ԱՇՆԱՆ «ՈՍԿՈՒ» ՇՌԱՅԼՈՒԹՅԱՄԲ

Ոչ թե` տխուրաչ ու միգասքող, ոչ թե` թախծոտ ու սառնաշունչ, այլ` ոկեհանդերձ ու մրգառատ, երփնաշղարշ ու խանդավառ էր «աշունը եկել» քաղաքի թիվ 2 մանկապարտեզի հանդիսությունների դահլիճ, ու ավագ խմբի սաների պայծառ աչուկներով, զվարթ երգեցողությամբ հրավառել ծնողների, ներկաների սրտերը:
Մանկության կայտառ ու պայծառ մոլորակում միայն գույն էր, միայն ժպիտ ու թովչանք, միայն մայրիկին ու հայրենիքին ձոնված տոնահանդես: «Հայաստանն իմ անուն-ազգանունն է»,-գուցե այնքան էլ չհասկանալով բառերի իմաստը, բայց խրոխտաձայն վանկարկում էին նրանք: «Թող աշխարհը, մեր աշխարհը նորից մանկանա»,- ձայնակցում էին մյուսները` աշխարհը հարստացնելով մանկան մաքրությամբ ու ազնվությամբ:
«Ոսկե աշունը», որ ավանդական միջոցառում է նախակրթարանների տոնացույցում, ասես փորձում է վառ տպավորություններով, ջերմաշունչ խոսքերով հրաժեշտ տալ տաք օրերին` մոտալուտ ձմռան ցրտերը ավելի տանելի ու մեղմ դարձնելու մտապատրանքով:
Մանկապարտեզի տնօրեն Լիանա Գրիգորյանը գոհունակություն հայտնեց հանդիսությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու համար` խրախուսանքի խոսքեր ուղղելով թե՛ սաներին, թե՛ դաստիարակչուհիներ Անահիտ Ավետյանին, Ամալյա Սրապյանին, երաժիշտ Անուշին:
Ծնողները նույնպես բավարարված էին իրենց երեխաների, տատիկները` թոռնիկների անկաշկանդ ու խանդավառ ելույթներից: Նրանց անունից շնորհակալության ջերմ խոսքեր ասաց այս անգամ ոչ թե մանկապարտեզի դաստիարակի, այլ` տատիկի դերում ցերեկույթին մասնակցած Գոհար Հովհաննիսյանը:
Անցավ աշնան մեկ օրը եւս, իսկ «Ոսկե աշունը» մնաց ու մնալու է թիվ 2 նախակրթարանի ավագ խմբի սաների հիշողության ոսկե հուշադարանում:

Սեփ. լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *