ԱՎԱԳԱՆՈՒ ԱՄԵՆԱԱՎԱԳ ԱՆԴԱՄԸ

Տեղական ինքնակառավարում


«Ավագանի» շարքից`
Բենիկ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրացավ Սիսիանի համայնքի ավագանու գործունեության մեկ տարին: Որպես ավագանու ամենաավագ անդամ` նրա մեկամյա գործունեությունը գնահատելու հնարավորությունն ընձեռնեցինք Բենիկ Սահակյանին:
Բենիկ Սահակյանը 57 տարեկան է: 1977–ին ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը` ստանալով ինժեներ-ջերմաէներգետիկի մասնագիտություն: Երկու տարի աշխատել է Կուրսկի ատոմակայանի 3-րդ բլոկի մոնտաժային աշխատանքների վրա: 1979թ.-ին  տեղափոխվել է Սիսիան եւ աշխատել տարբեր կազմակերպություններում` հիմնականում պատասխանատու պաշտոններում: 1992-99թ.թ. եղել է Սիսիանի բնակշահագործման տեղամասի տնօրեն, 1999-ից «Հայռուսգազարդ»  ՓԲԸ-ի Սյունիքի ԳԴՄ-ի Սիսիանի ծառայության պետի տեղակալն է: Աշխատանքի ոլորտը միշտ էլ եղել է բնակչության սպասարկումը; Գուցե դրանով էր պայմանավորված նաեւ դժվարին մրցապայքարում Սիսիանի համայնքի ավագանու անդամ ընտրվելը:

– Պարոն Սահակյան, աշխատանքով ծանրաբեռնված լինելը չի՞ խանգարում ավագանու անդամի` Ձեր գործունեությանը:
–  Իմ ազատ կամ լրացուցիչ ժամանակի հաշվին եմ լրացնում ավագանու գործունեության ընթացքում բաց թողած աշխատանքային ժամերս, աշխատում հանգստյան օրերին: Մեկը մյուսի հաշվին ոչ տուժում է, ոչ` շահում:
-Դուք, համենայնդեպս, հասարակական- քաղաքական կյանքում այնքան էլ ակտիվ չեք եղել, ինչո՞վ բացատրել ավագանու անդամ դառնալու Ձեր ցանկությունը:
– Նախկիններում երբեւէ չեմ  էլ փորձել առաջադրվել որեւէ ընտրովի մարմնում: Բայց գալիս է մի պահ , երբ դրա անհրաժեշտությունն ինքն իրեն է հասունանում: Այդպես էլ եղավ իմ պարագայում:  Ընդհանրապես,  երբ նայում ես շուրջդ, երբ տեսնում ես, թե ովքեր են առաջադրվում, երբ գիտես, որ նրանց մեծ մասը գործից անտեղյակ, հանրության հետ չշփված-չառնչված մարդիկ են, մտածում ես, թե` ի՞նչ պիտի անեն նրանք տեղական ինքնակառավարման մարմնում, ի՞նչ հարցեր պիտի բարձրացնեն, քննարկեն, վերանայում ես քո դիրքորոշումը, գնահատում քո կենսափորձն ու կարողությունները եւ փորձում դրանք ծառայեցնել այն միջավայրին, այն հասարակությանը, որտեղ ապրում- աշխատում ես, որի հետ ամեն օր շփվում ես եւ լավ գիտես  նրա խնդիրները: Ահա ամենը:
– Ի՞նչ պատկերացումներ ունեիք ավագանու գործունեության մասին ընտրվելուց հետո եւ` մինչ այդ:
-Պատկերացումների մեջ գրեթե ոչինչ չի փոխվել: Այն է, ինչ կարծում էի: Միշտ մտածել եմ, որ ցանկացած հարցի պիտի մոտենալ ոչ թե անձնական շահերից ելնելով, այլ` ժողովրդի, եւ այդպես էլ, կարծում եմ, գործել ենք: Բարձրացված հարցերը հենց այնպես, առանց քննարկման, մանրամասն բացատրության որոշում չեն դարձել: Կարծում եմ` ավագանին պիտի այնպիսի համոզիչ, ողջամիտ որոշումներ կայացնի, որ իրենից հետո եկողը ստիպված չլինի անդրադառնալ դրանց, երբեմն` անվավեր ճանաչելով: Դա նաեւ վիրավորական է «ավագանի» ինստիտուտի համար: Խոսքս նախորդ ավագանու կողմից ընդունված մի քանի որոշումների մասին է, որին ստիպված եղանք անդրադառնալ` համայնքի շահերից ելնելով: Մոտ 22 մլն դրամ վերադարձավ համայնքային բյուջե պոլիկլինիկայի շենքի օտարման` ոչ ճիշտ որոշումը վերանայելուց հետո: Ցավոք, նույնը չկարողացանք համայնքին նվիրատրված` ծառայողական ավտոմեքենան համայնքին վերադարձնելու հարցում:
– Ինչպե՞ս եք գնահատում ավագանու` մեկամյա գործունեությունը:
– Կարելի է գնահատել բավարար: Անշուշտ, փոփոխություններ կան համայնքում, քաղաքի մոտ 60%-ը լուսավորված է, մնացածն ընթացքի մեջ է, քաղաքը  մաքրվում է, աղբահանությունը` կազմակերպվում: Կարելի էր շատ բան անել, ինչպես` ասֆալտապատում, բայց ֆինանսատնտեսական ճգնաժամը բացասական հետեւանք ունեցավ նաեւ մեր քաղաքի համար: Մենակ հարց բարձրացնելը չէ, պիտի դրանց լուծման հնարավորություն լինի նաեւ: Ձեռքբերում եմ համարում քաղաքի մշակույթի տան հիմնանորոգման համար անհրաժեշտ` համայնքային 11 մլն դրամի ներդրման  հարցի լուծումը եւ այլ հարցեր:
– Ի՞նչ թերացում կամ բացթողում եք տեսնում ավագանու գործունեության մեջ:
– Որպես այդպիսին լուրջ թերացում չեմ գտնում: Գուցե` մի քիչ ավելի պասիվ ենք հարցեր բարձրացնելիս: Ինքս, օրինակ, իմ մասին դա կասեմ: Բայց վերջին շրջանում դա էլ կարծես հաղթահարվում է: Ավագանու վերջին նիստերից մեկում ավագանու անդամ Հովիկ Ալեքսանյանը բարձրացրեց Հետիոտնի կամրջի` ճաղացանցի վերականգնման հարցը, ես` Մյասնիկյան- Արամ Մանուկյան  խաչմերուկի` արդեն չարիք դարձած կոյուղագծի խցանման հարցը, ինչի հետեւանքով ողողովում եւ շարքից դուրս է գալիս ասֆալտը: Կարծում եմ` բարձրացված հարցերը, ինչպես խոստացվել է, լուծում կգտնեն:
– Ինչ կասեք քաղաքի` վթարային շենքերի հիմնախնդրի մասին: Ավագանին քննե՞լ է այդ հարցը:
– Սիսիանում երեք վթարային շենք կա` Ֆիզկուլտուրնիկների 2 –ը եւ 6-ը եւ Գայի 7-ը: Գայի 7-ը վթարայնության  4-րդ աստիճանի է, ինչի պատճառով շենքը նույնիսկ գազիֆիկացված չէ: Հետազոտություններ են կատարվում, երբ թույլատրվի վթարայնության աստիճանը դարձնել 3-րդ, ամրացման աշխատանքներ կկատարվեն ու շենքը նաեւ կգազիֆիկացվի: Ֆիզկուլտուրնիկների 2-ում նույնպես ուսումնասիրություններ են կատարվում, վթարայնությունը 3-րդ աստիճանի է, գուցե դառնա 4-րդ: Երբ սա հաստատվի, պետ բյուջեյով կիրականացվեն ամրացման աշխատանքներ: Երկու շենքերի  հարցն էլ քննարկվել է ավագանու  նիստում:
– Հնարավո՞ր է ավագանու գործունեությունն ավելի արդյունավետ դարձնել. չվճարվող աշխատանքը նաեւ պակաս պատասխանատվություն է ենթադրում:
– Ավագանու անդամ դառնալիս բոլորս էլ գիտեինք, որ դա չվճարվող աշխատանք է, բայց դա ոչ մեկին ետ չի պահել իր ընտրապայքարից. օրենքում պիտի փոփոխություն արվի, եթե արվի: Իսկ պատասխանատու ես ընտրողիդ առջեւ:
Քաղաքապետարանի շենքում սենյակ է տրամադրվել ավագանուն, կարծում եմ` դա ավելի արդյունավետ կդարձնի մեր գործունեությունը:
– Ի՞նչ կավելացնեք մեր զրույցին:
– Մտածում եմ, որ եկող տարի ավելի լավ կաշխատենք եւ փոփոխություններն ավելի ակնհայտ կլինեն: Եթե մի քայլ ես անում, պիտի նախապատրաստվես հաջորդ քայլին:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *