ԱՎԱՆԴՈՒՅԹ Է ԴԱՐՁԵԼ

Ավանդույթ է դարձել, որ պաշտոնավարման 100-րդ օրը նորընտիր կամ նորանշանակ պաշտոնյան հանդես է գալիս այդ ժամանակաշրջանի իր գործունեության հաշվետվությամբ:

Սիսիանի քաղաքապետարանի դահլիճում, պաշտոնավարման 100 օրվա առիթով, կազմակերպվեց քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի մամուլի ասուլիսը, որին, լրագրողներց բացի, մասնակցեցին նաեւ համայնքի ավագանու անդամներն ու քաղաքապետի աշխատակազմի ներկայացուցիչները:
Անդրադառնալով անցած ժամանակաշրջանում կատարած աշխատանքներին` Աղասի Հակոբջանյանը կարեւորեց քաղաքի լուսավորության, աղբահանության, բարեկարգման եւ կանաչապատման ուղղությամբ տարված եւ ընթացքի մեջ գտնվող աշխատանքները: Նա նշեց, որ թեեւ ձեռք է բերվել նաեւ 2-րդ աղբատար մեքենան, սակայն դա նույնպես բավարար չէ քաղաքի սանիտարիան պատշաճ տեսքի բերելու: Կառուցված 38 աղբակուտակ կետերին անհրաժեշտ 100 աղբամանից այսօր առկա է ընդամենը 56-ը:
Նա ներկայացրեց նաեւ առաջիկա անելիքները` առանձնացնելով հատկապես Սոցներդրումների հիմնադրամի ֆինանսավորմաբ քաղաքի միակ մշակույթի տան հիմնանորոգումը, ջրային հայելիների մաքրումը, մարզական համալիրի կառուցումը, նախկին քույր քաղաքի հետ կապերի վերականգնումը եւ այլ հարցեր: Իր կողմից իրականացվող կադրային քաղաքականության մասին հայտնեց, որ թեեւ այն իրեն առայժմ չի հաջողվել, բայց գործընթացը ընթացքի մեջ է, ինչ վերաբերում է շրջանառվող` «իր կողմից` կադրերի ջարդին», Ա.Հակոբջանյանը հավելեց, որ ինքը կադրերի ջարդ չի անում, որովհետեւ ջարդը լինում է մարտի դաշտում, իսկ ինքը նպատակ ունի աշխատել արհեստավարժ եւ բանիմաց կադրերով:
Թեեւ 17 հազար բնակչություն ունեցող քաղաքի համար 290 միլիոն դրամ կազմող տարեկան բյուջեն քիչ է քաղաքաշինական եւ այլ լուրջ հիմնախնդիրներ լուծելու համար, բայց, ինչպես հավաստիացրեց Ա. Հակոբջանայնը, բյուջեի նպատակային ծախսումներով կփորձեն լուծել առավելապես առաջնային եւ կարեւոր հիմնահարցերը:
Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ «Սյունի» հեռուստաընկերության եւ «Սիսիանի ձայն» թերթի գործունեությանը: Ի պատասխան իր հասցեին հնչած մեղադրանքների, որ, իբրեւ թե, քաղաքապետը «փակել է» «Սյունի» հեռուստաընկերությունը, Աղասի Հակոբջանյանը մասնավորապես նշեց, որ ինքը չի փակել, չի կարող փակել եւ չի ուզում փակել որեւէ մեկի մասնավոր լրատվամիջոցը, այս պարագայում` «Սյունի» հեռուստաընկերությունը: Պարզապես, նկատի ունենալով համայնքային բյուջեի սղությունը, ավագանին որոշել է բյուջեն նպատակային ծախսել եւ պատրաստակամություն հանդես չի բերել ֆինանսավորելու «Սյունի» մասնավոր հեռուստաընկերությանը, ինչպես որ դա արվում էր նախկինում:(Ի դեպ, այն նախկին քաղաքապետի որդու մասնավոր սեփականությունն է):
Իսկ «Սիսիանի ձայն» թերթը լույս չընծայելու պատճառների մասին եզրակացությունը Աղասի Հակոբջանյանը թողեց խմբագրակազմին, միաժամանակ նշելով, որ համայնքային լինելը բոլորովին չի նշանակում, որ նրա տպագրման ծախսի գերակշիռ եւ հիմնական մասը պիտի հատկացնի համայնքային բյուջեն, ինչպես որ դա արվել է տարիներ շարունակ եւ դարձել սովորություն: Նա մասնավորաբար շեշտեց, որ թերթի արտաքին տեսքի անբավարար լինելը, նախաձեռնության պակասը, հրապարակումների ժամանակավրեպությունը, լրատվամիջոցը հաշվեհարդար տեսնելուն ծառայեցնելը, ինչպես նաեւ` բյուջեի սղությունը, իսկ ըստ ավագանու անդամ Աշոտ Ավագյանի` նաեւ` անդեմությունը մղել են ավգանուն եւ իրեն հրաժարվել համայնքային բյուջեից ֆինանսավորել նրա տպագրությունը:
Համայնքապետը հավելեց նաեւ, որ պատրաստ է համագործակցել ցանկացած լրատվամիջոցի հետ` վճարելով մատուցված որակյալ ծառայությունների դիմաց:
Ասուլիսի ընթացքում Աղասի Հակոբջանյանը պատասխանեց մի շարք այլ հարցերի եւս:

Սեփական լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *