ԱՎԱՐԱՅՐԻՑ ՋԱՆՔ ԱՌԱՆՔ, ԱՅՍՏԵՂ ՄԻ ՊԱՀ ԿԱՆԳ ԱՌԱՆՔ…

ՄԱՅԻՍԻ 28-Ը ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է


20-րդ դարասկիզբը հայ ժողովրդի պատմության ե՛ւ ամենաողբերգական, ե՛ւ ամենահերոսական ժամանակահատվածն էր: Երիտթուրքերն իրականացրել էին Հայոց ցեղասպանությունը, Արեւմտյան Հայաստանը գրեթե հայաթափ էր: Շարունակվում էր Առաջին համաշխարհային պատերազմը, որից օգտված թուրք եղեռնագործները հետեւողականորեն որոճում էին «թանգարանում մեկ հայ թողնելու» արգահատելի ու սոսկալի  գաղափարը:

Բոլշեւիկները, որ համոզվել էին սոցիալիզմի` համաշխարհային հեղափոխության հասնելու գաղափարի սնանկության մեջ, դուրս եկան պատերազմից` գրաված տարածքները վերադարձնելով նախկին «տերերին»: Դա նշանակում էր, որ արյան գնով ձեռք բերված Արեւմտյան Հայաստանը պետք է վերադարձվեր Թուրքիային: Նման քաղաքականությունը, բնականաբար, առաջացրեց ոչ միայն հայ քաղաքական կուսակցությունների, այլեւ` վրացիների դժգոհությունը, որոնք հավակնություններ ունեին Տրապիզոնի նահանգի նկատմամբ: Այս հանգամանքը նկատի ունենալով` Անդրկովկասում քաղաքական կուսակցությունները դիմեցին ինքնուրույն քայլերի` 1917 թ.-ի նոյեմբերին Թիֆլիսում կազմավորելով իշխանության նոր մարմին` Անդրկովկասյան կոմիսարիատը` մենշեւիկ Եվգենի Գեգեչկորու գլխավորությամբ: 12 կոմիսարներից 3-ն էին միայն հայ: Կոմիսարիատը, չենթարկվելով կենտրոնական իշխանությանը, ինքնուրույն քաղաքականություն էր վարում: Առաջին քայլը Թուրքիայի հետ բանակցություն վարելն էր, որի արդյունքում 1917 թ.-ի դեկտեմբերի 5-ին Երզնկայում կնքվեց զինադադար: Ռազմաճակատի ողջ երկայնքով` Տրապիզոնից մինչեւ Սիրիա դադարեցվեցին ռազմական գործողությունները: Թուրքական կողմը «երաշխավորում էր» իր հսկողության տակ գտնվող տարածքներում ապահովել հայերի անվտանգությունը: Իրականում թուրքերը զինադադարն օգտագործեցին, որպեսզի ժամանակ շահեն` նոր հարձակում սկսելու համար: Դրությունը բարդացել էր նրանով, որ պատերազմից հոգնած ռուսական կովկասյան բանակը ձգտում էր հեռանալ Ռուսաստան: Հայերը դեմ էին ռուսական զորքի հեռանալուն` դրա մեջ մեծ վտանգ տեսնելով Հայաստանի համար: Բոլշեւիկյան Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից` 1918 թ.-ի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում առանձին հաշտության պայմանագիր կնքելով Գերմանիայի հետ եւ իր զորքերը հանեց գրաված տարածքներից: Մի քանի ամսվա ընթացքում կազմալուծվեց ռազմաճակատը: Գերմանիան եւ Թուրքիան բացառեցին հայկական հարցի գոյությունը, իսկ Թուրքիան Արեւմտյան Հայաստանի տարածքները համարեց Արեւելաանատոլիական Օսմանյան կայսրության արեւելյան նահանգ: Բրեստ-Լիտովսկի պայմանագրի 4-րդ կետը իսկական աղետ էր Հայաստանի համար. Ռուսաստանը պարտավորվում էր Արեւելյան Անատոլիայի գավառների մաքրումը եւ դրանց «օրինական» վերադարձը Թուրքիային: Դրան գումարվեց Արդահանի, Կարսի եւ Բաթումի օկրուգները եւս` զիջումները համարելով ժամանակավոր: Քանի որ այդ պայմանագրից դժգոհ էին նաեւ վրացիները, 1918 թ.-ին Թիֆլիսում ստեղծվեց Անդրկովկասյան սեյմը` դառնալով Անդրկովկասի ֆեդերատիվ ¥դաշնային¤ հանրապետության իշխանության նոր մարմին` փոխարինելով կոմիսարիատին: Այն չճանաչեց Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը ու 1918 թ.-ի մարտին Տրապիզոնում առանձին բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ: Սեյմի 12 անդամներից 7-ը մահմեդական էին, ուստի ակնհայտ դարձավ նրանց թուրքամետ դիրքորոշումը. նրանք կողմ էին Բրեստ-Լիտովսկի պայմանագրի կետերի ճանաչմանը: Իսկ վրաց պատվիրակները, թեեւ դեմ էին Արեւմտյան Հայաստանի եւ Տրապիզոնի անցմանը Թուրքիային, իրականում ոչ մի լուրջ քայլ չկատարեցին թուրքերի առաջխաղացումը կասեցնելու համար: Այսպիսի ռազմաքաղաքական իրավիճակ էր ստեղծվել հայության համար: Թուրքերը հասցրեցին ժամանակ շահել եւ վերակազմավորել իրենց ուժերը: Օգտվելով Անդրկովկասյան դաշնային պետության թուլությունից եւ անգործությունից` քեմալականները շարունակում էին փայփայել Կոստանդնուպոլիսը Բաքվի, ապա` Միջին Ասիայի մահմեդականների հետ միավորելու եւ երիտթուրքերի պանթուրքական ծրագիրը իրականություն դարձնելու գաղափարը: Անգամ գերմանացի գեներալ Ֆոն Լոսովը, որ մասնակցում էր Բաթումի բանակցություններին, հայտարարեց, որ թուրքերը կորցրել են չափի զգացողությունը եւ անցել բանականության սահմանները: Թուրքամետ Անդրկովկասյան սեյմը 1918 թ.-ի ապրիլի 9-ին հայտարարեց Անդրկովկասը Ռուսաստանից անջատելու մասին, ինչը արձակեց թուրք հրամանատարության ձեռքերը: Նույնիսկ այն ժամանակ, երբ Բաթումում բանակցություններ էին ընթանում, թուրքերը շարունակում էին իրենց առաջխաղացումը` անարգել ու առանց որեւէ դիմադրության գրավելով Երզնկան, Բաբերդը, Վանը, Արճեշը, Էրզրումը, Կարսը, Բաթումը, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը: Նրանք հրաման էին ստացել Արարատյան դաշտով մտնել Երեւան: Արարատյան դաշտի հայ բնակչությունը կանգնեց ֆիզիկական բնաջնջման վտանգի առաջ: Թուրքերը զավթել էին ամբողջ Արեւմտյան Հայաստանը, մնացել էր Երեւան քաղաքը եւ… սուրբ Էջմիածինը: Այդ ծանր պահին էր, որ ժողովրդի եւ հայրենիքի ճակատագրի պատասխանատվությունն իր վրա վերցրեց Երեւանի ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանը: «Երեւանը չենք դատարկի, պետք է կռվենք մինչեւ արյան վերջին կաթիլը»,- հայտարարեց նա: Այդ օրհասական պահին էր, որ վեր հառնեց հայ ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը: Վերջ տրվեցին կուսակցական տարաձայնություններին, տիրեց ազգային կատարյալ միասնություն: Հայ ժողովուրդը ոտքի ելավ կենաց ու մահվան մարտի` հանուն հայրենիքի, հանուն գոյատեւման ու ազգային արժանապատվության: Դա, հիրավի, հայերի հայրենական պատերազմն էր: Սեւ ծովի ափերից` Տրապիզոնից մինչեւ Վանալիճ 400 կմ երկարությամբ ռազմաճակատում, որն արդեն լքվել էր ռուսական բանակի կողմից, թշնամու դեմ կանգնած էին Հայոց ազգային խորհրդի որոշմամբ նոր կազմավորված զորամասերն ու հայդուկային ջոկատները` Անդրանիկի հրամանատարությամբ:
Հայկական զորքերի հրամանատարությունը ստանձնեց Թովմաս Նազարբեկյանը: Կազմվեց «Մահապարտների գունդը» Պողոս Բեկ Փիրումյանի գլխավորությամբ: Հայկական բանակ կազմավորելու գործում իր մեծ ավանդը ներդրեց Հայոց ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանը: Նա իր վրա վերցրեց նահանգի պետական գործունեությունը: Երեւան ժամանեցին գեներալ-մայոր Սիլիկյանը, գնդապետներ Դանիել Բեկ Փիրումյանը, Պ. Զալինյանը, Ն. Ղորղանյանը, Դրաստամատ Կանայանը: Սարդարապատում թուրքերը հայերի դեմ հանեցին 15 հազարանոց զորաբանակ: Ճակատամարտից առաջ հայոց զորքի հրամանատար Թ. Նազարբեկյանը ճառով դիմեց զինվորներին ասելով` «Մեր ապագան մեր ձեռքին է. կամ կհասնենք նրան պատվով, կամ երբեք մենք եւ մեր սերունդները չենք տեսնի այն»: Սարդարապատում հայերը ջարդեցին թուրքական զորաբանակին եւ ետ շպրտեցին 15-20 կմ:
Ոտքի ելավ հայ հոգեւորականությունը` Ավարայրի Եղիշեի հանգույն:
Սարդարապատի պատմական ու ճակատագրական ճակատամարտի նախօրյակին, երբ կաթողիկոս Գեւորգ 5-րդ Սուրենյանցին առաջարկեցին թողնել սուրբ Էջմիածինը, նա հրաժարվեց` պատասխանելով, որ ինքը չի թողնի սուրբ Էջմիածինը ու կմնա իր ժողովրդի հետ: Սարդարապատի հաղթական լուրը ցնցեց Հայոց աշխարհը:  Գարեգին սրբազան Հովսեփյանը, Էջմիածնի մայր տաճարում դիմելով ժողովրդին` ասաց. «Սարդարապատի դաշտում թշնամու դեմ ելած հայությունն ապացուցեց, որ կարող է հաղթել անցյալ հաղթանակներով հղփացած թշնամուն: Հաղթել ոչ թե նահատակվելով, այլ հաղթությամբ պաշտպանել իր կյանքը, իր լեզուն ու հավատը, իր գոյության իրավունքն ու զարթոնքի հեռանկարը: Ա՛յս է Սարդարապատը, ա՛զգ հայոց… »:
Սարդարապատի հաղթանակից հետո` մայիսի 24-29-ը Դրաստամատ Կանայանի հրամանատարությամբ գործող ջոկատը թուրքերին ջախջախեց Բաշ-Ապարանում, մայիսի 24-29-ին հայերը տարան Մեծ Ղարաքիլիսայի ¥այժմ` Վանաձոր) պատմական հաղթանակը, որից հետո անգամ թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան Բաթումում հայտարարեց` «Հայերը Ղարաքիլիսայի մարտով ցույց տվեցին, որ կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները: Դա հազվագյուտ մարտ էր այս պատերազմում»:
Մայիսյան հերոսամարտերը հայոց պատմության ամենապայծառ էջերից են եւ հայ ժողովրդի գոյատեւման հզորագույն գրավականը: Ֆիզիկական բնաջնջման վտանգը, որ կախված էր հայ ժողովրդի գլխին, այլեւս արդեն վերացած էր: Բայց դեռեւս քաղաքական դաշտում շարունակվում էր կենաց ու մահու պայքարը: Անդրկովկասյան սեյմը սպառել էր իրեն: Մայիսի 26-ին վրաց մենշեւիկները հայտարարեցին սեյմը լուծարելու եւ անկախ վրացական պետություն հռչակելու մասին: Մայիսի 27-ին իրեց անկախության հռչակման մասին հայտարարեցին մուսավաթականները: Հայերը մեն մենակ մնացին թուրքական ագրեսիայի առջեւ: Վրացիները ստացան Գերմանիայի, ադրբեջանցիները` Թուրքիայի աջակցությունը: Սեյմի հայ պատվիրակները բողոք ներկայացրին Վրաստանի նորակազմ կառավարության նախագահ Նոյ Ժորդանիային, որը ցինիկորեն պատասխանեց. «Դուք` հայերդ, խեղդվում եք, մենք պարտավոր չենք ձեզ հետ խեղդվել»: Մայիսի 28-ին, իրադրությունից ելնելով, Հայոց Ազգային խորհուրդը որոշում ընդունեց հայոց անկախ պետականություն ստեղծելու մասին: Ավետիս Ահարոնյանը հրապարակեց Նիկոլ Աղբալյանի ձեռքով գրված Հայաստանի անկախության հռչակագիրը` մասնավորապես հայտարարելով, որ Հայոց ազգային խորհուրդը ժամանակովորապես իր վրա է վերցնում կառավարման ֆունկցիաները հայկական գավառների նկատմամբ: Վերականգնվեց ավելի քան 500 տարի շարունակ կորսված հայոց պետականությունը: Սարդարապատով սկիզբ դրվեց անհնարին թվացող հայոց պետականության գաղափարի իրականացմանը: Ահա՛ Սարդարապատի մեծ խորհուրդը: Եթե Ավարայրում հայ ժողովուրդը փրկվեց կրոնափոխության, ուծացման եւ ձուլման վտանգից, մայիսյան հերոսամարտերը դրեցին պետականության վերականգնման հիմնաքարը` ստեղծելով Հայաստանի առաջին հանրապետությունը, պահպանելով պետականության գիտակցությունը, եւ դրա արդյուքում էր միայն, որ հետագայում ստեղծվեց Հայաստանի երկրորդ հանրապետությունը:
Չնայած մայիսյան հերոսամարտերին, նորաստեղծ հանրապետությունն ի վիճակի չէր այլեւս շարունակել պատերազմը եւ պարտված Թուրքիայի հետ 1918 թ.-ի հունիս 4-ին ստիպված էր Բաթումում կնքել իր համար ոչ նպաստավոր պայմաններով հաշտության պայմանագիր եւ ընդունել իրեն պարտադրված ծանր պայմանները: Պատմության մեջ այն մնաց որպես անկախ հանրապետության առաջին միջազգային փաստաթուղթ:
Պետականություն. ահա այն մեխը, այն հիմնաքարը, որի վրա այսօր բարձրանում է Հայոց Տունը` դարերի մեծ ու մեծագույն երազանքը:

Աիդա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *