ԱՍՏՎԱԾ ՊԱՀԻ ՀԱՅՈՑ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ-20


Պատմության հարահոս երթում, դարերի հավերժական պտույտում թռչունների նման սավառնող երկրներ` մեծ ու փոքր, «տգեղ» եւ «գեղեցիկ», «բարի» ու «չար», «երիտասարդ» ու «տարեց», «դիվանագետ» ու`  «դիվան բաշի», մեղավոր եւ անմեղ,  քաղաքակրթություններ` հին ու նոր, սլացքի մեջ ու սլացքի պատրասատ, դարերի պտույտը սկսած, բայցեւ` ճակատագրի բերումով  պտույտից պոկված  Հայաստան երկիր` սլացքի կարոտը աչքերում, հզոր Արծիվ` «շղթայված»:
Դարեր շարունակ արծվենի բարձունքից Նա անթաքույց տխրությամբ ու ներքին նախանձով հետեւել էր «թռչունների», հատկապես` հանկարծակի ու իրենից շատ հետո հայտնվածների ազատ թռիչքին: Հետեւել էր ու սպասել, Նա գիտեր համբերել. հոգին թրծված էր:
Սերվել էր բիբլիական հողից, սլացել հայկյան նետով, սրբագործվել Նոյան Տապանի մասունքներով, ամրակուռ դարձել Ավարայրի ու Սարդարապատի հերոսամարտերով ու Թուր Կեծակիի  փայլով շողարձակել դարերում: Հոգու խորքում անթեղված էր երբեմնի ազատ ու անկախ, ծովից ծով թռիչքի հաճույքը, ու…ՈՒ ըմբոստացավ արծվենի Հայաստանի անշղթա ոգին, կաթիլ առ կաթիլ կուտակված ազատության տենչը, դարերի պտույտում իր հաստատուն տեղն ունենալու վճռականությունը  փշրեցին շղթաները: Դեռ ուժը  չկորցրած, թռիչքի պատրաստ հզոր թեւերի բաբախյունը  փոխեց իր երթի ուղին: Նոր եզրեր ձգտող Արծիվը իր թեւերին առավ «Հայաստան»- «Արցախ» անկոտրուն կամքն ու նետվեց պատմության տիեզերք` եռագույնի մեջ ձուլելով Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությունը, եռաձայնեց ի լուր աշխարհի` ազատությունը ես եմ, անկախությունը ես եմ, Հայաստանը ես եմ…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *