ԱՆՄՆԱՑՈՐԴ ՄԻ ՆՎԻՐՈՒՄ

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ


Հինգ տարի է մեզ բաժանում այն օրվանից, երբ իր աչքերը հավիտյան փակեց «Սիսական» հայրենակցական հասարակական կազմակերպության վարչության անդամ Հրաչ Զոհրաբյանը, մի մարդ, որն իր ողջ գիտակցական կյանքը անմնացորդ նվիրեց հայրենիքին ծառայելուն, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը, հայ ազգի միասնական պայքարին` Ղարաբաղյան արդար պատերազմին:

Հրաչ Զոհրաբյանը ծնվել է 1928թ.-ին Սիսիանի շրջանի Բազարչայ գյուղում: Դյուրին չեն եղել նրա մանկության օրերը. հայրը վաղ տարիքում է հեռացել կյանքից` ընտանիքի հոգսն ամբողջությամբ թողնելով կնոջ` Հեղինեի եւ որդու` Հրաչի ուսերին: Մյուս կողմից` Զոհրաբյանների տոհմը, առավելապես` Հայկ Զոհրաբյանի ընտանիքը, մշտապես վարկաբեկվում էր այն տարիներին նոր կարգերի հակառակորդների  կողմից: Բոլոր պարագաներում, սակայն, Հրաչի մայրը` տիկին Հեղինեն, առանց հուսահատվելու ձգտել է զավակներին ուսման տալ: Ավարտելով հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը` Հրաչ Զոհրաբյանը 1945- 49թ.թ.-ին սովորել է Բաքվի Գեոդեզիայի եւ քարտեզագիտության ինստիտուտում` ստանալով ինժեներ- գեոդեզիստ հողաչափի մասնագիտություն: Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Երեւանի մի շարք շինարարական կազմակերպություններում եւ գիտահետազոտական ինստիտուտներում: Նրա մասնագիտական ունակություններն ավելի փայլուն ձեւով դրսեւորվել են Երեւան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի համալիրի շինարարական աշխատանքներն իրականացնելիս: Լինելով շինարարական կազմակերպության գեոդեզիստ հողաչափը` նա առանց շեղումների չափագրել է մարզադաշտի հիմնական կառույցի եւ օժանդակ օբյեկտների տեղակցման աշխատանքները, որի համար արժանացել է ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրին:
Մեծ է Հրաչ Զոհրաբյանի ավանդը Հայաստանում սկաուտական շարժման զարգացման գործում: Նա Սիսիանի տարածաշրջանի մի շարք գյուղական եւ Ջերմուկ քաղաքի դպրոցներում 1987թ-ից սկսած կազմակերպել է սկաուտական ջոկատներ` դառնալով դրանց ատենապետը: Ընդհանրացնելով այդ ջոկատների գործունեությունը` 1990-ին հեղինակել է «Սկաուտության վերածնունդը Հայստանում» գրքույկը, որը մինչ օրս էլ կարեւոր ուսումնական ձեռնարկ է դպրոցներում սկաուտական շարժումը զարգացնելու համար: Հրաչ Զոհրաբյանը սկաուտական ջոկատների ստեղծումը արմատավորել է նաեւ Երեւան քաղաքի Աջափնյակ թաղամասի մի շարք դպրոցներում:
Նա այն եզակի հայրենասերներից էր, որ երբ Ուկրաինայում տեղի ունեցան Չերնոբիլի ողբերգական դեպքերը, անդամագրվեց Երեւանում կազմավորվող կամավորական ջոկատներին եւ մեկնեց աղետի վայր` մասնակցելով ատոմակայանի վերականգնողական աշխատանքներին: Աշխատելով շուրջ 1 տարի` իր բարեխիղճ աշխատանքի համար արժանացել է ՈՒկրաինայի ՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրին:
Հրաչ Զոհրաբյանի հայրենասիրական ձգտումները ավելի ծավալուն  ի հայտ են եկել Արցախյան ազատագրական շարժման ընթացքում; Լինելով «Սիսական» ՀՀԿ նախաձեռնող խմբի անդամ` նա ակտիվորեն նվիրվեց կազմակերպության ծրագրային դրույթների իրականացմանը: Նրան հանձնարավել է զենք, զինամթերք, սնունդ, տաք հագուստ եւ այլ անհրաժեշտ իրեր ու պարագաներ առաքել մարտնչող ջոկատներին, «Ձայն Սիսական» պարբերականում եւ հանրապետության այլ թերթերում տպագրել հոդվածներ` հանրությանը իրազեկելու Արցախյան ազատագրական պայքարի իրավիճակը:
Նա ձեռնամուխ է եղել Արցախյան տարածաշրջանի տեղանքների մանրակերտների (ռազմական մակետների) ստեղծմանը, որոնք չափազանց կարեւոր նշանակություն են ունեցել մարտնչող ջոկատների եւ զորամասերի մարտական գործողությունները ճիշտ կազմակերպելու համար;
Նա հաճախակի էր լինում ազատագրական պայքարի ամենաթեժ կետերում, հանդիպում կռվող մարտիկների եւ բնակչության հետ, իր հայրենասիրական զգացումներով վարակում եւ քաջալերում նրանց` պապենական հողերին տեր կանգնելու համար:
Հրաչ Զոհրաբյանն ապրեց բովանդակ կյանք ինչպես նախապատերազմական տարիներին, Արցախյան պայքարի ընթացքում, այնպես էլ` զինադադարից հետո: Ընդհանրացնելով իր օրագրային գրառումները` որպես համահեղինակ 2001-ին լույս ընծայեց «Սիսականի արծիվներ» գիրքը, 2002-ին` նույն անվամբ օրացույց` Ղարաբաղյան պատերազմում զոհված սիսիանցի ազատամարտիկների լուսանկարներով, կենսագրականներով, կյանքի առանձին դրվագներով: 2003-ին համահեղինակել է «Փառքի վահանակը», որը տեղադրվել է «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում:
Նույն թվականին Սիսիանի թիվ 1 միջն. դպրոցում հիմնադրեց Վուրգ Ոսկանյանի անվան «Փառքի անկյուն» թանգարանը` ցուցադրելով զոհված ազատամարտիկների լուսանկարները, հանդերձանքը եւ այլ մասունքներ, ինչպես նաեւ «Սիսական» մոտոհրաձգային զորամասի մարտական գործողությունների մանրապատկերները:
Աշխատանքային ընկերներն այսօր էլ հարգանքով են խոսում Հրաչ Զոհրաբյանի մասին: Պատահական չէ, որ նրա կողմից կատարված հայրենասիրական գործերն իրենց արժանի տեղը գտան «Հայկական Հանրագիտարան» հրատարակչության կողմից լույս  ընծայված «Ղարաբաղյան Ազատագրական պատերազմ` 1988 – 1944թ.թ.»  գրքում:
Նա  ազնիվ էր, անմիջական, հոգով միշտ երիտասարդ ու եռանդուն: Կարծում եմ` Սիսական աշխարհը հպարտ է եւ կանգուն նման զավակներով:

Ժորա  ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
«Սիսական» ՀԿ  նախագահ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *