ԱՆԳԵՂԱԿՈԹՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ԼՈՒԾՎՈՒՄ

«Անգեղակոթի համայնքի համար բոլոր կուսակցությունները միասին վերցրած չեն արել այն, ինչ արել է Հանրապետականը»,- ասում է Անգեղակոթի համայնքի ղեկավար Արմեն Խաչատրյանը եւ հավելում, որ Անգեղակոթում արված հսկայական ներդրումները, կարեւորագույն հարցերին լուծում տալը իրեն մեծ վստահություն են ներշնչում այդպես արտահայտվելու եւ մի ողջ համայնքի անունից իրեն իրավունք է վերապահում ասել, որ ինչպես Հանրապետականն է ամուր կանգնած եղել Անգեղակոթի թիկունքին, այնպես էլ` Անգեղակոթն է կանգնելու նրա թիկունքին:
Ասում է եւ ներքին հպարտությամբ օրինակներ բերում, որ պատմության բոլոր ճակատագրական եւ օրհասական պահերին Անգեղակոթը միշտ իր պետության, իր իշխանավորի, իր գահակալի կողքին է եղել` Անդոկ իշխանի ժամանակներից սկսած մինչեւ Արցախյան գոյամարտ, մինչեւ` մեր օրերը: «Դա գենետիկ ժառանգություն է, որ անգեղակոթցին պահպանում է իր մեջ ոչ թե անձերին, այլ` արժեքներին նվիրվելու եւ դրանք կարեւորելու ավանդույթը փոխանցելով ժառանգաբար»,- ասում է Արմեն Խաչատրյանը` անգեղակոթյան հաստատակամությամբ, վճռականությամբ, համոզմունքով:
Այս մտքերը շարադրելուց հետո է միայն ներկայացնում այն հսկայական աշխատանքները, ներդրումները, ծրագրերը, որ իրականացվել ու իրականացվում են համայնքում վերջին 3 տարիների ընթացքում:
Ասում է, որ 2009 թ.-ին ԻՖԱԴ-ի ծրագրով, 70 մլն դրամ արժողությամբ, գազիֆիկացվել է համայնքը: 7 մլն համայնքային ներդումը կատարվել է համայնքային բյուջեով, իսկ մայր գազատարից հեռու գտնվող տների` 1 կմ խողովակաշարն անցկացնելուն օգնել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Անգեղակոթի համար շատ կարեւոր է համարում Սոցներդրումների հիմնադրամով (116 մլն դրամ ֆինանսավորմամբ) 2010 թ.-ին մշակույթի տան հիմնանորոգումը, որի 10 % համայնքային ներդրումը դարձյալ իրականացվել է Սյունիքի մարզպետի աջակցությամբ:
Հենց այս օրերին շարունակվող Անգեղակոթի դպրոցի հիմնանորոգումը, որն իրականացվում է պետբյուջեի հատկացրած միջոցներով, նոր վստահություն ու նոր երաշխիք է տալիս  թե ուսուցչին, թե աշակերտին, թե նրա ծնողին, թե համայնքի մյուս բնակիչներին երկրի կառավարության, նրա որդեգրած քաղաքական կուրսի եւ քաղաքական այն ուժի հանդեպ, որը դրա անմիջական իրականացնողն է:
340 մլն դրամ արժողությամբ եւ 2 փուլով ընթացող դպրոցի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարի:
Հետո Անգեղակոթի համայնքի ղեկավարը նշում է, որ թե համայնքի միջոցներով, թե այլ ծրագրերով ու ֆինանսական աղբյուրներով Մուխուրթուրյան ջրագծից առանձին խողովակաշար է անցկացվել, եւ համայնքը դարձել է «Հայջրմուղկոյուղու» օրինական բաժանորդ, սակայն մտածում են երկրորդ ջրագիծ անցկացնելու մասին, որ վարձավճարները ոչ թե հայջրմուղին գնան, այլ` մտնեն համայնքային բյուջե, մտածում են Սպանդարյան ջրանցքից համայնք եկող ոռոգման ջրատարի վերանորոգման եւ այլ խնդիրների մասին: Ասում է, որ գիշերային լուսավորություն է անցկացվել, որ 2 տարվա քաշքշուկից հետո կարողացել են նախկին ուսուցչի տունը սեփականաշնորհել 8 ուսուցիչների, որ մաքրվել ու բարեկարգվել են համայնքային ճանապարհները, արոտների ջրավազանները, 95 %-ով աթարից ազատվել են գյուղի ճանապարհներն ու հնավայրերի տարածքները, որ… «Կարեւորը, սակայն, այն է, որ երկրի կառավարությունը, այն կուսակցությունը, որի անդամն եմ նաեւ ես, կանգնած է համայնքի թիկունքին համայնքապետի մեջքին, ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ` միշտ, վստահաբար կարող եմ ասել` իմ պաշտոնավարման 3 տարիների ընթացքում` ամեն օր, ամեն պահի»:
«Թեեւ այսքան հսկայածավալ աշխատանքներ են արվել համայնքում, բայց լուծման կարոտ շատ խնդիրներ դեռեւս մնում են հրատապ,- ասում է Արմեն Խաչատրյանը, եւ, սեփական փորձով երաշխավորում, որ դրանց հավանական լուծումը եւս չի ուշանա առաջիկայում,- ահա սա է, որ հիմք է տալիս «Հավատանք, որ փոխենքին»: Իսկ մենք չհավատալու հիմքեր չունենք»:

Համարի նյութերը եւ լուսանկարները
նախապատրաստվել են ՀՀԿ Սիսիանի
նախընտրական շտաբում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *