ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՏԵՍՔԻՑ ՍԻՐՏՍ ՓԼՎԵՑ. ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐ

Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցի երկրորդ հարկի միջանցքում Շառլ Ազնավուրին նվիրված «Սիրտս` հայրենիքիս» խորագրով անկյուն կա: 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժը մեր գիտակցական կյանք է մտել այդ անկյան շնորհիվ: Այնտեղ բազմաթիվ նկարներ կան` մեկնաբանություններով: Դրանցից մեկն իր մեկնությամբ, իրոք, ցնցեց մեզ՝ «Ավերակների տեսքից սիրտս փլվեց…»: Մեծն Ազնավուրն է ավերակների մեջ: Կողքի նկարում նորից նա է` հայացքը սրված, համակ ուշադրություն դարձած` «Պետք է տոկանք, հույս- հույս ….նորից հույս» մակագրությամբ: Ապա նա Սպիտակում է՝ «Դու նորից կհառնես, Սպիտակ…..»: Եւ այսպես` կողք կողքի մեծ հայի մտորումներն են, անելիքները, հոգու ցավը վիրավոր հայրենիքի համար, և ամենուր ավերակների վրա սփռված է նրա անսահման հավատը վաղվա լուսավոր օրվա հանդեպ:

Աննախադեպ, նմանը չունեցող, կործանարար էր 1988-ի դեկտեմբերյան աղետը, որին, պաշտոնական տվյալներով, 25000 մարդ զոհ գնաց, հարյուր հազարավորները հաշմվեցին, անօթեւան մնացածներն անթիվ-անհամար էին …

Երկրաշարժը անամոք վերք է հասցրել նաև Սիսիանին: Ուզում ենք այսօր պատմել սիսիանցի այն երիտասարդների մասին, ովքեր այնտեղ՝ Լենինականում (այսօրվա Գյումրիում) էին արհավիրքի պահին:

Լարիսան, Նունեն, Արամը, Վերան, Նունեն, Հակոբը, Ռուզանը, Կորյունը: Նրանք պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողներն էին, ուսանողական հանրակացարանի համերաշխ բնակիչներ:

Դեկտեմբերի 7-ն էր, սովորական մի օր: Ոմանք քննության շտապեցին, ոմանց քննությունը ամսի 8-ին էր, մնացին տանը, երբ օրը ցնցվեց, ցնցվեց ողջ երկիրը, քաղաքներ, գյուղեր: Վայրկյանների ընթացքում հողին հավասարվեցին բազմահարկեր, հիվանդանոցներ, դպրոցներ, անթիվ շենքեր: Վախից ասես երկնակամարից փախավ արեգակը՝ իր հետ տանելով լույս, ջերմություն: Շուրջ բոլորը կարկամIMG_2360ած մարդիկ էին, որոնք` բոկոտն, կիսահագնված, խռիվ մազերով այս ու այն կողմ էին վազվզում:

Ժամեր անց` Հայաստանի բոլոր անկյուններից, ապա` հողագնդի տարբեր ծագերից աղետի գոտի շտապեցին մարդիկ՝ հոծ խմբերով, անթիվ մեքենաներով, դեղորայքով, առաջին անհրաժեշտութրան իրերով, սննդով:

Երեկոյան պարզվեց, որ հնարավոր չի եղել փրկել փլատակների տակ մնացած Վերային, Լարիսային, Նունեին, ապա` վիրավոր Արամին, իսկ կեսգիշերին` նաև Նունեին: Արամն ու Նունեն …Ինչպիսի չքնաղ ընտանիք կունենային իրար սիրող, կես խոսքից միմյանց հասկացող այս երիտասարդները: Տատիկս ասում է, որ նրանց հետ զոհվեցին նաև նրանց չծնված երեխաները…..

Ու կուչ եկավ մեր Սիսիանը: Ցավն ու կսկսիծը ողջ դեկտեմբերին ուղեկիցը եղավ սիսիանցիների, ովքեր տնից-տուն էին անցնում՝ մխիթարելու զոհվածների ընտանիքներին:

Դարբաս գյուղի դուռը այսօր էլ Արամն է «բացում», այն օրերի ժպտադեմ, պարթևահասակ Արամը: Նրա շիրիմը գյուղի սկզբնամասում է, տոհմական գերեզմանատանը:

Ուզում եմ պատմել այս գյուղից աղետին զոհ գնացած կապուտաչյա Հովսեփի մասին: Դեկտեմբերյան այդ ցրտաշունչ օրերին նա Երևանի գյուղատնտեսական ինստիտուտից ընկերների հետ շտապեց օգնելու փլատակների տակ մնացածներին եւ ինքն էլ նահատակվեց բետոնասալի անկումից:

29 երկար տարիներ են անցել այդ օրերից: Հայաստանում չկա անկյուն, որտեղ նրանց հիշատակը հավերժացնող հուշարձան կամ խաչքար չլինի: Հիշում ենք նրանց անուն առ անուն…

Ուզում եմ պատմել Արամի վերընձյուղված ընտանիքի մասին: 88-ից 2 տարի անց Արամի ծնողների ընտանիքում ծնվեց Դավիթը: Նա այսօր 27 տարեկան է, 2 որդիների հայր:

Ուզում եմ պատմել այդ օրը հանրակացարանում դեկտեմբերի 8-ի քննությանը նախապատրաստվող Ռուզան Առաքելյանի եւ Կորյուն Մարգարյանի մասին:

Այո՛, նա մեր ընկեր Առաքելյանն է, որը մեզ հատիկ-հատիկ, ծով համբերությամբ բացում է համակարգչային աշխարհի գաղտնիքները: Ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուչից Կորյուն Մարգարյանի մասին եմ ուզում պատմել: Սիսիանցի ո՞ր տղան չի ճանաչում տարածաշրջանի կարատեի մարզչին` ընկեր Մարգարյանին, նրանց չքնաղ դուստրերի և Մարտիկ թոռնիկի մասին եմ ուզում պատմել: Այս ընտանիքը հաղթել է արհավիրքին…

Գիտենք, որ սիրելի ընկեր Առաքելյանի համար 88-ի դեկտեբերի 7-ը երբեք պատմություն չի դառնա, գիտենք, որ նա բոկոտն, թաց մազերով, սողեսող դուրս է նետվել հանրակացարանից, օգնության շտապել ընկերներին: Մի առիթով նա պատմել է սպիտակցի ընկերուհու` Անահիտի մասին, որը հրաշքով փրկվել էր ինստիտուտի փլատակներից: Նա նեղացել էր Սպիտակում ապրող իր ընտանիքից, որ իրեն Լենինականում մենակ է թողել, իր ետևից չի եկել: Նա կեսգիշերին իր եղբոր հետ Անահիտին Սպիտակ է տարել, որտեղ պարզվել է, որ դպրոցի փլատակների տակ զոհվել են նրա ուսուցիչ եղբայրը եւ եղբորորդին:

Ուզում ենք, որ մեր դպրոցում, նրա սաների, մեր ուսուցիչների շրջապատում նրա հիշողությունից, տեսադաշտից իսպառ հեռանան դեկտեմբերյան տեսարանները…ուզում ենք… Ուզում ենք, որ նա երջանիկ լինի իր ընտանիքում, իր տանը, մեր դպրոցում, եւ մոռանա անմոռանալին…ու մեր կողքին լինի…

Արտավազդ Սաֆրազյան, Լուսինե Ջհանգիրյան

 8-րդ բ դասարանի աշակերտներ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *