ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉԸ ՊԵՏՔ Է ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆԱ ԸՆՏՐԵԼ ՆԱԵՎ ԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Հարցազրույց Արցախյան ազատամարտի մասնակից, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի հետ

-Պարոն Հովհաննիսյան, սահմանադրական բարեփոխումների խնդիրը ինչքանո՞վ էր հրատապ. կա՞ր դրա հասարակական պահանջարկը:
-Միանշանակ` կար: Համամիտ չեմ այն կարծիքներին, ովքեր ասում են` սահմանադրական բարեփոխումների հասարակական պահանջարկը չկար: Հասարակությունը ինքը իր քաղաքական ուժերի միջոցով մշտապես արտահայտել է մտահոգություններ Հայաստանի Հանրապետության բազիսային, վերնաշենքային հարաբերություններում: Դա մեծամասնական ընտրակարգն էր, դա մեկ մարդու ձեռքին կենտրոնացված հսկայական իշխանությունն էր, դա Հայաստանի Հանրապետության կառավարության` միայն ներքին քաղաքականության իրականացումն էր, դա Ազգային Ժողովի` թույլ վերահսկողական ֆունկցիաներն  էին, որոնք տանում էին հասարակական բացասական երեւույթների: Ինչո՞ւ չէ` նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, դատական համակարգի լիարժեք անկախության ոլորտներում բարեփոխումները նույնպես հրատապ են: Ուստի գտնում եմ, որ սահմանադրության նոր նախագիծը ժամանակի հասարակական պահանջարկի արդյունք է: Եւ այդ փոփոխությունները, որ տեղի կունենան, կպատասխանեն բոլոր մտահոգիչ հարցերին:
-Պարոն Հովհաննիսյան, բայց հանրային գիտակցության մեջ նստած է, որ եթե մի քայլ, մի երեւույթ վերեւից է առաջարկվում եւ իրականացվում, այն հանրային վստահության չի արժանանում: Ինչո՞ւ:  Ձեր մեկնաբանությունը, խնդրում եմ:
-Ես գտնում եմ, որ մեր պետական այրերը, որոնք հայ են եւ հայեցի հոգեբանության կրող, իսկ նրանցից շատերը արցախյան ազատամարտի առաջնորդներ են եղել, խորապես մտահոգված են մեր պետության, մեր ժողովրդի ապագայի համար, եւ այն քայլերը, որ նրանք կատարում են, միտված է ապագային, միտված է հենց ժողովրդի, հասարակության բարեկեցության, ապագայի բարելավման խնդիրների լուծմանը, ուստի ես չեմ կարող կիսել այդպիսի տեսակետ, որ այն, ինչ նախաձեռնվում է վերեւից, իշխանության կողմից, չունի ազգային հենք, չունի ազգային նպատակ, եւ դրական չէ: Ես գտնում եմ, որ հասարակությունը այդպիսի կարծիք չունի: Կան դժգոհներ, կա օպոզիցիա, դա բնականոն, ժողովրդավարական հասարակության սկզբունքներից ու գործունեություններից մեկն է, ուստի` դա անհիմն տեսակետ է: Հասարակության մի մասը չի վստահում` ելնելով իր սոցիալական վիճակից, կամ` քաղաքական զարգացումների իր կանխատեսումներից, բայց հասարակության մեծ մասը վստահում է այդ գործընթացին եւ լծված է դրա իրականացմանը:
 -Հետեւելով գործընթացներին` տպավորությունն այն է, որ այո-ի կողմնակիցները այո-ի մեջ են համոզված, ոչ-ի կողմնակիցները` ոչ-ի: Այդքան բեւեռացվածությունը ինչի՞ հետեւանք է:
– Ես գտնում եմ, որ դա ճիշտ է, յուրաքանչյուրն իր գաղափարախոսությունն է պաշտպանում, յուրաքանչյուրը իր կուսակցության, կամ` իր անձնական նպատակներն ու շահերն է պաշտպանում, եւ այդ բեւեռացվածության հետեւանքն այն է, որ մենք արդեն ունենք այնպիսի հասարակություն, որտեղ յուրաքանչյուրը կարողանում է պաշտպանել իր եսը, իր գաղափարը, իր նկրտումներն ու նպատակները: Ես գտնում եմ, որ մեր ժողովրդի, մեր հասարակության հաղթանակներից մեկն է, որ յուրաքանչյուրը` եւ այո-ի կողմնակիցները, եւ ոչ-ի կողմնակիցները կարողանում են պաշտպանել իրենց տեսակետը, պայքարել այդ տեսակետի հաղթանակի համար, ինչու չէ, նաեւ` գիտականորեն հիմնավորել եւ այո-ն, եւ ոչ-ը:
-Բայց, պարոն Հովհաննիսյան, այո-ի կողմնակիցները հիմնականում պետական, իշխանական կառույցներն են, ոչ-ի կողմնակիցները` քաղաքական ուժերը, իսկ հասարակ ժողովուրդն ավելի շատ` չեզոք է, եթե չասեմ` անտարբեր: Ինչո՞ւ:
-Թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ, որովհետեւ այս մեկ ամսվա ընթացքում եղել եմ Սյունիքի մարզի շատ-շատ կոլեկտիվներում, շրջել եմ շատ տեղերում, այդ կոլեկտիվներում շարքային աշխատողներից մինչեւ պետական պաշտոնյաները ես բացատրել եմ այս սահմանադրության հասարակական կարեւորությունը եւ այն բարեփոխումները, որ բերելու է սահմանադրությունն իր հետ, շատ շատերը այո-ի կողմնակից են եղել, եւ ես չէի ասի, որ սահմանադրությունը միանշանակ մերժվում, կամ` միանշանակ ընդունվում է: Այն գործընթաց է, պայքարի գործընթաց է, եւ այդ պայքարի գործընթացում հարկավոր է մարդկանց բացատրել այս սահմանադրության առավելությունները: Իսկ երբ ներկայացնում ես այն առավելությունները եւ այն բարեփոխումները, որ իր հետ բերում է նոր նախագիծը գործող սահմանադրության համեմատ, շատ շատերը համոզվում են, որ սա ճիշտ գործընթաց է:
-Այսինքն` բացատրության, լուսաբանման, իրազեկման պահանջ եւ անհրաժեշտություն կա…
-Դուք նախորդ հարցում ասացիք, որ եւ այո-ի, եւ ոչ-ի կողմնակիցներից յուրաքանչյուրն իրենն է պնդում, հավելեմ, որ ոչ-ի կողմնակիցները լոզունգային, քննադատական խոսք են ասում, որը չի ամրապնդվում սահմանադրության կոնկրետ հոդվածի քննադատությամբ, իսկ երբ որեւէ հոդված քննարկում են եւ հասարակագիտական վերլուծություն են կատարում, տեսնում ես, որ այդ հոդվածը վատը չէ, եւ գործող սահմանադրության համեմատ հասարակական առաջընթաց է ապահովում: Մարդիկ համոզվում են, եւ այո-ի կողմնակիցներն են շատանում:
-Երբ մենք զրուցում էինք մեր քաղաքացիների հետ սահմանադրական բարեփոխումներից, մեզ հարցնում էին` այդ բարեփոխումները փոխելո՞ւ են իրենց սոցիալական վիճակը:
-Իհարկե` փոխելու են, որովհետեւ սահմանադրության բազմաթիվ հոդվածներ միտված են մարդու իրավունքների ազատության պաշտպանության մեծացմանը, շրջակա միջավայրի, առողջապահության, կրթության, սոցիալական վիճակի, տնտեսակարգի բարեփոխումներին: Տեսեք` բերեմ միայն մեկ օրինակ. գործող սահմանադրությամբ ՀՀ մարդու իրավունքների եւ ազատությունների պատասխանատուն պետությունն է, իսկ նոր սահմանադրության նախագծով` մարդու իրավունքների եւ ազատությունների պատասխանատուն հանրային իշխանությունն է, որն իր մեջ ներառում է եւ պետեությունը, եւ տեղական ինքնակառավարման մարմինները, եւ հասարակական կազմակերպությունները, եւ հանրային ծառայությունները, եւ կուսակցությունները: Այսինքն` ընդլայնված է այդ գործընթացը, ընդլայնված է խորապես: Կրթության բնագավառում` գործող սահմանադրությամբ պարտադիր էր հիմնական կրթությունը, նոր նախագծով պետությունն իր վրա է վերցնում միջնակարգ կրթության անվճար գործընթացը: Երեք տարի պետությունը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է վերցնում իր վրա միայն կրթության բնագավառում: Հստակեցված են առողջպահության, շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքի պայմանների բարելավման եւ մնացած գործընթացները: Այսինքն` սոցիալական լայն հնարավորություններ են ստեղծվում: Ընդ որում նաեւ` տնտեսակարգի իրական բարելավում է ապահովվում, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը հռչակում է զատ շուկայական տնտեսակարգով երկիր, ազատ մրցակցության հենքի վրա սահմանադրորեն ամրագրված եւ մասնավոր սեփականության վրա հենված: Դրանք բոլորը գործընթացներ են, որոնք փայլուն կերպով հնարավորություն են տալիս ընդլայնելու սոցիալական ապահովության եւ պաշտպանվածության խնդիրները:
Մեր երիտասարդության համար նույնպես լայն հնարավորություններ են ստեղծված: Գործող սահմանադրությամբ ՀՀ ընտրական իրավունք ունեցող 18 տարին լրացած քաղաքացին կարող էր միայն ընտրել եւ մասնակցել հանրաքվեներին, նա ընտվելու իրավունք սահմանադրորեն չուներ: Նոր նախագծում նա կարող է եւ ընտրել, եւ` ընտրվել: Բոլոր ոլորտներում սահմանադրության նախագիծը ընդլայնել է մարդկանց իրավուքները եւ հնարավորությունները:
-Պարոն Հովհաննիսյան, Դուք հանգամանալից ուսումնասիրել եք սահմանադրության նոր նախագիծը, ո՞ր կետերն եք առավել կարեւոր եւ առաջադեմ համարում:
-Գիտեք` սահմանադրությունը ինքը մի ամբողջ գիտություն է, եւ յուրաքանչյուր սահմանադրություն իր մեջ ներառում է տվյալ հասարակութան եւ տվյալ ժամանակաշրջանի տասնյակ գիտությունների մերանն ու հանրագումարը: Եվ սահմանադրությունը լավ ուսումնասիրել` տարիներ են պետք: Բայց որքան կարողացել եմ` ուսումնասիրել եմ եւ համեմատել գործող սահմանադրության հետ: Ինձ անչափ առաջադիմական եւ անչափ հասարակական պահանջվող է երեւում, օրինակ, համամասնական ընտրակարգով, կուսակացական, գաղափարական եւ ծրագրային սկզբունքով Ազգային ժողովի կազմավորումը, այն, որ ՀՀ բոլոր պաշտոնատար անձանց համար կարեւոր է հայերենի իմացությունը, այն, որ կառավարությունը հստակ իրականացնելու է ներքին եւ արտաքին քաղաքականություն, այն, որ կառավարությունը վերահսկվելու է խորհրդարանի կողմից, այն, որ մարդու իշխանությունը, ՀՀ նախագահի հզոր իշխանությունը տարրալուծվելու է Ազգային ժողովի եւ կառավարության միջեւ, այն, որ ՀՀ գործող սահմանադրությամբ` ՀՀ նախագահի ունեցած հսկայական իշխանությունը մարդու որոշումից տեղափոխվելու է կոլեգիալ որոշման: Մեկ օրինակ բերեմ. արտակարգ եւ ռազմական դրության հայտարարման գործընթացը, ըստ գործող սահմանադրության, հայտարարում է նախագահը` ընդամենը խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, եւ եթե նկատի ունենանք, որ ՀՀ նախագահը նաեւ ազգային անվտանգության խորհրդի նախագահն է, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ՀՀ նախագահն իրականացնում է երկրի արտաքին քաղաքականությունը, ապա այս հզոր կենտրոնացված իշխանությունը մեկ մարդու ձեքում հասցնում է հասարակական ցնցումների կամ` բախումների, իսկ նոր նախագծում արդեն ՀՀ-ում արտակարգ դրություն կարող է հայտարարել միայն կառավարությունը, այսինքն` անձը ինքը` վարչապետը չի կարող, կարող է կառավարությունը, եւ որից հետո իրավունքի ուժով հրավիրվում է ԱԺ նիստ, որն իր վերաբերմունքն է ցույց տալիս կառավարության հայտարարությանը: Այսինքն` երկու կոլեգիալ մարմիններ` կառավարությունը, որը բաղկացած է 22 անդամից եւ ԱԺ-ն, որը բաղկացած է լինելու առնվազն 101 պատգամավորից եւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներից, նրանք համատեղ որոշելու են արտակարգ դրությունը, որը բացառում է ՀՀ առանձին քաղաքացիների, կամ` քաղաքացիների խմբի նկատմամբ որեւէ բռնարարք, որը մշտապես տեսել ենք յուրաքանչյուր նախագահական ընտրություններից հետո: Դա շատ կարեւոր գործընթաց է, եւ մեր հաղթանակներից մեկն է:
Երկորդը` դատական համակարգի կազմավորման սկզբունքներն են: Մենք ունեինք այնպիսի վիճակ, երբ ՀՀ դատական համակարգը ձեւավորվում էր արդարադատության խորհրդի կողմից այն դեպքում, երբ արդարադատության խորհուրդի 9 անդամները դատավորներ էին, միայն 4 անդամներն էին գիտնականներ: Այդ անհամամասնությունը ճնշում է պարունակում, իսկ նոր սահմանադրության նախագծով դատական համակարգը ամբողջովին վերահսկելու է բարձրագույն դատական խորհուրդը, որի կազմում կա  5 դատավոր, 5 գիտնական, ընդ որում` այդ դատավորները պետք է ունենան երկարամյա աշխատանքային, մասնագիտական փորձ: Իսկ դատական համակարգը համամասնորեն կազմավորվելու է օրենսդիր, բարձրագույն դատական խորհրդի եւ նախագահի մասնակցությամբ: Բացի դա` սահմանադրական դատարանը իր կազմից է 6 տարի ժամկետով ընտրում սահմանադրական դատարանի նախագահ, եւ` առանց վերընտրվելու իրավունքի, որը ցմահ պաշտոն չէ:  Դա նույնպես շատ ակրեւոր գործընթաց է: Վճռաբեկ դատարանի դատավորին նշանակում է հանրապետության նախագահը` Ազգային ժողովի առաջարկությամբ:  Եվ բազմաթիվ այլ օրինակներ…
-Պարոն Հովհաննիսյան, իսկ, ըստ Ձեզ, որո՞նք են նոր նախագծի բացասական, խոցելի կողմերը:
-Անկեղծ ասած` խոցելի միակ կետը համարում եմ այն, որ հստակեցված չէ համայնքի ղեկավարի ընտրության հարցը: Սահմանադրության նախագծով տրված է, որ համայնքի ավագանին ընտրվում է ուղղակի ընտրությամբ ժողովրդի կողմից: Համայնքի ղեկավարի ընտրությունը նոր նախագծով կարող է իրականացվել ուղղակի կամ` անուղղակի, որը պետք է կարգավորվի ընտրական օրենսգրքով: Ինձ թվում է, որ համայնքի ավագանու հետ միասին ժողովուրդը պետք է իրավունք ունենա ընտրել նաեւ համայնքի ղեկավար: Բայց չեմ կարող ժամանակից առաջ անցնել, հնարավորություն կա հետագայում օրենքի մեջ փոփոխություն կատարելու միջոցով իրականացնել այդ փոփոխությունը: Դա է խոցելի կողմը: Ժողովրդին պետք է հնարավորություն տալ ընտրելու իր համայնքի ղեկավարին:
-Ոչ-ի կողմնակիցները պնդում են, որ այս բարեփոխումները տանում են միակուսակցական ղեկավարման եւ իշխանության վերարտադրության: Ձեր մեկնաբանությունը խնդրում եմ:
-Այսօր իմ տեղեկություններով Հայաստանի հանրապետությունում գործում է 96 կուսակցություն: Ցանկացած գրագետ, իրազեկ քաղաքացի մեծ դժվարությամբ կարող է  դրանցից միայն 5-6-ի անունը թվարկել, որովհետեւ դրանք իրականում թղթե կուսակցություններ են: Այս սահմանադրությունը հնարավորություն է տալիս բլոկների, խմբակցությունների միջոցով հզորացնել կուսակցական կյանքը Հայաստնում: Այդ կուսակցությունները իրենց իներտիվ վիճակից կարող են դառնալ իրական գաղափարական ուժ ունեցող հասարակական ուժ: Այս սահմանարությունը հնարավորություն է տալիս այդ կուսակցություններին դուրս գալ թմբիրից, իրական քաղաքական պայքարի մեջ թրծվել, միավորվել եւ հզորանալ: Միակուսակցական համակարագի երբեք չի տանի դա, որովհետեւ ցանկացած պարագայում լինելու են մի քանի կուսակցություններ, որոնք պայքարելու են իրար դեմ: Այնպիսի իրավիճակ է ստեղծված, որ ընդդիմադիրները նույնպես ունենալու են իրենց հստակ խոսքը քաղաքական գործընթացներում: Եվ դա հնարավորություն է տալու զարգացնելու իրենց կուսակցությունները եւ հանդես գալու ժողովրդի առաջ:
-Ըստ ոչ-ի կողմնակիցների` չնայած նրան, որ նախագծում կան որոշակի դրական զարգացումներ, այնուամենայնիվ` ընտրություններում ժողովրդի մասնակցության, սոցիալական իրավունքի, շրջակա միջավայրի պահպանության, մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների ոլորտում մի քանի կարեւոր հիմնադրույթներ մնում են խնդրահարույց: Իսկ մի քանի հոդվածներ, ինչպես` մտքի, խղճի եւ դավանանքի ազատության, անգամ` վտանգ են պարունակում իրենց մեջ: Ի՞նչ վտանգի մասին է խոսքը:
-Ես համամիտ չեմ նման կարծիքների հետ: Հայ Առաքելական Եկեղեցուն անհանգստացնում է այն կետը, որտեղ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Բայց մի՞թե Հայաստանը կարող է սահմանափակել կրոնական կազմակերպությունների ազատությունը: Նա չի կարող միջազգային նորմերից դուրս մնալ: Ի՞նչ կլինի, օրինակ, Հայ Առաքելական եկեղեցու վիճակը, եթե մեր հարեւան Իրանի իսլամական պետությունում կրոնական կազմակերպությունների ազատությունները վերացվեն: Ինչո՞ւ եք հարցին միակողմանի նայում: Այսօր աշխարհի մոտ 100 երկրում կան հայ առաքելական եկեղեցիներ, թեմեր, առաջնորդարաններ: Կաթոլիկ Ֆրանսիայի, կաթոլիկ Գերմանիայի համար Հայ Առաքելական եկեղեցին այլ կրոնական կազմակերպություն է, ի՞նչ կլիներ նրա վիճակը, եթե այդ երկրներում կիրառվեին նման սահմանափակումներ: Իհարկե` մեզ դուր չի գա: Թուրքիայում այսօր մենք պահանջ ենք դնում մեր եկեղեցական գույքը վերականգնելու, մեր ազգային սեփականությունը մեզ վերադարձնելու, ի՞նչ կլինի մեր եկեղեցիների վիճակը, եթե Թուրքիան նման սահմանափակումներ դնի: Այդ կետը մեր սահմանադրության ամենադեմոկրատական կետերից մեկն է: Հաջորդ կետում գրված է` Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի մշակութային-հոգեւոր կյանքում :
-Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ երաշխիքներ են տալիս սահմանադրության բարեփոխումները շարքային քաղաքացուն, որ նա է լինելու իր երկրի իրական տերը:
-Միայն ուզում եմ բերել մեկ օրինակ` կոնկրետ սահմանադրությունից ելնելով` մարդը ճանաչվել է բարձրագույն արժեք, մարդու իրավունքներն ու ազատությունները համակողմանի պաշտպանվում են բոլորի կողմից, մարդը իր վերաբերմունքը ցույց է տալիս իր համայնքի ղեկավար մարմնի ընտրությամբ եւ վերաբերմունքը ցույց է տալիս բարձրագույն օրենսդիր մարմնի ձեւավորման մեջ, ինքն է ընտրում կուսակցությունները, սրանով արդեն նա ներգրավված է մեր պետական համակարգի մեջ: Բացի դա` այսօր 50 հազար կոլեկտիվ մարդը կարող է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, 150-200-300 հազար մարդը կարող է հանրաքվեի հարց մտցնել, մարդու բողոքը, պահանջը, ողջամիտ սամաններում, պարտադիր լուծման է ենթակ բոլոր պետական կառույցների եւ տեղական ինքնակառավարման մարմինների համար: Տեսեք` ինչքան է հզորացել մարդ-անհատը մեր երկրում` սահմանադրության նոր նախագծով: Եւ այդ մարդ-անհատի հզորացումը սահմանադրորեն է հիմնավորված, ոչ թե` օրենքներով: Մայր օրենքով, բարձրագույն իրավական ուժ ունեցող ՀՀ Մայր օրենքով, եւ ինձ թվում է` դրանից առավել որեւէ այլ բան սահմանադարության մեջ չի կարող ներագրավվել: Բացի դրանից` որեւէ մեկը եւ որեւէ կառույց զրկված է սահմանադրական իր իրավունքը օգտագործել ընդդեմ մարդու: Այսուհետ` մարդու վերաբերյալ որոշումներ, օրենքներ կարող է ընդունել Ազգային Ժողովը, կիրառությունը դրված է կառավարության կոլեկտիվ կամքի վրա: Եվ ՀՀ ոչ մի քաղաքական ղեկավար չի կարող ներգործել մարդու վրա: Ներգործությունը դրված է միայն անկախ, ինքնուրույն դատական համակարգի վրա: Եվ դրանից ավելի մարդու իրավունքների համապարփակ պաշտպան եւ մեծացում գործող սահմանադրության մեջ, համենայնդեպս, չկա: Իսկ նոր նախագիծը տալիս է այդ հնարավորությունը:

R. Հարցազրույցը մեզ է տրամադրել ԱՅՈ-ի` Սիսիանի քարոզչական շտաբը
21.11.2015

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *