ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ` ԱՆԱՎԱՐՏ ՄԻ ՀՈՒՇԱԿՈՄՊԼԵՔՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Անգեղակոթ տանող քարքարոտ ու ամայի դաշտամիջյան ճանապարհին մի հուշաքար կա, որը, պատմական սահմանաքարերի նման, վկայում ու խորհրդանշում է գյուղի մուտքը: Հուշաքարի վրա գրված է` «Այստեղ կկառուցվի հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշակոմպլեքս» եւ 150 թիվը:
Երբ հետաքրքրվում էի այս հուշակոմպլեքսի պատմությամբ, զրուցեցի գյուղի տարեցների հետ: Նրանք հիշեցին, որ հուշաքարը տեղադրվել է 1977 թ. խորհրդային իշխանության նախաձեռնությամբ և անգեղակոթցիների աջակցությամբ: Տեղի է ունեցել հուշաքարի բացման արարողություն և մեծ միջոցառում` նվիրված Իսրայել Օրու ծավալած գործունեությանը եւ հայ ու ռուս ժողովուրդների բարեկամության 150 ամյակին:
Որ նման հուշակոթող Անգեղակոթում պիտի կառուցվեր, զարմանալի չէ: Անգեղակոթը դարեր ի վեր հայոց պատմության մեջ ունեցել է իր դերակատարումը… Պատմական շատ վկայություններ կան Անգեղակոթում` սկսած Սյունյաց Անդոկ մեծ իշխանից, մինչեւ Վարդան Զորավարին եւ Վասակ Սյունուն վերագրվող դամբարաններ, մինչեւ` Անդրանիկ Զորավար, Գարեգին Նժդեհ  եւ մերօրյա արցախյան հերոսների պանթեոն:
Անգեղակոթի պատմության կարեւորագյուն դրվագներից է 17-րդ դարավերջը, երբ ազգային-ազատագրական պայքարի գործիչները ուղիներ էին որոնում երկիրը պարսիկների հարկային, ազգային ու կրոնական սանձարձակ քաղաքականությունից ազատելու համար: Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու հարցը քսան օր բուռն քննարկվել է Անգեղակոթում եւ պատմագրությանը հայտնի է Անգեղակոթի մելիքների գաղտնի ժողով անվանումով: Այդ ժամանակ Սյունիքում և Արցախում խմորվող ազատագրական ձգտումները գլխավորում էին հին ազնվատոհմ իշխանական ընտանիքների շառավիղները` մելիքները: Եկեղեցական եւ առեւտրական հասարակ խավերից հետո մելիքությունը դառնում էր հայ ազատագրական շարժումը կազմակերպող երրորդ ուժը, որը հատկապես իրեն զգալ տվեց Անգեղակոթի գաղտնի ժողովում: Հայ մելիքների այդ ժողովը հրավիրվել է 1699թ. ապրիլի 9-ին` Անգեղակոթի Մելիք Սաֆրազի ապարանքում, որին մասնակցել է նաեւ Իսրայել Օրին: Ու որպես ազգային-ազատագրական պայքարի գործիչ` Իսրայել Օրու անունը անքակտելիորեն կապված է Անգեղակոթի հետ:
Գյուղի տարեցները պատմում են, որ հուշաքարը տեղադրելու ողջ աշխատանքների իրականացումը, հուշաքարի բացման հանդիսությունը վերահսկվել է խորհրդային իշխանությունների կողմից: Ի սկզբանե որոշված է եղել, որ հուշակոմպլեքսի մեջ լինելու է նաեւ Իսրայել Օրու հուշարձանը:
Հուշակոմպլեքսի կառուցուման աշխատանքները, սակայն, ինչպես ասում են իրենք` տարեցները, իրենց անհայտ պատճառներով դադարեցվել են: Դրան հաջորդել է Խորհրդային Միության փլուզումը: Եվ թեպետ Իսրայել Օրու քարե ներկայությունը բացակայում է հուշաքարում, բայց հիմա շատերն այն առավելապես ընկալում են որպես Իսրայել Օրու հուշաքար եւ այդպես էլ այն ներկայացնում են անցորդներին, համագյուղացիներին, հյուրերին, նոր սերնդին:
Թեեւ Իսրայել Օրու, կամ` հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հուշակոմպլեքսն այդպես էլ չկառուցվեց, բայց 1977 թ.-ից ի վեր այն իր անավարտ կենսագրության մեջ անգամ ամփոփում է դարերի հիշողությունը, այսօրվա մարդկանց շաղկապում պատմությանը և փաստում անգեղակոթյան ոգու, հայրենասիրության, հանուն հայրենիքի` նահատակության պատրաստ լինելու եւ պատմության վավերագիրը դառնալու մասին:
Հարցիս, թե ինչու հատկապես այդ վայրում է կանգնեցվել ապագա հուշակոմպլեքսի կառուցումը հիշատակող հուշաքարը, տարեցներն ասացին, որ այդ ժամանակներում Անգեղակոթ մտնող գլխավոր ճանապարհն այդտեղից է եղել: Հետագայում Անգեղակոթ տանող նոր ճանապարհ է բացվել, եւ հուշակոթողը մնացել է դաշտամիջյան ճանապարհի վրա, անցուդարձից հեռու եւ տեսադաշտից դուրս:
… Հուշակոմպլեքսի` անավարտ մնալը, հետագայում Անգեղակոթի` գլխավոր մուտքի փոխումը, գուցե, իր խորհուրդն ու իմա՞ ստն ուներ…
Բայց, վստահ եմ` հուշաքարը դեռ շատ երկար կանգուն կմնա…
Լիանա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Անգեղակոթ
30.05.2015

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *