ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ

Ինչպիսին էր անցնող տարին: Այն ամփոփելու խնդրանքով դիմեցինք տարբեր մարդկանց:

Թե ինչպիսին էր անցնող տարին Գորայքի համար, ներկայացնում է համայնքի ղեկավար Ռուստամ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ:

Թեեւ անցնող տարին նպաստավոր չէր գյուղատնտեսության առումով, բայց Գորայքի համայնքում կարողացանք մի քանի կարեւոր հիմնախնդիրներ լուծել: Ավարտվեց Գորայքի միջնակարգ դպրոցի հիմնանորոգումը, որի համար Սոցներդրումների հիմնադրամը հատկացրել էր 123 միլիոն դրամ: Դպրոցն ամբողջությամբ գազիֆիկացնելու անհրաժեշտ՝ 16 միլիոն դրամ գումարը տրամադրեց համայնքապետարանը:

Թեեւ համայնքի համար առաջնահերթ էր խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգումը, բայց, խախտելով առաջնահերթությունը, այս տարի իրականացրեցինք 4,5 կմ երկարությամբ կոյուղագծերի ներքին ցանցի ողջ համակարգի վերանորոգումը՝ համայնքային բյուջից հատկացնելով 163 միլիոն դրամ: Աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն եկող տարի: Սեփական մուտքերով գնել ենք ծառայողական ավտոմեքենա:

Համայնքային բյուջով վերանորգվեց նաեւ գյուղի՝ նախկին խանութի շենքը եւ դարձավ երիտասարդական կենտրոն, իսկ «Վորլդ Վիժն» կազմակերպության հետ համատեղ վերանորգվեց գրադարանի շենքի տանիքը, որտեղ ժամանակավորապես հանգրվանել է նաեւ համայնքապետարանը: Իսկ համայնքապետարանի շենքը նախատեսված է հիմնանորոգել հաջորդ տարի: Եկող տարվա համար նախատեսել ենք նաեւ փողոցների ասֆալտապատումը՝ դարձյալ համայնքային բյուջեով:

Գորայքն, իհարկե, դուրս չէ երկրի տնտեսության ընդհանուր վիճակից, եւ գորայքցին էլ տանում է նույն խնդիրներն ու դժվարությունները, բայց, ի տարբերություն շատ ու շատ համայնքների, Գորայքում կյանքն ակտիվացրել է Ամուլ սարում «Գեոթիմ» ընկերության գործունեությունը, որտեղ աշխատում են շատ գորայքցիներ՝ հոգալով իրենց կենսապահովման խնդիրները: Այլապես՝ Գորայքի նման դաժան կլիմա ունեցող համայնքից հիմա շատերն էին թողել-գնացել, ինչպես որ մյուս գյուղերից են գնում:

Ավարտվում է տարին, եւ գյուղացու համար սկսվում է նորը՝ բազմաթիվ դժվարություններով, խնդիրներով, հոգսերով: Ու հողին կպած, նրանով ապրող եւ այն ապրեցնող աշխատասեր գորայքցին նոր հուսերով ու ակնկալիքներով է մտնում նոր տարի:

Առիթից օգտվելով՝ ես էլ շնորհավորում եմ բոլորի գալիք Նոր տարին: Ցանկություններ ու բարեմաղթանքներ շատ կան, բայց մաղթեմ, որ տարին գյուղատնտեսության համար լինի նպաստավոր, իսկ երկրում էլ՝ խաղաղ ու անցնցում:

17.12.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *