ԱՆՆԱԽԱԴԵՊ ԲԱՆԵՐ` ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ` ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ԶՈՀԵՐՈՎ»

Որ Սիսիանը դարձավ Աղասի Հակոբջանյանի ինքնամեծար ու փառասեր բնավորության «զոհը», հիմա բոլորին է հայտնի: Բայց որ նրա «զոհը» պիտի դառնային նաեւ նրա ենթակայությամբ աշխատող թե պատասխանատու, թե` շարքային պաշտոն զբաղեցնող աշխատակիցները, պարզվել է միայն ՀՀ Սյունիքի մարզի ոստիկանության Սիսիանի բաժին քաղաքի Իսրայելյան փողոցի 39 գ շենքի` արցախյան ազատամարտի մասնակից, բազմաթիվ պարգեւների արժանացած զինվորական կենսաթոշակառու բնակչի կողմից տրված հաղորդումից հետո այն մասին, որ 2004 թ.-ից սկսած ինքը իրենց շենքի բակում գարաժ կառուցելու նպատակով տարածք հատկացնելու խնդրանքով բազմիցս դիմել է Սիսիանի քաղաքապետարան, բայց միշտ մերժվել է տարածքներ չլինելու եւ տարածքներ չօտարելու պատճառաբանությամբ: Սակայն համայնքի ղեկավար Ա. Հակոբջանյանի` 2010 թ.-ի հունիսի 28-ի որոշմամբ, հենց մերժված ազատամարտիկի մատնանշած տարածքը, ավտոտնակ կառուցելու նպատակով, տրվել է ընդամենը մի քանի ամիս առաջ նույն տարածքում բնակություն հաստատած մի պաշտոնյայի:
Ու այստեղից սկսել է բացվել Սիսիանի քաղաքապետի, նրա տեղակալ Աշոտ Գրիգորյանի եւ քաղաքաշինության բաժնի պետ Կիմ Աղայանի կողմից պաշտոնական դիրքը անձնական նպատակներին ծառայեցնելու միջոցով իրենց եւ իրենց բարեկամների անուններով ձեռք բերված  տարածքների` աննախադեպ չարաշահումներով  ու  անօրինականություններով կատարված կեղծիքների կծիկը:
Սիսիանի քաղաքապետը  2010 թ.-ին տեղեկանալով «Օրանժ Արմենիա» ՓԲ ընկերության` բջջային կապի աշտարակներ կառուցելու նպատակով Սիսիանի համայնքային սեփականության` կոնկրետ տարածքներ ձեռք բերելու մտադրության մասին, որտեղ օժանդակ սարքավորումներ պիտի տեղադրվեին, որպես համայնքի ղեկավար` ի շահ համայնքի նշված ընկերության հետ պայմանագիր կնքելու փոխարեն, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրականացրել է նախատեսված հողատարածքները  համայնքային սեփականություն գրանցելու գործընթացը, եւ, դրանց նկատմամբ սեփականության իրավունքի վկայականներ ձեռք բերելուց հետո, համայնքի ավագանու որոշմամբ, 2010 թ.-ի ապրիլի 27-ին կազմակերպած ձեւական աճուրդում, այնուհետեւ` 2010 թ.-ի մայիսի 5-ի առքուվաճառքի պայմանագրով, Սիսիանի 3-րդ փողոցի 30/1 հասցեում գտնվող 36 մ.ք. հողատարածքը, ընդամենը` 25 հազար դրամով, օտարել է քաղաքապետարանում աշխատող իր մտերիմ Սմբատ Օհանյանին, ով, հողատարածքը գնելուց հետո, 2010 թ.-ի սեպտեմբերի 7-ին կնքած հնգամյա վարձակալության պայմանագրով, ամիսը 22 հազար դրամ վարձավճարով, այն տրամադրել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ին:
Ա. Հակոբջանյանը, համայնքի ավագանու որոշմամբ, 2011 թ.-ի փետրվարի 11-ին կրկին կազմակերպել է նմանատիպ աճուրդ, եւ 2011 թ.-ի փետրվ. 16-ի առքուվաճառքի պայմանագրով Սիսիան քաղաքի Սայաթ-Նովա 11/2 հասցեում գտնվող 200 մ. ք. հողատարածքը, ընդամենը 132 հազար դրամով, օտարել Երեւան քաղաքի բնակիչ իր փեսա Կարեն Համբարձումյանին: Վերջինս, հողատարածքը գնելուց հետո, 2011 թ.-ի մարտի 3-ին կնքած 5 տարի վարձակալության պայմանագրով, ամսեկան 60 հազար դրամ վարձավճարով, այն տարամադրել է  «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ին:
«Ես` քեզ, դու` ինձ»-ի սկզբունքով` 2009 թ.-ի հունիսի 29-ի` քաղաքապետի որոշմամբ Գարեգին Նժդեհ փողոցի 10 մ. ք. տարածքը, ընդամենը 5280 դրամով, ուղղակի վաճառքով, օտարել է քաղաքապետի տեղակալ Աշոտ Գրիգորյանի հարսի` Աննա Աբգարյանի անունով: Մեկ ուրիշ` 2009 թ.-ի օգ.- 24-ի` համայնքի ղեկավարի որոշմամբ քաղաքային համայնքի սեփականություն համարվող Գ. Նժդեհ փողոցի հարակից հատվածի 80 մ.ք. հողատարածքը, կեղծ աճուրդում, օտարել է նույն` Աննա Աբգարյանին, ով, քաղաքապետարանի հետ կնքած առքուվաճառքի պայմանագրով, ընդամենը` 69 հազար դրամով, ձեռք է բերել նշված տարածքը:
Ա. Հակոբջանյանի` 2010 թ.-ի դեկտ. 27-ի որոշմամբ, կրկին ուղղակի վաճառքի միջոցով, Աննա Աբգարյանին է օտարվել Սիսական 39/2-3 հասցեի 353 մ. ք. հողատարածքը` ընդամենը` 186.384 դրամով:
(Սույն տարածքը կից է Սիսիան քաղաքի բնակիչ Նորայր Գուգանյանի հողատարածքին, որը կրկին Աննա Աբգարյանի անվամբ է ձեռք բերվել, հետագայում մեծ աղմուկ հանելով` ապօրինի կատարված լինելու պատճառով): Սույն գործը, ինչպես գիտենք, քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Դատական նիստը օրերս ընդհատվել է` տուժողի շահերի պաշտպանի` վերջին դատական նիստին ներկայացրած միջնորդությունները բավարարելու պահանջով:
Այս նյութերի վերաբերյալ ձեռք բերված հիմքերով է, որ Սյունիքի քննչական բաժնում 2011 թ.-ի դեկտ. 28-ին հարուցվել է ՀՀ քր. օր-ի 308 հոդվածով նախատեսված` պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնական դիրքը անձնական կարիքներին ծառայեցնելու` քրեկան գործը, ինչի դատաքննությանն արդեն անդրադարձել ենք «Խարդախություննե՞ր` Սիսիանի քաղաքապետարանում» հրապարակման մեջ:
Ա. Հակոբջանյանի ստորագրությամբ են հաստատված եւ ավագանու նիստերով են վավերացված Նորայր Գուգանյանի` հետագայում արդեն մեծ հնչեղություն ստացած 2300 մ. ք. հողատարածքի օտարման հետ կապված հիմնական գործընթացների համար անհրաժեշտ որոշումները: Դրանից հետո է մնացած բոլոր որոշումները ստորագրել Աշոտ Գրիգորյանը, ընդ որում, բոլորն էլ քաղաքապետի բացակայության ժամանակ: Միտումնավո՞ր է…
Գործի առթիվ Ա. Հակոբջանյանի` ոստիկանությունում տված ցուցմունքում նշված` «հետագայում ինքը չի հետեւել գործընթացներին եւ չէր կարող ենթադրել նման հետեւանքներ» պատճառաբանություն-արդարացումը, մեղմ ասած, նրան ոչ միայն չի ազատում  քաղաքապետարանում կատարվող ապօրինությունների համար  պատասխանատվությունից, (իր կողմից կատարված` մեր վերը նշվածն էլ հո ի՞ր գիտությամբ ու մասնակցությամբ է իրականացվել), այլեւ կրկին համոզում է, որ նա, իսկապես, չի տիրապետում քաղաքապետի պաշտոնին, ինչն էլ նրան բերել է ձախողման: Մյուս կողմից` մի բան անհասկանալի է մնացել. ինչպե՞ս է, որ նմանօրինակ չարաշահումներ կատարած Ա.  Հակոբջանյանը «սպրդել է» գործի միջից: Գործի «գիտակները», հավանաբար,«իրենց ձեռքերը լվանալով», նրան հանձնել են  ամենադաժան` սեպտեմբերի 9-ին կայանալիք համաժաղովրդակա՞ն դատին:
Ո՞վ է մեղավոր, ով` արդար, ո՞վ է ճիշտ, ով` սխալ, սրանք դատարանի որոշելիքն են: Մի բան, սակայն, ակնհայտ է. բոլորը` թե տուժողները, թե` մեղադրվողները, Ա. Հակոբջանյանի «զոհերն» են` «մեկի պոչը միշտ մեկելի տակին» աշխատաոճը «խայծ» պահելու եղանակով:
Բայց այստեղ խնդրի ամենատխուր կողմն էլ կա. Ա. Հակոբջանյանը ինչպե՞ս պիտի «փոխհատուցի» իր` քաղաքապետի պաշտոնին չտիրապետելու հետեւանքով նման աննախանձելի վիաճակում հայտնված գրեթե բոլորի` թե տուժող, թե` մեղադրյալ, հոգեկան այն ծանր ապրումների համար, որ կրեցին նրանք 7-8 ամիս ձգված ու դեռեւս ձգվող «մեղադրյալի», «ամբաստանյալի» կարգավիճակում:
Դատական նիստերի ժամանակ հոգեկան ծանր ապրումներից Աշոտ Գրիգորյանի ջղերը երբեմն տեղի էին տալիս` վիրավորական խոսքեր ուղղելով տուժող Անահիտ Ղուկասյանին եւ վատ ինքնազգացողության պատճառով հաճախ էր ընդմիջում խնդրում դատարանի նախագահից: Դատարանում մինչեւ վկայի` իր ցուցմունքը տվեց` «անմեղ մեղավորի» դերի մեջ կիսաջան եղավ քաղաքապետարանի հարկման բաժնի`այժմ արդեն նախկին առաջատար մասնագետ Սմբատ Առաքելյանը` այդպես էլ չիմանալով իր մեղքը: Մինչեւ վերջ «դատապարտյալի» մեղքի իր բաժինը  ժխտող Համիկ Ստեփանյանը այդպես էլ չկարողացավ հաշտվել ստեղծված իրավիճակի առջեւ հայտնված լինելու փաստի հետ: Իսկ չհիմնավորված պահանջով քաղաքապետարանին  սկզբում` օրեկան 350, հետագայում` 500 դրամ գումար վճարած բանջար վաճառող 6 տուժող քաղաքացիները, ումից ապօրինի էին գանձել այդ գումարները, մինչեւ վերջ չհասկացան, թե օրվա հաց վաստակելու համար ինչո՞ւ են հայտնվել դատարանում` թեկուզ` տուժողի կարգավիճակում:
Վերոնշյալ արարքներով, եւ, որպես համայնքի ղեկավար` քաղաքապետարանն այսպես հեղինակազրկելով, Ա.  Հակոբջանյանը էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին: Եվ սա դեռ ամենը չէ.  քաղաքապետի տեղակալ Աշոտ Գրիգորյանի` ընդամենը  20 մ. ք. աշխատասենյակը վերանորոգվել է մոտ  3,5 միլիոն դրամով,  ինչպես իրենք են ասում, համայնքային սուղ բյուջեի պայմաններում, համայքի բյուջեից մարվող վարկով եւ տոկոսներով,  քաղաքապետի համար ծառայողական նոր մեքենան  է գնվել մոտ 12 մլն դրամով:  Աշոտ Գրիգորյանի  որդու` Արթուրի անունով է օտարվել Հիդրոշինարարների այգուց 100 մ.ք.,  քաղաքապետի  եղբորը` Բենիկ Հակոբջանյանին` 20 մ.ք. Գ. Նժդեհի փողոցից,  աներորդուն` Ստյոպա Սաֆրազյանին ` 7 հազար մ.ք. Իսրայելյան փողոցից, ընկերոջը` Գոռ Հակոբյանին` 200 մ.ք. նրա փռի ետնամասում,  իր վարորդ Տիգրան Զախարյանին` 70 մ. ք. Շահումյան փող-ից, կանաչ տարածքներից ու բանջարանոցներից հատկացվել է 58 գարաժատեղ, օտարվել է համայնքային սեփականության մոտ 45 տարածք, ու դեռ նախորդի հասցեին էլ ասում էր, թե` սաղ  ծախել է, բան չի թողել, թողնողն էլ ինքն էր… Տեսա՛նք:
Այսպիսի բաներից հետո համայնքի փողոցները պիտի որ շարունակեին մնալ անբարեկարգ ու քարուքանդ, ենթակայության կառույցների աշխատողների աշխատավարձը` ցածր, քաղաքը` աղբի մեջ կորած, մարդիկ` հուսախաբ:
Իսկ Ա. Հակոբջանյանը, այսքանից հետո իր` դեռ «կիսատ գործերը» շարունակել-ավարտելու հորդորով դիմում է սիսիանցիներին առաջիկա ընտրություններում կրկին վստահել իրեն, որ, հավանաբար, քաղաքապետի դիրքերից կրկին շարունակի այսպե՞ս «օգտակար լինել» Սիսիանի եւ սիսիանցիների շահերին…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ  

3 մեկնաբանություն ԱՆՆԱԽԱԴԵՊ ԲԱՆԵՐ` ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ` ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ԶՈՀԵՐՈՎ» հոդվածին

  1. Լուսինե Ազոյան says:

    Սիրելի սիսիանցիներ, հավատացեք, սրտի մեծ ցավով եմ կարդացել այս հոդվածը ու, կարդալուց հետո չեմ ասել` ախ, էդ ինչ լավ է գրել Արեւիկը, այլ ուղղակի մտածել եմ, թե ինչ տխուր վիճակում ենք գտնվում:

    Երբ մի անգամ փոխքաղաքապետ Կարեն Հովհաննիսյանին ասացի` պետք է ուրախ լինել, որ Հիդրոշինարարների այգին իմ ձեռքին է, ոչ թե` մեկ ուրիշի, կամ` քաղաքապետարանի, որովհետեւ արդեն վաճառված կլիներ մաս-մաս` փող աշխատելու նպտակով, ի զարմանս ինձ` Կարենը պատասխանեց, թե`ինչ տարբերություն` մաս-մաս վաճառվի, թե`իմ ձեռքին լինի: Հիմա այդ կանաչ տարածությունն էլ ոչնչացրեցին:

    Աշոտ Գրիգորյանը, որին, ի դեպ, հարգում եմ, այդ վիճակին պետք է հասներ, քանի որ իր վրա էր վերցրել բոլոր հանդիպումները, ում հետ չէր կարողանում անցկացներ քաղաքապետը:

    Հաջորդ զոհը լինելու է Կարեն Հովհաննիսյանը, մեծ ցավով եմ ասում, բայց կուզենայի չտարվեր վերադասի սխալ ցուցումներից, դեռ երիտասարդ է, թող դուրս գա այդ քաոսից:

    Հարգելի ավագանիներ, բա ձեր բան ու գործն ինչ է: Դուք տեղյակ չեք եղել` ինչեր են կատարվում, մի քիչ թասիբի ընկեք: Ախր ինչից եք վախենում, խոսեք, եթե չեք խոսում, ձեր տեղը զիջեք ավելի համարձակներին: Միթե ձեզանից ոչ մեկը չէր նկատել այգու այն բարբարոս վիճակը, որ որեւէ մեկը ձայն չի հանել ավագանու նիստին: Հավատացեք, ուղղակի ամոթ է:

    Սա իմ ասելիքի մի մասն էր, որը դեռ հետեւանքներ է ունենալու:

  2. ARA KHACHATRYAN says:

    ETE AYGINERY TRAMADRVEL EN IRENC NPATAKIN CARAYELU TEKUS HANRUTYANY VCHAROVI BAYC HACHELI HANGIST APAHOVELU HAMAR, UREMN AYGETERER ZBAXVEQ NSHVAC TARACQNERY IRENC NPATAKIN SHAHAGORCELUN, AYLAPES AVAGANIN MEKI SHAHY PAHPANELOV MI AMBOXJ HAMAYNQI ACHQIC YNKNELU MTAHAXACUM CHUNI, IM KAM SHRJAPATIS U HAMAYNQIS EREXANERY, AXPANOC AYGINERUM CHPETQ E MECANAN U DASTIARAKVEN, AYNPES VOR QAXAQAPETARANIN PNNOVELU POXAREN, VORY AZAT TARACQ CHUNI IR ERITASARDI HANGISTY APAHOVELU HAMAR, AVELI LAV E BAREKARGEQ dZER ISK VERCRAC AYGINERY, EV MATUCEQ AZATAMARTIKIN IR MNACAC TARINERY KANACH GOTUM IR TORNIKNERI HET CHNCHIN JAMANC ANCKACNELU HAMAR…

  3. Lusine Azoyan says:

    shat urax klinei u kpatasxanei cer gracin,yete nuyn aktivutyamb duq arcaganqeiq aygu het katarvac barbarosutyany.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *