ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՈՋ ԶԱՐԴՆ

Անահիտ Հակոբյանը Տորունիքի համայնքապետն է: Միակ կին գյուղապետը` մեր տարածաշրջանում: Ինչպես է համատեղում մայր, կին, տատիկ, համայնքապետ լինելու իրողությունը: Եվ, արդյոք, համատեղելի՞ են դրանք: Մայրության, գեղեցկության միամսյակի շրջանակներում է մեր զրույցը նրա հետ:

Ես միակը չէի մեր տարածաշրջանում: Ափսոսում եմ, որ Աշոտավանում Արեւիկը չվերընտրվեց: Ուժեղ էր, իսկ տղամարդիկ չհանդուրժեցին իրենցից ուժեղ կնոջը: Դժվար է, որ միակն եմ այդքան տղամարդկանց կողքին, բայց նաեւ մեր համայնքապետերը ստեղծում են այնպիսի իրավիճակ, որ ես ինձ վատ չզգամ, դեռ ավելին, նրանք կարծում են, որ կնոջ ներկայությունը պարտադիր է եւ անհրաժեշտ` զգոն եւ ձգված լինելու: Ես էլ եմ այդպես կարծում:
Ինչ վերաբերում է կին համայնքապետ լինելուն. կինն ավելի հոգատար է: Ինձ համար համայնքը մեծ ընտանիք է, իսկ ընտանիքը նախ հոգատար մոր, կնոջ կարիք է զգում: Որ ասեմ` այսինչ-այնինչ մեծ-մեծ գործերն եմ արել համայնքի համար, անկեղծ չի լինի: Տորունիքի նման բարդ, դժվար, խնդրաշատ գյուղի համար էլ դժվար է հարցեր լուծելը, բայց, կարծում եմ, մի շատ լավ բան ու կարեւոր բան արել եմ` համերաշխություն եմ ստեղծել: Տորունիքը ծանր համայնք է: Հավաքովի ժողովուրդ` Բաքվից, Շահումյանից, տեղից: Կռիվները սովորական երեւույթ էին: Հիմա այդպես չէ: Գյուղը մի տեսակ հավաքվել է: Նախկինում Տորունիքն աչքի էր ընկնում տարաձայնությամբ, հիմա` համերաշխությամբ: Եվ դա բոլորն են նկատում, զգում: Դա ձեռքբերում է:
– Ինչո՞վ եք պայմանավորում:Ղեկավարի` կին լինելո՞վ, ձեր բնավորությա՞մբ, անձնային որակներո՞վ, թե՞` ժամանակը հարթեց:
– Իմ բնավորությամբ: Չարակամ չեմ: Հիշաչար չեմ: Վիրավորանքին վիրավորանքով չեմ պատասխանում: Իմ ընտանիքում էլ է այդպես: Գուցե դա է պատճառը, որ ունեմ նաեւ ամուր ընտանիք, նվիրված ամուսին: Խնդրին այլ կերպ էլ եմ նայում. այսօր դժվարությամբ ապրող տորունիքցու հոգսերը հոգալ չես կարող, ճանապարհը վերանորոգել չես կարող, խարխուլ, հողաշեն, կիսաքանդ տները վերանորոգել-կառուցել չես կարող, բայց մարդուն մարդ տեսնել, նրան հասկանալ, նրան սատարել կարող ես, չէ՞, եւ դա մեծ ջանք չի պահանջում: Եթե նրա հարցերը չեմ էլ լուծում, գոնե գյուղապետարանից այնպես եմ ճանապարհում, որ երկրորդ, հաջորդ անգամ էլ այնտեղ մտնելու տրամադրություն ու ցանկություն ունենա:
– Ղեկավարը եւ մեղմությունը համատեղելի՞ են պաշտոնավարման մեջ:
– Խիստ տոնը երբեմն վանում է եւ շատ անտեղի է: Ինձ երբեմն հանդիմանում են` ինչո՞ւ խիստ չասացիր: Ճղճղալը, բարձր տոնը ղեկավարել չէ: Գիտեք` ուրիշ խնդիր էլ կա. այս համայնքի բնակիչներին ես եմ ընդունել, տեղավորել, հյուրընկալել բառի բուն իմաստով դեռեւս 1991-ին: Իմ ստեղծած համայնքն է, կապ չունի, որ ղեկավար ուրիշներն են եղել, ու ես ընդամենը երկրորդ տարին եմ ղեկավարում: Իմ ստեղծած համայնքն է, եւ ես պատասխանատվություն եմ զգում նրա առջեւ: Շատ եմ սիրում նրանց, ապրում եմ նրանց առօրյայով, նրանց իմ ընտանիքի անդամն եմ համարում: Դեռեւս 88-ին, երբ Ախլաթյանի գյուղխորհրդում քարտուղար էի, սկսեցին դեպքերը: Ադրբեջանցիներին ճանապարհել ենք, ընդունել փախստականներին: Օր ու գիշեր գյուղխորհրդի նախագահ Արկադյա Բադալյանի հետ աշխատել ենք` գիտակցումով, որ գործ ունենք տուն ու տեղը կորցրած, ճակատագիրը խաթարած մարդկանց հետ: Իսկ երբ 1991-ին ստեղծվեց Մորենիի նոր տնտեսությունը, նոր գյուղխորհուրդը, ինձ ուղարկեցին Մորենի աշխատելու: 17 տարի ոտքով գնացել-եկել եմ (ապրում եմ Ախլաթյանում): 17 տարի ամեն օր շփվել ու առնչվել եմ նրանց հետ, նրանց հոգսի, ուրախության հետ, ու անկեղծորեն: Երեւի դա է պատճառը նաեւ, որ գյուղը հավաքվեց, համախմբվեց:
– Երբ որոշել էիք գյուղապետ դառնալ, այդ հանգամանքները հաշվի չէի՞ք առել:
– Այսպես թե այնպես աշխատում էի Տորունիքում: Այն տարիներին, երբ փախստականաբնակ գյուղերին շատ օգնություններ էին տրվում, շատ բաներ կարելի էր անել, բայց` չարվեց: Իսկ առաջին օգնությունները ծուլացրեցին մարդկանց, նրանք նույնիսկ իրենց անասունը վաճառեցին, որ նպաստից օգտվեն, ու այդ հոգեբանությունը դեռեւս հաղթահարված չէ: Համայնքը չկայունացավ: Ամեն հեռացող գյուղապետի ետեւինց 4-5 ընտանիք էլ հեռացավ: Շատ լավ ապրող ընտանիք չկա: Ճնշված են մարդիկ, մի քիչ էլ ղեկավարը ճնշի, հետո՞… Առանց այն էլ հիասթափված մարդիկ են, փախչելու պատրաստ մարդիկ են, իսկ ես ջանում եմ այնպես անել, որ իմ մեջ հարազատի տեսնեն, ընկերոջ տեսնեն, սրտակցի տեսնեն, ոչ թե լոկ համայնքապետի:
– Լինո՞ւմ են պահեր, որ կին լինելու հանգամանքը խոչընդոտի հարցեր լուծելուն:
– Սկզբում չհասկացվելու մտավախություն ունեի: Մի հարց բարձրացնելիս այնքան էի իմ մեջ եփում-եփում, մինչեւ… Հետո հասկացա, որ կնոջ կաշկանդվածությունը գործին ոչ միայն չի օգնի, այլեւ` կխանգարի, եւ հետո` ես իմ անձնական խնդիրները չեմ բարձրացնում, այլ` համայնքի, եւ նա է իր ընտրությամբ ինձ լիազորել իրեն պաշտպան լինելու, իր խնդիրները վեր հանել եւ լուծելու: Եթե մտածես, որ կին ես ու տղամարդկանց պես չես կարող հարցեր լուծել, ուրեմն` արդեն ձախողված ես: Աշխատանքի մեջ, պաշտոնական պարտականությունների մեջ դու պաշտոնատար անձ ես եւ պարտավոր ես քո դերը կատարել:
– Իսկ պաշտոնատար անձ կինը ընտանիքո՞ւմ:
– Այդ կողմից էլ բախտս բերել է: Իմ ընտանիքում թե՛ ամուսինս, թե՛ աղջիկներս անտարբեր չեն իմ խնդիրների նկատմամբ: Քննարկում ենք, կիսվում, խորհրդակցում: Լինում են պահեր, երբ ամուսինս ասում է` ախր քո ինչի՞ն էր պետք: Բայց նաեւ ժամերով ինձ սպասում է այս կամ այն հիմնարկի մոտ, որ ես իմ աշխատանքային խնդիրները կարգավորեմ: Նրա զորակցությունը չլիներ, հանձն չէի առնի այդ աշխատանքը: Նույնը` աղջիկներս: Գուցե տանից իմ շատ բացակայությունը «ստիպել է» նրանց կայանալ իբրեւ պատրաստի տան տիրուհիներ, ու ես ուրախ եմ, որ 3 հայկական օջախի պատրաստի տան տիրուհիներ եմ պարգեւել:
– Հասցնո՞ւմ ես տնային գործերը:
– Բնույթով ակտիվ եմ, կենսասեր ու կենսախինդ: Հասցնում եմ նաեւ տան գործերը: Իմ հոգսերով էլ եմ ապրում: Համայնքի ղեկավար լինելուց բացի երբեք չեմ մոռանում, որ նաեւ տան կին եմ: Կով էլ եմ պահում, կով էլ եմ կթում, կաթնամթերք էլ եմ մշակում, գոմ էլ եմ մաքրում, հողամաս էլ ցանում: Միեւնույն է, ինչ էլ անես, դու չես դադարում քո տան տիկինը լինելուց, քո երեխաների մայրը լինելուց, եւ դա լավ է: Կինը կանացի է տանը, օջախում, շերեփը ձեռքին: Չնայած հիմա ինձ տանը չեմ պատկերացնում: Միշտ սիրել եմ հասարակական կյանքը, աշխույժ եմ, շփվող, մարդամոտ, հաղորդակցվող: Հանգիստ կյանք չեմ սիրում, եւ ուզում եմ մի լավ բան անել իմ մեծ ընտանիքի` իմ համայնքի համար, որի ղեկավարն եմ: Զանգեզուրի կոմբինատի տնօրենը պատրաստակամություն հայտնեց ֆինանսավորել համայնքի` խմելու ջրի հիմնախնդիրը լուծելու: Փաստաթղթերն ենք նախապատրաստում: Գոհացած կզգամ ինձ:
– Ի՞նչ կավելացնես:
– Եթե ապրում ենք, պիտի հետաքրքիր ապրենք, իսկ եթե գործդ մարդու հետ է, զգույշ ու հանդուրժող լինել: Ամեն ինչ անցողիկ է: Մի լավ անուն պիտի թողնես, որ ետեւիցդ չանիծեն: Լավ թե վատ, աշխատում եմ, սիրում եմ իմ համայնքը եւ պատասխանատու եմ նրա առաջ: Սիրում եմ մարդկանց աչքերը ուրախ տեսնել: Կանանց էլ մաղթում եմ ոչ թե միամսյակ, այլ` մշտական երջանկություն, ուրախություն, համբերություն: Հայ կինը թող միշտ եւ ամենուր պահպանի իր առաքինությունը, որ նրա ետեւից ասեն` պատվարժան է ու հարգարժան:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *