ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՍՏԱԿ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ

Բազմիցս է խոսվել Հայաստանում զբոսաշրջության զարգացումը պետական մակարդակով կազմակերպելու, դրան պատշաճ ուշադրություն դարձնելու մասին, քանի որ, ինչպես շատերն են վկայակոչել, Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Իսկ մասնավորապես Զանգեզուրի մասին խոսելիս ասել են` «Ով չի եղել Զանգեզուրում, նա չի եղել Հայաստանում»: Սյունիք – Զանգեզուրյան բնակլիմայական – աշխարհագրական բացառիկ առանձնահատկությունները, պատմամշակութային հարուստ հուշարձանները  եւ դրանց մեծ արժեքը հիմք են հանդիսացել, որ Հայաստանում եւ մասնավորապես Սյունիքում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով ՀՀ կառավարությունը 2009թ.-ի հունիսի 26-ի թիվ 848 -Ն որոշմամբ «Տաթեւ» վանական համալիրը եւ հարակից Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթեւի, Սվարանցի, Տանձատափի եւ Բարձրավանի գյուղական համայնքները հայտարարել է զբոսաշրջային կենտրոն` «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոն անվանումով: Հաստատվել են կենտրոնի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները ու գերակա խնդիրները: Հայեցակարգի մեջ ներառված է նաեւ զբոսաշրջության կենտրոնում ըմդգրկված հյուրանոցներում եւ զբոսաշրջային համալիրներում սպասարկման պատշաճ մակարդակի կազմակերպումն ու ապահովումը, ինչի համար հանձնարարված է Սյունիքի մարզի համապատասխան միջն. մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդգրկել «Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում եւ զբոսաշրջային համալիրներում» մասնագիտությունը:
Սույն հանձնարարականը տրված է նաեւ Սիսիանի Պետական տնտեսագիտական քոլեջին:
Ինչ կտա նոր մասնագիտությունը Սիսիանին, ինչպես է կազմակերպվելու առարկայի ուսուցումը եւ ինչ հեռանկարներ կունենան շրջանավարտները: Այս եւ այլ հարցերի պատասխանում է քոլեջի տնօրեն Հենզել Առաքելյանը:

Շատ խրախուսելի է, որ քոլեջում դասավանդվող առարկաների շարքում պիտի ավելանա նոր` արդիական եւ պահանջարկ ունեցող` «Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում եւ զբոսաշրջային համալիրներում» մասնագիտությունը եւս, որի դասավանդումը կսկսենք եկող ուսումնական տարվա սկզբից:
Նոր առարկան ուսուցանելու եւ ուսումնական ծրագրերում ներառելու նախապատրաստական հիմնական աշխատանքներն ավարտված են, մասնագիտությունը մինչեւ տարեվերջ կներկայացվի լիցենզավորման: Հիմնականում լուծված են ուսումնական պլանների, կադրերի, նյութատեխնիկական ապահովվածության հարցերը: Ընդունելությունը կկատարվի ընդհանուր միջնակարգ կրթության բազայի վրա (9- ի բազա): Ուսուցումը 4 տարով է: Առաջին տարին սովորողները կստանան լրիվ միջնակարգ կրթություն, մյուս երեք տարիներին` այդ համալիրներում աշխատելու հմտություններ եւ գիտելիքներ: Մասնագիտությունը բավականին հեռանկարային է եւ արդիական, քանի որ այն պայմանավորված է տարածաշրջանը զբոսաշրջային կենտրոն դարձնելու հանգամանքով` ապահովելով շրջանավարների զբաղվածության խնդիրը, միաժամանակ` զբոսաշրջային սպասարկման կազմակերպումը դնելով բավարար հիմքերի վրա: Կլուծվի նաեւ շրջանավարտների` շարունակական կրթության  հարցը` նույն մասնագիտությունը դասավանդող բուհերում: 4 տարի հետո կունենանք մեր առաջին` 20 շրջանավարտները: «Բասեն» հյուրանոցային համալիրի հետ կնքված պայմանագրի համաձայն` ուսանողները տեղում կանցկացնեն ուսումնական պրակտիկան:
Կարեւորում եմ այն առարկանները, որոնք պիտի ուսուցանվեն եւ անհրաժեշտ են ցանկացած մարդու համար, դրանք են` վարվեցողություն, գեղագիտություն, մարկետինգ, մենեջմենթ, երկրագիտություն, արարողակարգ, տնտեսագիտություն, միջազգային իրավունք, տարածքային եւ տուրիստական աշխարհագրություն: Առարկաների ուսուցման նման ցանկն ինքնին արդեն ենթադրում է հետաքրքիր եւ բովանդակալից ուսումնական շրջան, իսկ դրանց արդիական եւ ժամանակակից լինենը երաշխիք է տալիս, որ այն մեծ հետաքրքրություն կառաջացնի` աշխատանքի հստակ հեռանկարով:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *