ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐԸ

Թիվ  N զորամասից իրենց որդու բարեխիղճ ծառայության մասին թասիկեցի Դավթյանների ստացած նամակն էր նրանց անսահման ուրախության պատճառը, իսկ նրանց` խմբագրություն բերած այդ նամակը զուգադիպեց Հայաստանի 3-րդ հանրապետության անկախության 20-ամյա տոնակատարությունների օրվան:
Ընթերցելով այս նամակը եւ այն զետեղելով մեր թերթի էջերում, պատկերացրեցինք, թե անկախության բանակի զինվոր Նորայր Դավթյանի ծնողները`  մաթեմատիկայի ուսուցչուհի Մարինե Օհանջանյանն ու Թասիկի համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Դավթյանն ի˜նչ հուզմունքով ու սրտի խռովքով, ի˜նչ հպարտությամբ ու բավականությամբ են հետեւել անկախության 20 ամյակի կապակցությամբ Երեւանի կենտրոնական հրապարակում կազմակերպված տոնական զորահանդեսին, եւ ներքին հպարտություն ապրել, որ իրենց որդին էլ այդ մարտունակ, ամուր ու հզոր բանակի զինվորն  է եւ իր պարտականությունը սրբորեն է կատարում հայրենիքի հանդեպ:
«Զորամասի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնում Ձեզ` նրան հայրենիքի պաշտպանի ոգով դաստիարակելու եւ հայոց բանակի շարքերը համալրելու համար: Դուք կարող եք հպարտանալ, որ մեծացրել ու դաստիարակել եք նախնիների սխրանքներով ու պատգամներով տոգորված զավակի, ով ամեն վայրկյան պատրաստ է անձնվիրաբար ծառայել իր ժողովրդին, պաշտպանել հայրենիքը` անսասան կերպով տանելով զինվորական ծառայության բոլոր դժվարությունները»,- գրված է N զորամասի հրամանատար գնդապետ Գ. Ենոքյանի եւ գնդապետ Հ. Ավետյանի ստորագրությամբ Նորայրի ծնողներին հասցեագրված նամակում:
Ուրիշ ինչը կարող է փոխհատուցել ծնողներին եւ գոհացնել առավել, քան` այսպիսի նամակները, որ ստանում են նրանք:
Բարի ծառայություն քեզ, անկախության բանակի զինվոր: Աչքալուսանք Ձեզ, Նորայրի ծնողներ, որ հպարտությամբ եք կրում անկախության բանակի զինվորի ծնողը լինելու բարձր պատիվը:

«ՈՐՈՏԱՆ»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *