ԱՅՑ, ՈՐ ՆՄԱՆ ԷՐ ՈՒԽՏԻ

Խմբագրություն էր եկել վաստակաշատ մանկավարժ, այժմ` վաստակած հանգստի անցած ուսուցչուհի Սվետիկ Համբարձումյանը: Առաքելությամբ էր եկել, պարտքի մղումով, սրտի թելադրանքով, պարտավորության զգացումով: Հուզված էր` շատ: Հուզմունքը ներսից էր ու նաեւ` կարոտից. 4 տարի բացակայել էր Սիսիանից, թեեւ` բարեկեցիկ ու ապահով, այլեւս առանց սիսիանյան իր կյանքի չէր կարողացել ապրել Ռուսաստանում, եւ… տուն էր վերադարձել:

…Նստեց, դողդոջուն ձեռքերով պայուսակից հանեց թղթեր, լուսանկարներ: Տեսարանը ծանոթ էր` շատ ու շատ նման որեւէ ֆիլմում տեսած կամ գրքում կարդացած հայտնի մի պատկերի: Նման էր, բնական էր, անկեղծ էր: Ասաց, որ իրեն մեզ մոտ է բերել Մեծ հայրենականի հաղթանակի օրվան` Մայիսի 9-ին նվիրված մի նվիրական փափագ, ցանկություն, գուցե եւ` ուխտ, եւ գունաթափ թղթերն ու լուսանկարները դրեց սեղանին: Հետո, երբ հեռացավ, կարդացի: Կարդացի ու խորհեցի, խորհեցի ու ակնածանքով լցվեցի, հավատամքով, որ` …«հիշվում են նրանք անուն առ անուն, այդ նրանք էին մեր բախտը կռում, այն էլ` ինչ գնով, հիշում ենք նրանց»: Ու նրանք ապրելու են այնքան, քանի դեռ ապրում են նրանց հիշող սրտերը:
Խունացած նոթատետրում պատերազմական հուշեր են, պատերազմական օրերի գրառումներ, հաղթանակի հույսեր, որ այնքան հեռու, հեռու էր թվում: Խունացած թղթերից մեկի վրա երկար սպասված հաղթանակը ճաշակած եւ հաղթողի փառքով տուն դարձած նախկին զինվորի ետպատերազմյան հուշերն էին, պատերազմի դժվարին ճանապարհի, թեժ մարտերի նկարագրություններ:
Նոթատետրի հեղինակը Սվետիկ Համբարձումյանի հորեղբայրն էր` Գրիգոր Ստեփանյանը: Տիկին Սվետիկի հայրը նույնպես մասնակցել է Մեծ հայրենականին, զոհվել, երբ Սվետիկը շատ փոքր էր, եւ նրա Գրիգոր հորեղբայրը հայր է դարձել նաեւ իր համար:
Խունացած թղթերի վրա Գրիգոր Ստեփանյանի, նրա սերնդի, պատերազմական եւ ետպատերազմական կյանքի վավերագրությունն է` գրված մեծ խնամքով, մեծ հարգանքով այն ամենի հանդեպ, ինչն այսօր արդեն պատմություն է:
Պատերազմից հետո Գրիգոր Ստեփանյանը լծվել է հայրենաշեն աշխատանքի, պատասխանատու պաշտոններ կատարել, արժանացել պատվոգրերի, մեդալների, ՀՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրի: Բայց միշտ մի առանձնահատուկ հույզով ու հպարտությամբ է խոսել իր ամենաարժեքավոր պարգեւի` «Կարմիր աստղ» շքանշանի մասին, որ ստացել է Կերչ քաղաքի ազատագրման համար մղված մարտերին ակտիվ մասնակցության համար:
Իր հավերժական հանգիստը գտել է հայրենի հողում:
Անցել են տարիները: Անցել են տասնամյակները: Մեծ հայրենականի մասնակից հորեղբոր կերպարը մինչ օրս էլ անջինջ է մնացել վաստակաշատ մանկավարժ Սվետիկ Համբարձումյանի հիշողության, կենսագրության մեջ, ու պարտքի, երախտագիտության զգացումն էր, որ այս կարմիր ու ազիզ օրով` Մայիսի 9-ի առիթով փորձեց երախտահատույց լինել պատգամախոս ու մեծանուն հորեղբորը, դրանով հարգելով Մեծ հայրենականի բոլոր զոհվածների, բոլոր մասնակիցների, նաեւ` այսօր դեռեւս ապրող մի քանի վետերանների սխրանքն ու անունը, ում արյամբ, կյանքի գնով ու սրտի զարկով կռվել է մեծ հաղթանակը:
Սվետիկ Համբարձումյանին հորդորեցինք այդ նյութերը թանգարանին հանձնել, որովհետեւ ուրիշ որտեղ է պատմությունն այդքան խոսուն ու կենդանի, հարատեւող ու մնայուն, եթե ոչ` թանգարանում: Հավանություն տվեց առաջարկին: Չէր մտածել` ենթադրելով, որ դրանք անձնական մասունքներ են, իրենն են: Իրենն են, ու…բոլորինն են, որովհետեւ պատերազմն էլ բոլորինն էր, հաղթանակն էլ, պատմությունն էլ, որովհետեւ ոչ ոք չի մոռացվել ու ոչինչ չի մոռացվել:

Արուհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *