ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

58-ամյա Սեդա Խաչատրյանն իր ընտանիքի հոգսը հոգում է բանջարեղեն վաճառելով: Հոգում անթեղված վիշտ ունի` 32-ամյա որդու անժամանակ մահը:
Իր վաճառակետից նայում-դիտում է անցուդարձ անող հոգսաշատ մարդկանց, զգում օրվա մայրամուտն ու արեւաբացը, օրերի, եղանակների հարափոփոխ երթը եւ հոգին թեթեւացնում մտքում հանգեր, վանկեր, ոտանավորներ երկնելով: Երբեմն, երբ գնորդ-հաճախորդի հետ մտերիմ զրույց է ունենում, արագ-արագ արտասանում է նաեւ իր` գուցե հենց նոր ծնված տողերը եւ նաեւ այդպես հաղորդակցվում նրանց հետ, աշխարհի հետ ու իր աչքի առաջ իրար փոխարինող տարվա եղանակների հետ:
Հիմա աշուն է, ու տիկին Սեդան աշնանային խոհերով է:

***
Աշուն է, աշուն, դեղնահար աշուն,
Էն ծառի ծայրին տերեւն է մրսում:
Դեղին է հագել տերեւը կանաչ,
Մեղմիկ քամին է տանում ետ-առաջ:
Հենց ծառի ծայրից տերեւն ընկնի ցած,
Պետք է իմանանք` ընկավ մահացած:

***
Աշունը բացեց աչքերը կամաց,
Իր շուրջը նայեց մոլոր-շվարած:
Ծառերը կամաց ժպտում են ասես,
Իրենց շալակին մրգեր կան պես-պես:
Աշունը նորից խաղաց իր դերը,
Վերից թափվում է բարակ անձրեւը:
Աշնան քամուց է ծառը մերկացել,
Ձմռան ճամփան է աշունը բացել:

***
Առվակները կարկաչուն
Միայն ունեն մեկ հնչյուն:
Խշխշալով գլորվում,
Գիշեր-ցերեկ միշտ արթուն
Միանում են իրարու:
Մի քանի խենթ-ժիր առու
Միանում են, բամբասում,
Ջրում արտ ու անասուն,
Վազվզում են իրար հետ,
Հետո դառնում վարար գետ:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *