ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՆԵ, ՀՈՒՅՍ ԿՏԱ, ՈՐ…

Արտերկրից հայրենիք վերադարձած աշխատանքային միգրանտներին աշխատաշուկայում վերաինտեգրելու, աշխատանքային միգրացիոն գործընթացը կարգավորելու նպատակով «Մարդը կարիքի մեջ է» ՀԿ հայաստանյան ներկայացուցչության եւ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության միջեւ 2013 թ.-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն իրականացվում է «Աջակցություն շրջանառու միգրացիային եւ վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում «Մարդը կարիքի մեջ է» ՀԿ-ի եւ «Հայ օգնության միություն» կազմակերպությունների համատեղ ջանքերով Հայաստանի 4 մարզերում՝ Արմավիր, Արարատ, Վայոց Ձոր, Սյունիք, հիմնադրվել են միգրացիոն ռեսուրս կենտրոններ, որոնք գործում են «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության տարածքային կենտրոններին կից:

Ծրագիրը կգործի մինչեւ 2015 թ.-ի հուլիսը: Ավարտից հետո կենտրոնները կփոխանցվեն պետությանը:
Գորիսի միգրացիոն ռեսուրս կենտրոնի Սիսիանի համայնքային աշխատող Ամալյա Ալեքսանյանը նշեց այն աշխատանքները, որոնք իրականացնում են Սիսիանի տարածաշրջանի շահառուների հետ՝ կարեւորելով թե վերադարձած միգրանտների ինտեգրումը տեղի աշխատաշուկայում, թե՝ հավանական միգրանտների հետ տարվող աշխատանքը, որը վերաբերում է օրինականության սահմաններում իրենց իրավունքներն իմանալուն, դրանց պահպանմանն ու կիրառմանը, իրականացնում խորհրդատվություն եւ ուղղորդում աշխատանքի եւ զբաղվածության հետ կապված հարցերով:
Խոսելով ծրագրի կարեւորության մասին՝ Ա. Ալեքսանյանը այն համարեց ճիշտ տեղին եւ ժամանակին՝ պայմանավորված  2014թ-ի՝ ՌԴ խստացված օրենքներով:
Զբաղվածության Սիսիանի տարածքային կենտրոնի տնօրեն Ֆլորա Արմենակյանը նշեց, որ միգրացիոն ռեսուրս կենտրոնի համայքային ներկայացուցչի հետ արդյունավետ աշխատանք է իրականացվում, որի արդյունքում 2013 թ.-ին հայրենիք վերադարաձած շատ ու շատ աշխատանքային միգրանտների փորձում են ինտեգրել տեղի աշխատաշուկայում:
Նա ասաց, որ իրականացնում են մասնագիտական ուսուցման, բիզնեսի աջակցման ծրագրեր, սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության, աշխատաշուկայում անմրցունակ անձանց ինքնազբաղվածության խթանման նպատակով փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցման, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման եւ այլ ծրագրեր:
Բիզնես դասընթացը հաջող հաղթահարածներին տրվելու են վկայականներ եւ հնարավորություն՝ ներառվելու գույքի եւ սարքավորումների տեսքով տրվող դրամաշնորհային ծրագրերում:
Ցավ հայտնելով տարաշարջանում առկա միգրացիոն երեւույթների ծավալի մասին, զրուցակիցներս նշեցին, որ այս աջակցությունը, գոնե, մարդկանց հույս կներշնչի առ այն, որ կարիքի եւ ոչ իր կամքով միգրացիոն հոսանքի մեջ հայտնված մարդը կկարողանա հաղթահարել ստեղծված իրավիճակը՝ հույսը չկտրելով վաղվա օրվա հանդեպ:

Որոտան
10.02.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *