ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ՀԱՅԻ ԱՅՍ ՏԵՍԱԿԸ
կամ` ԳԱԼԻՍ Է ՀՈՏԸ…

Սյունիքի արոտավայրերը ատրպատականցի խաշնարածների  հոտերին «մատաղելու» «դարակազմիկ» պայմանագիր-համաձայնագրի ստորագրումը տեղիք տվեց մտածել, որ, ցավոք, մեզանում դեռեւս կան մարդիկ, որ տառապում են «քոչի», «քոչվորի», «քիրվայի», «բախշիշի» նոստալգիայով, իսկ այդ հոգեկերտվածքը ու մտածելակերպը մեզանում դեռեւս կենսունակ է` հանձինս «փեշքեշների» տակ ստորագրություն դնողների:

Հազիվ էինք պրծել, բայց…
Ու ակամա միտքս եկավ պատկերավոր մի նկարագրություն`

Գալիս է հոտը… Ներին առջեւից, Գամփռը` ետեւից, Ուղտը մի թեւից, Թուխպը մի թեւից, Ամեն, ամեն ինչ Խառնելով իրար, Ալեկոծվում է Բլուրներն ի վար Սեւ հեղեղի պես…
Այդպես է եղել,  Փալանած եզան  Բութ կճղակներով Առեւանգել են  Հունդ ու հորովել…
Առեւանգել են  Ծիլը քրտինքիդ,  Բողբոջը հույսիդ, Նշխարքը լույսիդ:  Առեւանգել են, Տրորել են քեզ Քոչվոր ցեղերը  Դարեր շարունակ:
Դարեր շարունակ  Գալիս է հոտը…

Սահյանի տողերն են: Ընդամենը` 50 բառանոց այս ստեղծագործությունը պաշտում էր Հրանտ Մաթեւոսյանը, այն համարելով վեպ: Վեպ` իր տարողությամբ, ժամանակագրությամբ, խորությամբ, գեղարվեստական թանձր ու տեսանելի նկարագրությամբ, շեշտված հետեւանքներով…
Գալիս է հոտը…
Կրկին` բերո՞ւմ են հոտը…
Ովքե՞ր:
Չխոսելով համաձայնագիր-պայմանագրի տնտեսական, քաղաքական, բնապահպանական, հոգեբանական հետեւանքների մասին, ինչի մասին շատ է գրվել, եւ, հարկ է, որ շատ գրվի, ցանկանում եմ շոշափել բոլորովին այլ խնդիր, ինչը, գուցե եւ, աղետ համարվող այս խնդրի պարագայում երկրորդական է, բայց` ոչ սյունեցիներիս, մասնավորաբար` սիսիանցիներիս համար:
Իսկ աղետը, ցավոք, սրա արդյունքն  է:
Երբ  պատգամավոր Աղվան Վարդանյանը, այս «մութ գործարքով» եւ «անգրագետ գրությամբ» մտահոգ`  Ազգային ժողովում բազմիցս կրկնում էր` «ինչ-որ մեկը, մարզպետարանի ինչ-որ պաշտոնյա, ինչ-որ ստորագրություն է դրել այս անգրագետ գրության տակ», բնավ չգիտեր, եւ` պարտադիր էլ չէր, որ իմանար այդ «ինչ-որ մեկին»: Նրա համար, իսկապես, «այդ մութ գործարքի» տակ ընդամենը ի պաշտոնե ստորագրություն դնողը անդեմ-անանուն «ինչ-որ մեկն էր» եւ ուրիշ` ոչինչ:
Իսկ մե՞զ` սիսիանցիներիս համար… Մենք հո ճանաչում ենք «ինչ-որ ստորագրություն դնող այդ ինչ-որ մեկին»` Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետին, ով Սամվել Թանգյան անուն-ազգանունն ունի եւ ում ամեն անգամ փորձել ու փորձում են փաթաթել Սիսիանի վզին` սարքելու Սիսիանի քաղաքապետ, որ նույն դյուրությամբ ու չառարկող հնազանդությամբ հավանական «ինչ-որ» ստորագրություններ դնի «ինչ-որ մութ այլ գործարքների տակ», ինչպես որ ստորագրել է հայրենի մարզի արոտները քոչվորներին «փեշքեշելու» համաձայնագրի տակ:
Սամվել Թանգյան անուն-ազգանունն ունեցող այդ «ինչ-որ մեկի» միջոցով են առավելապես սարքվում եւ գլուխ գալիս  քաղաքական, սոցիալական, միջանձնային շատ «մուտիտներ», իսկ մարդը անգամ կամքի ուժ հանդես չի բերում հրաժարվել իրեն բոլորի հետ բախող, հեղինակազրկող «մուտիլովկաներից», միայն թե շարունակի պահպանել «ինչ-որ մեկ» լինելու իր դերակատարումը:
Այդ «ինչ-որ մեկին», որ Սամվել Թանգյան անուն-ազգանունն ունի, ինտրիգներով, դավերով բերել-սարքել են ՀՀԿ Սիսիանի տարածքային խորհրդի նախագահ, դիմազրկելով նաեւ Սիսիանի երբեմնի ինքնուրույն ՀՀԿ կառույցը, բայց հրապարակայնորեն չեն համարձակվում ՀՀԿ Սիսիանի նախընտրական շտաբի պետ հռչակել, եւ նրան «ծպտյալի» կարգավիճակում են պահում: «Ինչ-որ ստորագրություն դնող այդ ինչ-որ մեկին»` Սամվել Թանգյան անուն-ազգանունով, ամեն անգամ  զոհաբերում են Սիսիանի շահը, որ, անգամ նրանից բոլորովին չտարբերվող մեկ ուրիշ «ինչ-որ մեկ»` թեկուզ` Աղասի Հակոբջանյան անուն-ազգանունով, «հարմարեցվի» Սիսիանի քաղաքապետի աթոռին, որ սիսիանցիները միայն «կուշտ փորի» մասին մտածեն, ինչպես օրերս կինոյի բակում ՀՀԿ Սիսիանի շտաբի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասաց մի սիսիանցի, ոչինչ, որ փողոցները քանդված լինեն, ոտքերի տակը` ցեխ, Սիսիանը` անտեր…
… Դրա համար է, որ` ԳԱԼԻՍ Է ՀՈՏԸ` դարեր շարունակ…
Անհայրենիք հայի այս տեսակը` դարեր շարունակ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
11.02.2013

Մեկ Արձագանքման ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ՀԱՅԻ ԱՅՍ ՏԵՍԱԿԸ
կամ` ԳԱԼԻՍ Է ՀՈՏԸ…
համար

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հոյակապ,ճիշտ և քաջ հոդված է: ՀԳ. «Գող,սիրտը դող»-երը պիտի վախենան,այլ ոչ ազնիվ ու անկախ քաղաքացիները/լրագրողները:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *