանն ենք դիմում, թե ոնց անենք, որ ոտքներս չթրջվի»:2011_5
Գների աճի ամենաբարձր տեմպը արձանագրվեց հատկապես պարենային ապրանքների մասով` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 12%-ով: Թանկացավ ալյուրը, բանջարեղենը, միրգը, ու ելքեր գտնելու փոխարեն բավարարվեցինք պատճառներ փնտրելով. արտաքին շուկայում թանկացումներ են, տարին բերքառատ չէր եւ այլն, եւ այլն: Իսկ ձուն ու պանիրն էլ դարձան… դարձան…ի՞նչ բառ օգտագործել ¥նորից փորփրեմ մանկությանս մութ ու ցուրտ հուշերը ու բերեմ ցրտաբույր «նորմա» բառը) դարձան նոր-մա-յով:
«Մեր ամբողջ օրվա զրույցի թեման էս խայտառակ թանկացումներն են,- բողոքում է 60-ամյա Սլավիկ հայրիկը,- ո՞վ էր տեսել սիսիանցու սեղանին ձմեռը մեծ ափսեով միրգ չլինի: Խնձորն ի՞նչ ա, մեր հարսը դա էլ ա կտրատած սեղանին դնում, ասում են` կիլոգրամը 1500 դրամ է»:
Մեր քաղաքացիներին չի մխիթարում նաեւ որպես գնաճի փոխհատուցում նպաստների ու կենսաթոշակների ավելանալու փաստը: «Ծախսերն ավելանում են, եկամուտները` ոչ»,-ասում են նրանք: Բազմազավակ մայր Արշալույս Գրիգորյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, երկար տարիներ  աշխատել է հաշվապահ, կատակում է, որ անգամ հաշվապահական գիտելիքները  տեղի են տալիս ընտանիքի ամսեկան ծախսերը հաշվարկելիս ու առաջարկում է. «Թող մեր իշխանավորները 50 հազար դրամով, որով շատ ընտանիքներ ապրում կամ, ավելի ճիշտ, գոյատեւում են մեկ ամիս, փորձեն հաղթահարել ընդամենը մեկ շաբաթ` այդ գումարից վճարելով կոմունալ վարձերը, հոգալ հացի խնդիրը ու ձգտել մերկ չմնալ»:
Ինչեւէ, այս ձմեռն էլ հաղթահարվեց. լավ թե վատ, հեշտ թե դժվար: Սիսիանցին խոսում է , դժգոհում ու ձգտում բողոքելու փոխարեն ելքեր գտնել, ու  իրեն հատուկ աշխատասիրությամբ ու լավատեսությամբ, անկախ` «ճգնաժամ», «հետճգնաժամ», «անցումային փուլ» ու էլի նման սին ու անհասկանալի շատ բառակապակցություններից, դեռ ձմեռը չավարտված, գարնան նախաշեմին սկսում է մտածել  գալիք ձմեռվա մասին` բնությունից հայցելով  հաջող վար ու ցանք, Աստծուց` խաղաղ ու բերքառատ տարի:

Անի ՍԻՄՈՆՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *