ԱՇԽԱՐՀԻՆ` ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՄԱՀԻՆ` ԹԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ՀԱՑԻՆ` ԷԺԱՆՈՒԹՅՈՒՆ…

Բարև Ձմեռ Պապ
Թող ծիծաղելի ու տարօրինակ չթվա, որ գրեթե կես դար հետ թողնելուց հետո՝ գրում եմ քեզ։ Մեջս մանուկը չի խոսում, այլ` կարոտը։ Տարեմուտ է՝ խճճվել եմ։ Վերջին պահին ուզում եմ մեկ շնչով լրացնել կիսատ թողածս։ Սեղանիս անավարտ աշխատանքներս են՝ ձեռագրերիս, թղթերիս արխիվը։ Կարոտով շնչում եմ «Որոտան» թերթի ստվար համարների խունացած բույրը, իմ ապրած ժամանակի բույրը։ Ախ՜, եթե զգայիր կարոտիս թանձրությունը, կտանեիր ինձ քեզ հետ իմ լեռնաշխարհը, կվերադարձնեիր անցլյալից գոնե մի պահ, և ես նորից կզգայի իմ մանկության տոնածառի գեղեցկությունը, որը մայրս էր զարդարում իր պատրաստած թղթե խաղալիքներով, մրգերով և կոնֆետներով։
Շքեղ էր անխառն սիրով ու ջերմությամբ լցված իմ մանուկ աշխարհը, մորս շնչով: Դժվարանում ես, իսկ ես անզորանում եմ․․․
Գնա, գնա Ձմեռ Պապ, ու երբ հասնես իմ քաղաքը, շնորհավորանքիս միախառնված շնորհակալությունս հաղորդիր «Որոտանի» խմբագրությանը, որ կա, և խառը ժամանակի մեջ չի փոխում իր դեմքը, մնում է անկողմնապահ և ժողովրդի կողքին, շնորհավորիր նրա բոլոր-բոլոր ընթերցողներին, բարեկամներին, սիսիանցիներին…
Շնորհակալ եմ, որ կարող եմ նրա միջոցով շնորհավորել իմ երկրի մարդկանց Նոր Տարին և Սուրբ Ծնունդը և բարձրաձայնել մորս աղոթքի խոսքերը` Աշխարհին` խաղաղություն, Մահին` թանկություն, Հացին` էժանություն։ Ամեն։
Բարով գաս` 2016 թվական…
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ…

Նունե ՍԱՀԱԿՅԱՆ
Լիպեցկ
29. 12. 2015

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *