ԱՆԳԵՂԱԿՈԹՑԻՆ ՊԱՐՏՔ ՄՆԱ՜…

Արմեն Խաչատրյանը Անգեղակոթի համայնքում պաշտոնավարող երկրորդ համայնքապետն է՝ համայնքների ձեւավորումից ի վեր: Ընտրվել է 2008-ին: 44 տարեկան է, ունի բարձրագույն կրթություն, մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է: Աշխատանքային կենսագրությունն սկսել է բանվորությունից, այնուհետեւ շուրջ 11 տարի աշխատել է Էլեկտրոցանցում: Բայց, մտածելով, որ Անգեղակոթին վայել եւ հարիր չէր նրա եղած հեղինակությունը, մասնակցել է համայնքի ղեկավարի ընտրապայքարին: «Ցանկացել եմ համայնքապետ դառնալ, որ ինձանից հետո ընտրվողն իմանա, որ գյուղապետը գյուղացու հոգսերը թեթեւացնելու համար է: Ինձ թվում է, որ այս մեկ տարվա ընթացքում կարողացել եմ, գոնե, ինչ-որ չափով դրան հասնել, թեեւ դեռ անելիք ու ասելիք շատ կա, նաեւ՝ ժամանակ»: Երբ նոր էր ընտրվել, առաջարկեցինք հարցազրույց վարել, համեստորեն հրաժարվեց, ասելով, որ դրա ժամանակն էլ կգա, բան պիտի ունենա  ասելու, գործ արած պիտի լինի, որ խոսքն ու ասելիքն էլ արժեք ունենան:
Լրացավ Անգեղակոթի համայնքապետի պաշտոնում նրա աշխատելու մեկ տարին: Այս անգամ առանց երկմտելու Արմեն Խաչատրյանը համաձայնվեց զրուցել մեզ հետ. ասելու բան ուներ, արած գործեր՝ եւս եւ հաշվետու լինելու ցանկություն ՝ իր համայնքին եւ իր ընտրողին:
«Հող պահող, երկիր պահող, աշխարհ պահող ժողովուրդ է անգեղակոթցին: ՈՒ ոչ մեկը ոչ էդքան զիվոր է տվել, ոչ էլ՝ էդքան զոհ,- ասաց նա ՝  մեզ հետ զրույցը սկսելով ոչ թե գյուղի հիմնախնդիրներից, ոչ թե հոգսերից ու դժվարություններից,- անգեղակոթցին նախ՝  ուղղամիտ, շիտակ, ազնիվ, հումորով ժողովուրդ է, հումորի դիմաց ավելի ուժեղ հումոր անող: Անգեղակոթցին պարք մնա՞՜: Էդպիսի բան չկա»: Իր պատմությամբ՝ հարուստ, իր անցյալով՝ փառահեղ, անգեղակոթցին ներկա դժվարություններն ու հոգսերը  իր համառությամբ ու երկիրը, հողը սիրելով է հաղթահարում, եւ էսօր տարածաշրջանում ամենաշատ առաջին դասարանցիներն ունի, ամենաքիչ արտագաղթողները, եւ էսօր 70 հոգանոց մանկապարտեզ ունի ու բյուջեից տարեկան 9 միլիոն դրամ հատկացում է անում ոչ թե ձեւական, այլ՝ արժանավայել մանկապարտեզ պահելու համար: Մայրուղուց էլ դեռ էդքան հեռու է ու կտրված: ՈՒ թե պատմության մեջ իմացել է իր դերն ու տեղը, հիմա էլ գիտի: ՈՒրիշ որեւէ գյուղում չէ, բայց Էս ճգնաժամի պայմաններում անգեղակոթցի վարորդ Լյովա Գեւորգյանն է նոր տուն կառուցում, եւ դա հրաշալի է:
Գյուղն ունի 2059 բնակիչ, դպրոցում սովորում է 285 աշակերտ: Համայնքի տարեկան բյուջեն 27 միլիոն դրամ է, որից 17 միլիոնը պետական դոտացիան է: Մոտ 90%-ով ապահովել են սեփական մուտքերը, գյուղապետն ասում է, որ մինչեւ տարեվերջ կհասցնեն 100-ի:
Որքան մեծ է համայնքը, այնքան շատ են նրա հիմնախնդիրները: Բայց հիմնախնդիրների մասին շատ խոսելով դրանք ոչ կլուծվեն, ոչ էլ՝ կվերանան: Կամաց-կամաց, մեկ-մեկ լուծելով է միայն հնարավոր դրանք վերացնել, ասում է Արմեն Խաչատրյանը ու թվարկում իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները՝ կարեւորելով արոտավայրի ջրավազանի մաքրումը, գյուղի փողոցների լուսավորումը, գյուղամիջյան ճանապարհների բարեկարգումը, խմելու ջրի ներքին ցանցի մի հատվածի վերանորոգումը, պատմական եւ նոր հուշարձանների շրջակայքի մաքրումն ու բարեկարգումը, պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է դպրոցի շենքը, ամենակարեւորը՝ գյուղի գազիֆիկացումն ամբողջությամբ: «Լինելով տարածաշրջանի ամենամեծ բնակավայրը՝ գյուղի չնչին տոկոսն էր գազիֆիկացված՝ 400 ընտանիքից միայն 50-ը: Բայց ԻՖԱԴ-ի ծրագրով 70 միլիոն դրամ է հատկացվել գյուղի  գազիֆիկացմանը: Անց է կացվել 5.5 կմ խողովակաշար: 10% ներդրումը գումարային եւ նյութի տեսքով կատարել է համայնքը: Գյուղն ամբողջությամբ գազիֆիկացնելու համար եւս 2 կմ խողովակաշար է անցկացրել նաեւ Հայռուսգազարդը: Կարծում եմ՝ սա մեկ կարեւոր հանգամանք է եւս անգեղակոթցուն իր պատմական հողին ու բնակավայրին էլ ավելի ամուր կապելու համար»,- ասում է գյուղապետը:
Ընթացքի մեջ գտնվող եւ նախաձեռնված ծրագրեր եւս շատ ունեն, որոնցից ամենակարեւորը, թերեւս, ըստ գյուղապետի, մշակույթի տան հիմնանորոգումն է, որի համար անհրաժեշտ է մոտ  110-150 միլիոն դրամ: Դիմել են Սոցներդրումների հիմնադրամին եւ հույս ունեն, որ մշակույթի տան հիմնանորոգմամբ թե՛ շենքը կփրկվի քայքայումից, թե՛ գյուղապետարանը, որ այժմ տարածք ու շենք չունի, կտեղակայվի այդտեղ եւ՛ թե գյուղի երիտասարդության զբաղվածության եւ ժամանցի հարցերը փոքր ի շատե կլուծվեն: Դրան է ուղղված նաեւ նախկին մեքենատրակտորային պարկը ֆուտբոլի դաշտ եւ խաղահրապարակ դարձնելու ծրագիրը: Գյուղապետը կարեւորեց խմելու ջրի ջրատարի՝ 300-400 մ եւ ներքին ցանցի՝ 2 կմ հատվածների վերանորոգումը, որ պիտի իրականացվի «Շեն» բարեգործական ծրագրով: Ծրագրի ներկայացուցիչները եղել են տեղում, ուսումնասիրել խնդիրը, կազմել արժեքը՝ մոտ 30-40 միլիոն դրամ: Խնդրի լուծմամբ թե՛ որակապես, թե՛ քանակապես կբարելավվի խմելու ջրի հարցը: «Ամենակարեւոր փոփոխությունը ժողովրդի հոգեբանության մեջ է կատարվել եւ կատարվում է,- ասում է Արմեն Խաչատրյանը: -Որքան դժվար էր նրան համոզել, որ գոմաղբը ճանապարհին չպետք է լցնի, որքան էլ որ նույն այդ գոմաղբը նրա թե՛ ձմռան վառելիքն է, թե՛ պարարտանյութը: Անգեղակոթ մտնողը, Պանթեոնին՝ խանարհվելու, Վարդան Զորավարին՝ ուխտի գնացողը այդ արժեքներով պիտի արժեւորի Անգեղակոթն ու անգեղակոթցուն, գյուղի պատմական խաչքարերով, եկեղեցիներով, ոչ թե՝ գոմաղբի «փառահեղ» դաշտերով»: Գյուղապետն ասաց նաեւ, որ գյուղի 1600 հա վարելահողից 1380-նն է սեփականաշնորհված: 220 հա-ը, որ գտնվում է Սպանդարյան ջրանցքից վերեւ, հիմնականում անմշակ է, նույնիսկ առանց վարձակալության մշակության չեն վերցնում, որովհետեւ չափազանց ռիսկային գոտի է եւ ձեռնտու չէ: Իսկ այս տարվա՝ գյուղացուն պետական սուբսիդյայից զրկելն էլ բերեց նրան, որ 50%-ով կրճատվեցին թե՛ աշնանացան, թե՛ գարնանացան ցանքսերը:
Բայց անգեղակոթցին էն ժողովուրդն է, որ իր հումորի, իր լավատեսության շնորհիվ կարողանում է, իրոք, իր ձեռքը իր ծնկին հենելով ոտքի կանգնել, իր հույսը իր կամքի ու բազկի վրա դնել, ու էսպես է, որ երկիր է պահել, հող է պահել, տուն է պահել՝ Անգեղատուն եւ իր անցյալի փառավոր ու շքեղաշուք էջերին ավելացնում է նոր ու դժվարին՝ մերօրյա իր պատմությունը՝ հավատարիմ ինքն իրեն, իր անգեղակոթյան կոլորիտին ու նկարագրին:

Արեւհատ  ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *