ԱՆՈՒՆԸ՝ ԿՏՐԻՃ, ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ՝ ՄՈՌԱՑՎԱԾ

www.getik.am. ինտերնետային էջերից մեկում տեղադրված այս հասցեն անմիջապես գրավեց ուշադրությունս. մեր հայրենակից, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի ինտերնետային հասցեն է: Էջը բացելուն պես զարմացա. քանդակագործը իր բազմաթիվ աշխատանքներից, որպես էջի խորհրդանիշ, ընտրել էր Սիսիանում` «Որոտան» ռեստորանի հարակից տարածքում տեղադրված ձիարձանը: Զարմանքս վերածվեց ցավի, երբ կարդացի հետեւյալ միտքը.«Քանդակագործի մոնումենտալ աշխատանքները մինչ օրս համարվում են Հայաստանի շատ քաղաքների զարդն ու այցեքարտը»: Թեթեւ ժպիտ հայտնվեց դեմքիս. զա՞րդը, այցեքա՞րտը…վերոհիշյալ ձիարձանը միգուցե երբեւէ եղել է մեր քաղաքի զարդն ու այցեքարտը, այսօր, սակայն, դա, մեղմ ասված, այդպես չէ:
 Արձանին անդրադառնալու համար փորձեցի լրագրության գրեթե բոլոր ժանրերը, բայց ինչ-որ բան չէր ստացվում, ի վերջո որոշեցի նյութը կառուցել նամակի տեսքով, նամակ՝ գրված հենց իր` «անլեզու», բայց մեզ բոլորիս բավականին շատ ասելիք ունեցող արձանի կողմից: Մինչ այդ՝  փոքր- ինչ նրա մասին.

  • Ծնվել է 1987թ.,
  • Անունը` Կտրիճ,
  • Հեղինակը` քանդակագործ, գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Գետիկ Բաղդասարյան,
  • Տեսակը՝ մետաղ, էլ. զոդում,
  • Հասակը՝ 250x400x80 սմ,
  • Կարգավիճակը` մոռացված:

«Նամակս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր դեռ ինձ հիշում են, նրանց, ովքեր գեթ մեկ անգամ հայացք են ձգել ինձ վրա, եւ նաեւ նրանց, ովքեր դեռ ինձ չեն ճանաչում:
Զրույցս ձեզ հետ կլինի շատ անկեղծ, չէ՛, փոքր-ինչ անկեղծ, մի քիչ տխուր ու մի քիչ էլ` զավեշտալի:
Արդեն 22 տարեկան եմ, ուժերիս ծաղկման ամենալավագույն տարիքում: Մարմնավորում եմ հայոց հավաքական, անպարտ ուժը, անունս էլ` Կտրիճ, ա՜յ քեզ բա՛ն, այստեղ է ասված. «Անունը կա, ամանում չկա», դու ասա` Կտրիճ, ես ասեմ` ավերակների իշխան:
Տեղս վատը չէ: Կար ժամանակ, երբ սա Սիսիանի ամենաբանուկ և աշխույժ մասն էր: Թիկունքումս ժամանակի ամենագեղեցիկ ու յուրահատուկ ռեստորաններից մեկը, դիմացս` քաղաքի միակ եւ գործող կինոթատրոնը, աջ կողմում` հսկա հյուրանոցի շինարարությունը, մի խոսքով ուրախ ու հետաքրքիր առօրյա: Իսկ հետո… հետոն մշուշոտ եմ հիշում, մղձավա՞նջ էր, երա՞զ էր… ավերեցին, քանդեցին, ոչնչացրեցին…բազմակետերն ինչ շատ են չէ՞…
Մեծն Համոյի բախտը բերեց. նա էս ամեն ինչից հետո «եկավ»: Ասա՝ Գետի՛կ Բաղդասարյան, մենք երկուսս էլ քո ստեղծածն էինք, մի էդպիսի ժամանակ էլ ինձ համար ընտրեիր էլի՜:
Առաջ զբաղմունքս էր շատ, հիմա` մտածմունքս: Միայն իմ տեսադաշտում այնքա՜ն  խնդիրներ կան. մտածում եմ, թե կինոյի հսկա շենքն ինչի՛ վերածվեց, էն ընտիր դահլիճն ի՛նչ դարձավ, սիսիանցին ումի՞ց է պակաս, ոչ կինո ունի, ոչ` թատրոն, բա ջահելներն ի՞նչ են անում, ինչո՞վ են զբաղվում, հա՜, համակարգի՛չ, ինտերնե՛տ, DVD, էհ՜, ժամանակները փոխվեցին:
Հիմա կասեք` այսքան բանը որտեղի՞ց գիտեմ, կանգառի՛ց, մոռացել ե՞ք, հենց դիմացս է, օրը քանի՜ մարդ է գալիս ու գնում, ասում են, խոսում, տալիս-առնում, բամբասում, մեկ-մեկ էլ զարմացած վրաս նայում ու թողնում գնում: Էս վերջերս էլ անընդհատ մի բառ եմ լսում, ոնց է՞ր, կռիսիս, չէ՛, կը.. կը… կրիզիս, իմ հասկանալով, դա փողի քչությունն է: Մտածում եմ, որ քիչ է, էսքան արտասահմանյան մեքենաներ որտեղի՞ց, չնայած` կինոյի շենքի դիմաց պարապ-սարապների թիվը օրօրի շատանում է:
Չէ՜, ժողովո՛ւրդ,  շատ խճճվեցի, լավն էլ կա, վատն էլ կա , վատը իմ վիճակն է. աղբանոցի մեջ` լքված ու մոռացված, պարսպված լինելու-չլինելու սարսափը` սրտումս: Տարածքն էլ սեփականաշնորհված է, Աստված իմ, իսկ ե՞ս… Կարող է` ե՞ս էլ… բայց դե քաղաքս ապրում է, շնչում, կառուցվում, նորոգվում, այ` դա էլ լավն է:
«Փակում եմ հոգնած աչքերս մի պահ…» չէ՛, սա իմ միտքը չէ, Չարենցի խոսքերն են, «…ու տեսնում եմ ես այնքան, այնքան պարզ» , տեսնում շուրջս էլի աշխուժություն, կողքիս` լքված հյուրանոցի փոխարեն երիտասարդ ընտանիքներով բնակեցված բազմաբնակարան շենք, ետևում` մարդկանց ուրախություն պարգեւող որևէ կառույց, դիմացս էլ` գույնզգույն ցուցանակներից ազատված կինոթատրոն: Կլինի, ուշ թե շուտ, ու  այդ ժամանակ միգուցե հոգուցս ու մտքիցս վերանա մինչեւ վերջ պարսպված լինելու սարսափը…»

Անի ՍԻՄՈՆՅԱՆ

Հ.Գ. Սա կատակ չէր եւ ոչ էլ` հումոր: Ցավոք` դառը իրականություն: Եթե յուրաքանչյուրս այսպիսի սրտացավությամբ տեսնենք մեր շրջապատում եղած թերություններն ու բարձրաձայնենք, ապա կգա մի օր, որ շատ-շատ խնդիրներ լուծված կլինեն:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *