Անգեղակոթի Ս. Վարդան եկեղեցու պեղումները տվել են կարևոր արդյունքներ

Երկարատև նախապատրասական աշխատանքներից հետո, 2018թ. ամռանը «Երկիր և մշակույթ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել են Անգեղակոթի Ս. Վարդան եկեղեցու պեղումները: Դրանց արդյունքի մասինMAMUL.am-ի հետ զրույցում տեղեկացրեց պատմաբան, հնագետ Տիգրան Ալեքսանյանը:

Պեղումների հիմնական խնդիրն էր պարզել հուշարձանախմբի ընդհանուր կառուցվածքը, եկեղեցու հորինվածքը, հատակագծային լուծումները, շինարարական փուլերը, մշակութային շերտերը և նրան հարող հնագիտական միջավայրը: Պեղումներին հաջորդելու են հուշարձանի ամրակայման (կամ մասնակի վերականգնման) և տարածքի բարեկարգման աշխատանքները:

1. Պեղումների ընթացքը

1. Պեղումների ընթացքը

Հարկ է նշել, որ Անգեղակոթի հնավայրը մեկն է այն մի քանի տասնյակ հուշարձաններից, որոնք կապվում են Վարդան Զորավարի և Վարդանանց նահատակների անվան հետ: Մեծանուն գիտնական Մորուս Հասրաթյանի կարծիքով նշանավոր զորավարը կարող էր թաղված լինել հենց այստեղ` վաղմիջնադարյան Սյունիքի հոգևոր և քաղաքական կենտրոն Շաղատի հարևանությամբ, որի դին այստեղ են բերել ճակատամարտից նահանջող հայոց զորաջոկատները:

Ներկայումս հուշարձանախումբը բաղկացած է եկեղեցուց, նրա արևմտյան հատվածում առանձնացված նախամուտք-գավիթից, որի հյուսիսային մասից մուտք է բացվում դեպի ժայռափոր հատվածը, և արևմտյան մասում կառուցված սենյակից (գծ. 1): Կառույցներում տեսանելի են տարբեր ժամանակներում արված անկանոն նորոգությունների, զանազան միջամտությունների հետքերը, որոնց արդյունքում ամբողջությամբ խաթարվել և ձևափոխվել է համալիրի նախնական հորինվածքը:

2. Հայտնաբերված քարակոթողները

2. Հայտնաբերված քարակոթողները

Ձեռնարկված պեղումները տվել են շատ կարևոր արդյունքներ: Հայտնաբերվել են տարբեր պահպանվածության երկու տասնյակից ավել խաչքարեր, հուշակոթողների մասեր, թևավոր խաչերի պատվանդաններ այլն, որոնք չափազանց կարևոր են հուշարձանի թվագրության, նորոգությունների ժամանակագրության և հնավայրի պատմական գոյության ուսումնասիրման համար:

Նորահայտումների շարքում առավել արժեքավոր են եկեղեցու հարավ-արևելյան մասում` անմիջապես պատի տակ հայտնաբերված թաղումները: Ամենայն հավանականությամբ, հանգուցյալներն ամփոփվել են հուշակոթողի տակ, որը տեղանքի թեքության պատճառով քանդվել է, սակայն նրա առանձին մասերը նույնպես հայտնաբերվել են: Ինչպես հայտնի է, խնդրո առարկա կոթողները թվագրվում են 5-7-րդ դարերով և կանգնեցվել են երկրի կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների առիթով` քրիստոնեության հաղթանակի, օտար նվածողների դեմ պայքարում կամ հանուն կրոնի զոհված անձանց հիշատակի հավերժացման համար և այլն: Հայտնաբերված կմախքների մարդաբանական և լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են, և առայժմ դժվար է խոսել թաղումների թվագրության և պատկանելիության մասին: Սակայն կոթողի տակ վավերացված թաղումներն արդեն իսկ արժեքավոր փաստագրումներ են և գիտական առումով ունեն մեծ կարևորություն:

3. Հայտնաբերված թաղումները

3. Հայտնաբերված թաղումները

Անգեղակոթի Ս. Վարդան եկեղեցին դարեր շարունակ հայտնի ուխտատեղի է տարածաշրջանի բնակիչների համար: Եվ բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ նախատեսվող նորոգչական աշխատանքների արդյունքում բարեկարգված եկեղեցին նորովի կբացի իր դռները հավատավոր ժողովրդի առաջ:

4. Հուշակոթողի և թաղման կառույցի վերակազմություն (ճարտ. Գ. Գյուլամիրյան)

4. Հուշակոթողի և թաղման կառույցի վերակազմություն (ճարտ. Գ. Գյուլամիրյան)

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *