ԱՆԳԵՂԱԿՈԹԻ ՎԱՐԴԱՆ ԶՈՐԱՎՈՐԸ ՄԵՐ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՑՈՒՄ

12647854_1553014875012196_776203354_n

Պատմական Անգեղակոթ գյուղը հայտնի է իր հարուստ պատմա-մշակութային հուշարձաններով, որոնք սկիզբ են առնում դեռեւս անհիշելի ժամանակներից:
Մի քանի տասնյակի հասնող արժեքավոր պատմական այդ հուշարձանների մեջ, սակայն, ոչ միայն Անգեղակոթի ու անգեղակոթցիների, այլեւ հայոց համար առանձնակի նշանակություն ու կարեւորություն ունի հատկապես մեկը, որը հպարտանալու տեղիք կարող է տալ ցանկացած հայի: Խոսքը գյուղից մոտ կես կմ հեռավորության վրա` կիկլոպյան ամրոցի հարեւանությամբ գտնվող` Վարդան Զորավոր հայտնի սրբավայրի մասին է: Ըստ պահպանվող ավանդազրույցների եւ մեծանուն պատմաբան, բանասեր ու հայագետ Մորուս Հասրաթյանի` 1966 թվականին կատարած պեղումների` հենց այստեղ է ամփովել զորավար Վարդան Մամիկոնյանի դին, որը Ավարայրի ճակատամարտից հետո Սյունիք է բերել նահանջող զորքը: «…Վարդանի դին, ըստ երեւույթին, ամփոփվել է այդ սրբավայրի հարավային պատի տակ…»: 12666526_1553014955012188_1962005425_nՎարդան Մամիկոնյանի հիշատակին կառուցվել է մոտ 8 մետր բարձրություն ունեցող հուշարձան: Կասկածից վեր է, որ Անգեղակոթի Սուրբ Վարդան կոչվող սրբավայրը հիմնվել է մարզպանական Հայաստանի ժամանակ` նախկին հեթանոսական սրբավայրի և այնտեղից բխող սուրբ ջրի ու կիկլոպյան ամրոցի մոտ: Նման կարծիք դեռեւս 1904 թ.-ին հայտնել էր հայ խոշորագույն պատմաբան եւ բանասեր, բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցը:
Պեղումների ընթացքում Սբ. Վարդան Զորավոր մատուռի շրջակայքում հայտանաբերվել է մի ինքնատիպ հուշարձան, որի հիման վրա ապացուցվեց, որ Ավարայրի մարտադաշտից Վարդան Զորավարի դին բերել եւ այստեղ է թաղել Վասակ Սյունին: Իսկ 13-րդ դարում ժողովուրդն էլ նույն տեղում կառուցել է Վարդան Զորավարի անունով մատուռ, որը սրբատեղիի իր համբավը պահպանում է մինչեւ մեր օրերը:
ժամանակի ընթացքում Վարդան Զորավար անվանումը, Վարդան Մամիկոնյանի սրբացման հետ միասին, դարձել է Վարդան Զորավոր (զորություն տվող) եւ ցայսօր այդպես պահպանվել ժողովրդի գիտակցության, պատկերացումների եւ արտասանության մեջ:12695891_1553014918345525_1250792045_n
Անցնելով անողոք ժամանակների եւ դարերի միջով` պատմական հուշարձանը ժառանգություն է մնացել մեզ` նորօրյա սերնդին, որպեսզի մենք էլ այն փոխանցենք հաջորդող դարերին ու սերունդներին` դրա հետ միաժամանակ փոխանցելով մեր հպարտությունը, ազգային ինքնագիտակցության մեր ընկալումն ու զգացումները, մեր պատմության հետ մեր կապի անքակտելիությունն ու շարունակությունը, բոլոր ժամանակների համար կենսունակ` Վասն հայրենյաց պատգամը:
Սակայն ցավով ու տագնապում ուզում եմ տեղեկացնել, որ սրբավայրն այսօր կարծես «հոգեւարքի» մեջ է: Երբ բարձրանում ես այնտեղ`  թվում է`  հայտնվում ես ամայության ու անհայտի ոստայնում, որտեղ տեր ու տնօրեն են դարձել … մոռացությունը, լքվածությունը, անտարբերությունը, ու կարծես հենց այստեղ է կտրվել մեր պատմության հետ մեր հարահոս կապը` մեզ նետելով անօդ տարածք…
Սրբավայրը ցանկապատված չէ, եւ «մուտքն ազատ է» խոտաճարակ անասունների համար, իսկ փոշով պատված պատերը որոշ պատանիների համար դարձել են «սիրո խոստովանության հուշատախտակ»: Վատթարագույնն այն է, որ տանիքն ամեն վայրկյան կարող է փլվել «մոլորված» որեւէ ուխտավորի գլխին: Շրջապատն անմխիթար է, քանդված հուշարձանի ցաքուցիր քարերն էլ երբեմն սեղան-աթոռի դեր են կատարում կեր ու խումի սիրահարների համար:
Վարդան Մամիկոնյանի, ասել է թե` մեր պատմության ամենահերոսական էջերից մեկի հետ կապված սրբավայրի այսօրվա վիճակը, համոզված եմ, մեծ ցավ է պատճառում բոլոր անգեղակոթցիներին: Եվ` ոչ միայն անգեղակոթցիներին… Բայց դրանից, ցավոք, ոչ միայն ոչինչ չի փոխվում, այլեւ` այնտեղ կատարած ամեն այցից հետո կարող ես նոր ճեղք տեսնել նրա դարավոր դեմքին:12674281_1552609571719393_1783257365_n
Ասել, թե այս վիճակը չի մտահոգում անգեղակոթցիներին, արդար չի լինի:
Օրերս գյուղի մի քանի երիտասարդների հետ համագյուղացի Հայկ Բաղիկյանը, ով սրբավայրը վերականգնելու նախաձեռնող խմբի անդամներից է, եղել է այնտեղ, եւ իր մտահոգություններն արտահայտող այս լուսանկարները նա տրամադրեց մեզ: «Սրբավայրը, ցավոք, գտնվում է վատթար վիճակում, ինչը թույլ չի տալիս բովանդակային ու հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել, գրավել երիտասարդության ուշադրությունն ու դրանով իսկ ապահովել նրանց ակտիվ  մասնակցությունը                     մեր միջոցառումներին: Այդ անուշադրությունն ու մատուռի` օր օրի քանդվող պատերն ու ծածկը որքանո՞վ համոզիչ կդարձնեն հայրենասիրության ու ազգային ինքնագիտակցության ու ազգային արժեքների մասին մեր պատկերացումները, դժվար է ասել»,-ասում է Հայկը:12695818_1553014938345523_1097669609_n
Բայց նա միանշանակ համոզված է, որ խնդիրը պետք է լուծվի, և հույս է հայտնում, որ պատկան մարմինները, տարբեր հասարակական կազմակերպություններ, իշխանավորներ, գործարարներ, բարերարներ պետք է արձագանքեն դրան: Ինքն էլ պատրաստակամ է իր հնարավորության սահմանում լինել աջակից:
Հենց այս օրերին Անգեղակոթում կրկին ակտիվացել են սրբավայրը վերականգնելու խոսակցությունները, եւ ասում են, որ այն կործանումից ու փլվուզումից փրկելու համար մեծ ֆինանսական միջոցներ են հարկավոր: Բայց, կարծում եմ, ամենից առաջ մեր` բոլոր անգեղակթոցիներիս բարոյական պարտքն է մեր բնակավայրի անունը անհիշելի ժամանակներից մեր օրեր բերող սրբավայրի վերականգնումը:
Ինչո՞ւ ենք այսքան անտարբեր դարձել սեփական հողում ունեցած պատմա-մշակութային արժեքի հանդեպ: Եվ դա այն դեպքում, երբ ամեն տարի Վարդավառի տոնին հազարավոր ուխտավորներ են այստեղ գալիս երկրի տարբեր վայրերից` աղոթելու, սուրբ Վարդան Մամիկոնյանի մասունքներին հաղորդակից լինելու, ուխտ կապելու …եւ այդ անգին ու անգնահատելի ժառանգությունն իրենց միջոցով սերնդե սերունդ փոխանցելու համար…

Լիանա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Անգեղակոթ
5.02.2016

 

 

1,811 դիտում

Մեկ Արձագանքման ԱՆԳԵՂԱԿՈԹԻ ՎԱՐԴԱՆ ԶՈՐԱՎՈՐԸ ՄԵՐ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՑՈՒՄ համար

  1. Մարս -ը գրել է:

    Շատ եմ ափսոսում սրբավայրի ցավալի վիճակի համար

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *