ԱՌԱՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԸ

Հոկտեմբերի 26-ին Սիսիան քաղաքի` Գ. Նժդեհ եւ Սիսական փողոցներում տեղի ունեցած ապօրինի ծառահատումը համայնքային իշխանությունների` ետընտրական առաջին բացահայտ եւ հրապարակային արհամարհանքն էր սիսիանցիների հանդեպ:

Այս մասին հոկտեմբերի 26-ի «Aravot .am»-ում «Ծառ  կտրելը Սիսիանում դարձել է մոլուցք» վերնագրով հրապարակմանն անդրադառնալով` Արա անունով մի ընթերցող իր մեկնաբանության մեջ գրել է.«Սիսիանի քաղաքապետն իր անձնական ճոխությունների համար համայնքի միջոցներն է անխնա օգտագործում, իսկ մանկապարտեզի ջեռուցման համար միջոցներ չի ցանկանում հատկացնել եւ քաղաքն է ավերում: Մեր հարազատ Սիսիանն է ավերում, որի հետ ինքը ոչ մի աղերս չունի, որովետեւ ինքը կանխիկով գնել է Սիսիանը տնօրինելու իրավունքը: Իսկ գնված ապրանքի հետ ոնց ուզում` վարվում են: Ցավոք…»:
Սիսիանը սեփական «բոստանը» կարծելու այդ արհամարհանքը (չնայած` սեփականի հետ այդքան թշնամաբար չեն վարվում) համայնքի ղեկավարից փոխանցվել է նաեւ նրա մերձավորներին եւ  հովանավորությունը վայելողներին, ինչի կրողը  ծառաջարդն ամենայն «պատասխանատվությամբ ու ջանադրությամբ» իրականացնող ու ղեկավարող կոմունալի բրիգադավար Սոս Օհանյանն էր:
Մեր հարցին, թե ինչո՞ւ են այդպես անխնա ոչնչացնում հաստաբուն ծառերը, իր հովանավորյալից` բարգավաճած քաղաքապետի պաշտպանությունից երաշխավորված` Սոս Օհանյանը սկզբում փորձեց խուսափել հարցերին պատասխանելուց: Սակայն խայտառակ իրականությունը կոծկելու  եւ «ձառերին գեղարվեստական ձեւավորում տալու» արդարացումով ասաց, որ դրանք փտած ծառեր են:
Ծառերն, իհարկե, փտած չէին, ինչում կարելի է համոզվել անգամ հողին հավասարեցված նրանց հաստ բներից, որ նույնիսկ այդ տեսքով են հիմա Նժդեհի փողոցում հուշում իրենց նախկին փառահեղ ու սաղարթախիտ գոյության մասին:
«Իսկ ինչի՞ համար են կտրում» մեր հարցադրմանը Սոս Օհանյանը ընդգծված անհանդուրժողականությամբ ասաց` մանկապարտեզների համար, ու, լսելով լրագրողի հաջորդ` «փտած ծառը ջերմությո՞ւն է տալու, որ կտրում եք» հարցադրումը, չկարողանալով թաքցնել անբարյացկամությունը իրենց ապօրինությունը փաստագրող ու նկարահանող լրագրողի հանդեպ` հոխորտալով ասաց` «էդ ապարատը փակի, խանգարում ա, կամ էլ` կջարդեմ…»: Զարմանալի մեծամտություն եւ ինքնավստահություն: Գուցե լրագրողի լուսանկարչական ապարատն է՞լ էր շփոթել ջարդուխուրդ արվող ծառերի հետ…
Երբ պատկան մարմիններից հետաքրքրվեցինք, թե ինչ իրավունքով են կտրում հաստաբուն ծառերը, մեզ «հավաստիացրին», որ «ավագանու որոշում կա, բա հո առանց ավագանու որոշմա՞ն չեն անում»:
Նժդեհի եւ Սիսական փողոցներում առողջ ու հաստաբուն ավելի քան մեկ տասնյակ ծառ հատելու`  ավագանու նման որոշում կայացրած լինելու մասին հետաքրքրվեցինք Սիսիանի համայնքի ավագանու մի քանի անդամնե2012_134րից, ովքեր ասացին, որ տեղյակ չեն նման որոշումից, եւ իրենք ծառահատման նման որոշում չեն կայացրել: Իսկ ավագանու անդամներից մեկն էլ խոստացավ  առաջիկա` նոյեմբերի 12-ին կայանալիք նիստում բարձրաձայնել այդ մասին: Համայնքի ավագանու որոշումներում մենք, համենայնդեպս, նման որոշման նույնպես չհանդիպեցինք:
Արտառոցն այն է, որ Սիսիանի համայնքում կատարված եւ կատարվող համայնքի համար ամենավնասակար եւ վատ երեւույթները համայնքային իշխանությունները «արդարացնում են» «ավագանու որոշում կա» ասելով: Ինչպես այս դեպքում էր: Մնում է մտածել, որ կամ` Սիսիանի համայնքի ավագանին այնքան է հեղինակազրկված, որ տեղի- անտեղի կարելի է «պատսպարվել» անգամ` նրա չընդունած որոշումների տակ, կամ` այնքան «գրպանային է», որ, նույնիսկ շարքային պաշտոնյաներն իրենց իրավունք են վերապահում հանդես գալ նրա անունով` քողարկելով իրենց ապօրինությունները, վստահ, որ, միեւնույն է, ավագանին «կարող էր եւ նման որոշում կայացրած լինել…»: Ինչեւէ:
Այստեղից բխում է նաեւ հաջորդ ենթադրությունը` տեսնես համայնքային իշխանությունը որքա՞ն գումար է համայնքային բյուջեից «դուրս գրել» մանկապարտեզները ջեռուցելու նպատակով «գնված» վառելափայտի դիմաց…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *