ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ՏԱՊԱԼՈՒՄԻՑ ԱՌԱՋ ԿԱՄ` ԱՂԱՍԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԸ` ՑԱՅՏՆՈՏԻ ՄԵՋ

Առաջիկա քաղաքական կամպանիայի` սեպտեմբերին 9-ին կայանալիք Սիսիանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ վերջերս Սիսիան քաղաքում անցկացվել է սոցհարցում` «գո՞հ եք գործող քաղաքապետի աշխատանքից» հարցադրումների շրջանակներում: Հարցվածների 80 %-ը միանշանակ բացասական գնահատական է տվել ու դժգոհ վերաբերմունք արտահայտել Աղասի Հակոբջանյանի գործունեության վերաբերյալ` բացառելով նրան կրկին ընտրելու տարբերակը:

Հարցախույզին նախորդել էր «Որոտան» թերթի հունիսի 25-ին տպագրված թիվ 7-8 համարը` Աղասի Հակոբջանյանի ձախողված գործունեությունը վերլուծող հոդվածներով ու հրապարակումներով` «Առաջադրվի` պարտված է, չառաջադրվի` պարտություն է» խորագրի ներքո:
Հարցախույզին հաջորդել էր «Սյունյաց երկիր» թերթի հունիսի 30-ին տպագրված թիվ 16  համարը, որտեղ «Սյունեցիների ավանդը Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցման գործում» խորագրի ներքո տպագրվել էին կառույցի ճարտարապետ, սիրված երգահան Արթուր Մեսչյանի, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի կարծիքները այդպիսի մնայուն արժեքներ ստեղծելու, դրանք ֆինանսավորելու, կառուցելու մասին: Անշուշտ, նաեւ` կառուցողի, քանի որ մնայուն նման արժեքը կառուցելու պատիվն ու վստահությունը ոչ ամենքին կարող էր վերապահվել: Նույն խորագրի ներքո տպագրվել էր նաեւ Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցման եւ գլխավոր մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքներն իրականացրած «Բազալտ-ԷՄ» ՍՊԸ-ի տնօրեն Գառնիկ Հովակիմյանի` «Մատենադարանը նաեւ սիսիանցիներով ենք կառուցել» վերնագրով հարցազրույցը:
Զավեշտալի զուգադիպությամբ կամ` ճակատագրի հեգնանքով նույն այս իրողություններին զուգընթաց եւ հենց նախընտրական այս ժամանակահատվածում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Կապանի եւ Սիսիանի նստավայրերում ընթանում էին եւ հիմա էլ շարունակվում են Սիսիանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց` քաղաքապետի տեղակալ Աշոտ Գրիգորյանի եւ հարկման բաժնի պետ Համիկ Ստեփանյանի նկամամբ  պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնական դիրքը սեփական շահերին ծառայեցնելու մեղադրանքով հարուցված քրեական գործերի դատաքննությունները, ինչին ուշի ուշով հետեւում էին թե համայնքի բնակիչները, թե հանրապետական մի շարք լրատվամիջոցներ: (Ի դեպ, գործի վերաբերյալ ցուցմունք տալու համար քանիցս ոստիկանության Սիսիանի բաժանմունք է կանչվել նաեւ Աղասի Հակոբջանյանը, ինչին  կանդրադառնանք համապատասխան թեման լուսաբանելիս):
Համայնքի ղեկավարի ընտրություններից ընդամենը 1-1,5 ամիս առաջ նման իրավիճակում հայտնված ցանկացած ոք, առավել եւս` Աղասի Հակոբջանյանի նման հեղինակազրկված, ձախողված ու չկայացած ղեկավարը, անխուսափելիորեն պիտի հայտնվեր ցայտնոտի մեջ, ինչի ամենակոնկրետ, տեսանելի եւ չուշացած դրսեւորումը եղավ հուլիսի 2-ին տպագրված «Սիսիանի ձայն» թերթի 5-րդ համարը, որը տպագրել էին սովորական տպաքանակից ավելի եւ կոմունալի աշխատակիցների միջոցով դափոններով անվճար բաժանել հնարավոր բոլոր հասցեներով` իրենց պրիմիտիվ մտածողությամբ` իբրեւ թե «չեզոքացնելու» Սիսիանի բնակչության լայն շերտերի վրա «Որոտանի» եւ «Սյունյաց երկրի» թողած տպավորությունը:
Եթե Աղասի Հակոբջանյանի միակ «ապավենն ու հուսատեղը» մնացել է «Ս. Ձ.»-ը, ուրեմն որքան անմխիթար ու հուսահատական  է նրա հոգեվիճակը, քանի որ դեռեւս իր պաշտոնավարման 100 օրվա հաշվետվության ժամանակ անձամբ ինքն էր անթաքյուց արհամարհանքով ծաղրել նրան` ասելով` որ «ինքը դժգոհ է թերթի արտաքին տեսքից, հրապարակումների ժամանակավրեպությունից, վերլուծությունների բացակայությունից, նախաձեռնության պակասից, լրատվամիջոցը հաշվեհարդար տեսնելուն ծառայեցնելուց»  եւ պատրաստակամություն հանդես չէր բերել համայնքային սուղ բյուջեից ֆինանսավորել նման լրատվամիջոցին  ու ընդգծված իռոնիկ շեշտադրությամբ հեգնել էր` «Դուք ի՞նչ թերթ եք, սպասում եք «Որոտանը» բան գրի, պատասխան գրեք»: Հիմա նույն բազմաչարչար «Ս. Ձ.» թերթով «Որոտանին» պատասխան գրել տալու հերթը իրե՞ն է հասել: Խեղճ Աղասի Հակոբջանյան: Ի՞նչ է փոխվել այդ լրատվամիջոցում: Միգուցե մեկ համարի մեջ 5-6 անգամ իր լուսանկարը զետեղելը իմաստ եւ իմաստությո՞ւն է հաղորդել «Ս. Ձ.»-ին:
Նույն կերակրամանից օգտվելու` կերակրողին «հավատարիմ ծառայության» երդումով նույն  լրատվամիջոց-լրագրողները  այս անգամ էլ Աղասի Հակոբջանյանին «ծառայելով»` փութացին  «պատասխան տալ» «Որոտանին», որտեղ մասնավորաբար նշված է. «Որպես լրատվամիջոց` ստիպված ենք հակադարձել Սիսիանում 1999 թ.-ից հետո (ուղղումը` «Որոտանի») միայն վատը տեսնող «Որոտանի» վերջին համարի ֆոտոշարքին, որով Սիսիան քաղաքի հաշվեկշռից օտարված որոշ օբյեկտների համար անուղղակի փորձում է մեղադրել ներկայիս քաղաքապետին»:
Մասնավորապես` Ա.  Հակոբջանյանի համար ասում ենք, որ  «Որոտանում» տպագրված Սիսիանի համայնքային սեփականության օտարված լինելը փաստող մեր ֆոտոշարքերում դրանց օտարման համար ոչ` ուղղակի, ոչ էլ` անուղղակի  չենք փորձում մեղադրել գործող քաղաքապետին, քանի որ դրանք կատարվել են, ինչպես նշել ենք, 1999 թ.-ից, այսինքն` Գառնիկ Հովակիմյանի պաշտոնավարումից հետո (1996-1999թ.թ.):
Ինչ վերաբերում է ինչ-որ բան գործող քաղաքապետին  անուղղակի ասելուն, մենք ոչնչով կաշկանդված չենք ասել եւ ասում ենք ոչ թե` անուղղակի, այլ` շա՛տ ուղղակի: Իսկ երբ նրա պաշտոնավարման շրջանը ներկայացնենք, (2008 թ.-ի նոյեմբերից առ այսօր), ամենաուղղակի ձեւով ենք անդրադառնալու ապօրինի եւ չարաշահումներով կատարված ու կատարվող օտարումներին:
Այո՛, «Որոտանը» իր ֆոտոշարքերով կրկին իր ափսոսանքն էր հայտնել Սիսիանի  համայնքային սեփականության անխնա ու աննպատակ ոչնչացման համար:
Իսկ «Որոտանում» տպագրված օտարված տարածքների ֆոտոշարքերի` «Ս. Ձ.-ի» իբրեւ թե «հակադարձման մեջ» վերատպված օտարված բոլոր տարածքների լուսանկարների տակ դրված բոլոր տարեթվերը 1999-ից հետո են` 2000-ից մինչեւ 2008 թ.թ., ինչի մասին այնքան ցավով անցյալում էլ գրում էր «Որոտանը», ու կրկին կերակրամանից օգտվելու իրենց բնույթին հավատարիմ` հենց նույն գրչակներն էին տարիներ շարունակ փորձում «հակադարձելով ժխտել» այն, ինչը հաստատեցին` կոնկրետ տարեթվեր ու ամսաթվեր նշելով` «ում ասում եք, ասեք,  բայց` Աղաս ձյաձյային, անգամ` անուղղակի, բան չասեք, որովհետու հիմա պուպուշը նա է» պրիմիտիվ ոճով:
Խնդիրը` ցանկացած եղանակով նոր տիրոջը «հավատարմությամբ ծառայելու» հավաստիացման մեջ էր, անգամ` նախորդ տիրոջը «քցելով» :
Ցավալի է, որ 9 տարի շարունակ «բարի պապիկի ծնկների վրա մեծացած» եւ նրա օգնությամբ բարձրագույն կրթություն ստացած նրա ձեռնաս2012_71ուն «թոռնուհին» չզլացավ անփույթ ու անզգույշ կերպով «քցել պապիկին», քանի որ նա այլեւս իրենց պետք չէ, ինչպես որ հեշտորեն, դարձյալ հանուն նոր կերակրամանին մոտ լինելու, լքել էին  այլեւս արդեն առանց ֆինանսական միջոցների մնացած «Սյունի» հեռուստաստուդիան:
Մեծ պոետը այս առումով կասեր. «փոխվել են տերերն ու դերերը, բայց` նույնն են մնացել…շները»:
Ինչ վերաբերում է «Որոտանի»` «միայն 1999-ից հետո իբրեւ թե վատը տեսնելու» անհիմն անհեթեթությանը, միշտ կերակրամանի ձգտող լրագրողիկների համար հազիվ թե հասկանալի լինի որեւէ պաշտոնյայի օրոք, անգամ` նրա հետ աշխատելու պարագայում, որեւէ ձեւով չկաշկանդված` մասնագիտական  գործունեություն իրականացնելու` «Որոտանի» կեցվածքը: 1999-ից` առաջ ու դրանից էլ`շատ առաջ «Որոտանի» արխիվները  հարուստ են նրա այսօրվա խմբագրի` ընթերցողի խոնարհ ծառայի` միշտ ակտիվ դիրքորոշում ունեցող սուր հրապարակուներով: Իսկ նույնիսկ 2002 թ.-ի ընտրություններում, Լ. Սարգսյանի ցանկությամբ, «Ս. Ձ.-ի»  առկայության պարագայում, մասնակցել է նաեւ նրա քարոզարշավին:
Խնդիրը մարդկային որակի ու տեսակի մասին է, ինչին երբեւէ այդպես էլ անհաղորդ ու անմասն կմնան «Ս. Ձ.-ի» գրչակները ու նրա նորոգված տերը:
Ինչ վերաբերում է «Ս. Ձ.-ին», մենք, անկեղծ ասած, կարող էինք եւ անտեսել-արհամարհել սույն լրատվամիջոցին եւ սույն գրչակներին, ինչպես որ միշտ ենք արել, բայց…
Բայց` ծնված օրվանից (2002 թ.) հիվանդ ու թերաճ, հիմա էլ` «հոգադարձ արված» սույն գոյաքարշ լրատվամիջոցը եւ բոլոր ժամանակների բոլոր տերերին «հավատարմորեն ծառայող» գրեթե բոլոր սույն լրագրողները կարծես մոռացել են, որ հենց իրենք են բազմիցս ստիպված եղել դատական մի շարք ատյանների որոշումներով հենց սույն լրատվամիջոցով հերքել իրենց տպագրած զրպարտությունները, բանսարկությունները,  չարամիտ դիտավորությունները,  գործարար համբավ ու հեղինակություն արատավորող սուտ տեղեկություններն ու կեղծ հրապարակումները` «լիզելով իրենց թքած աղբը», կլլելով իրենց թափած կեղտը:
Կերակրամանից օգտվելու հավանականությունից զրկված` այս լրատվամիջոցին ու այսօրինակ լրագրողներին  ապավինելով ու նրանց «հակադարձումներով»  առաջիկա քաղաքական իրադարձություններին մասնակցելու այս ձեւը ցայտնոտի մեջ հայտնված Աղասի Հակոբջանյանի հուսահատության վերջին դրսեւորումն էր:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *