ԲՐԱՎՈ, «ՈՐՈՏԱՆ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐ. – ԱՐԱՐԱՏ ԱՂԱՍՅԱՆ

Երեւանաբնակ շատ սիսիանցիների եւ հայրենի ոստանի միջեւ հոգեւոր կապը, «Սիսական» հայրենակցական կազմակերպության միջոցով, շատ հաճախ պահպանվում է «Որոտան» թերթի շնորհիվ: Նրա յուրաքանչյուր համարը նոր շփում է հայրենի եզերքի հետ, որին սպասում ենք սիրով, անհամբերությամբ եւ նոր անակնկալների ակնկալումով:
«Որոտանի» ապրիլյան համարը ամբողջությամբ նվիրված էր մեր հայրենակից, մեծ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին: Հոբելյանական համարը բացառիկ ջերմ վերաբերմունքի եւ գնահատականների արժանացավ հատկապես գիտությանը, արվեստին, մշակույթին մոտ կանգնած խորաթափանց ու խորագիտակ մեր նշանավոր հայրենակիցների կողմից:
Հ Հ Գիտությունների Ազգային Ակադեմիայի թղթակից անդամ Մուրադ ՀԱՍՐԱԹՅԱՆԸ, ով ընտանեկան արխիվից սիրահոժար անտիպ նյութեր էր տրամադրել «Որոտանին», մտքով անգամ չէր անցկացրել, որ «Որոտանն» էլ իրեն է մեծ անակնկալ պարգեւելու՝ «լույս աշխարհ» հանելով հոր՝ Մորուս Հասրաթյանի եւ Համո Սահյանի բացառիկ լուսանկարը:
vorotan27042014-4«… Պարզապես զարմացա, երբ նկատեցի, որ թերթի խմբագրությանը իմ ուղարկած Համո Սահյանի անտիպ բանաստեղծությունների և դեռեւս 1946թ. մեր ընտանիքին նրա հղած «ոտանավոր-նամակի» կողքին տպագրված տեսա նաև հորս՝ Մորուս Հասրաթյանի եւ Համո Սահյանի եզակի լուսանկարը, (որից անգամ մենք չենք ունեցել), այդ պահին ես հիշեցի ժողովրդական այն ասացվածքը, որ շատ սովորողը չի շատ բան իմանում, այլ՝ անընդհատ պրպտողը իմանում է ավելին … »:
Իսկապես, «Որոտան» թերթի խմբագիր Արևհատ Ամիրյանի սլացիկ միտքը հաճելիորեն զարմացրեց Սահյանի 100 ամյակին նվիրված հոբելյանական համարի հարուստ բովանդակությամբ, նոր տեղեկություններով, առաջին անգամ հանրությանը մատուցվող անտիպ ստեղծագործությունների հրապարակմամբ: Շնորհակալություն այդ բոլորի համար և անսպառ եռանդ թերթի խմբագրին:
vorotan27042014-3Հ Հ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր պրոֆեսոր Արարատ ԱՂԱՍՅԱՆԸ, ով երբեւէ ավելորդ խոսքեր չի շռայլում, ում գնահատականը միայն բարձրակարգ պրոֆեսիոնալի համոզիչ կարծիք է, ասաց .«Ամեն խմբագիր չէ, որ կարող է նման բովանդակությամբ և նման անկրկնելի ձևավորմամբ ընթերցողի սեղանին դնել այնպիսի մի թերթ, որը ոչ միայն գրավիչ է իր լուսանկարներով, այլեւ՝ ակնկալ պարգև է բոլորիս: Ես ինձ պարտավոր եմ համարում «Որոտան» թերթի խմբագրին ասել՝ բրավո, Արևհատ Ամիրյան, շարունակիր մեզ զարմացնել քո լրագրողական մտքի հարուստ պաշարով»:
vorotan27042014-2Բանաստեղծ Յուրի ՍԱՀԱԿՅԱՆԸ, ով իր լրագրողական մկրտությունը շատ տասնամյակներ առաջ ստացել է «Որոտանի» խմբագրությունում եւ եղել թերթի պատասխանատու քարտուղարը, անկեղծ հիացմունքով ասաց. «Մասնագիտությամբ լինելով լրագրող, զգում եմ, թե ինչ հսկայական, իրոք՝ հսկայական աշխատանք է կատարել «Որոտան» թերթի խմբագիրը՝ մեր հայրենակից, մեծ բանաստեղծ Համո Սահյանի 100 ամյակին նվիրված հոբելյանական համարը նախապատրաստելու ժամանակ: Դրվատանքի է արժանի նրա քրտնաջան աշխատանքը: Կցանկանայի, սակայն, որ թերթի՝ Սահյանի 100 ամյակի այս բոլոր նյութերը հրատարակված տեսնել առանձին գրքույկով, ինչը չափազանց օգտակար կարող է լինել ինչպես՝ դպրոցների, գրադարանների, այնպես էլ՝ ընտանիքների և անհատ անձանց համար…»:
vorotan27042014-5«Սիսական» հհկ վարչության անդամ, ՀՀ Պաշտպանության նախարարության աշխատակից Ֆելիքս ՊՈՂՈՍՅԱՆԸ, ով ծագումով Սալվարդից է, եւ ում շուրթերից հաճախ կարելի է լսել Համո Սահյանի բանաստեղծություններից, Սալվարդին նվիրված սքանչելի տողերից, կրկին Սահյան արտասանելով՝ հիշեց Սերո Խանզադյանի՝ Հ. Սահյանի պոեզիային տված գնահատականը, որ եթե Զանգեզուրում տարին երաշտ լինի, Սիսիանը կկարողանա կերակրել ողջ լեռնաշխարհը, իսկ եթե հայոց պոեզիայի երկնակամարում 100 տարի երաշտ լինի, Համոյի պոեզիան կլցնի այդ բացը: «Իրոք, այն սնունդը, որին մենք սպասում էինք Համո Սահյանի պոեզիայից, մեզ տվեց «Որոտան» թերթը: Եթե գովեստի ավելի արժեքավոր ու գեղեցիկ խոսքեր կան, քան՝ շնորհակալությունը, ես մեծապես շնորհակալ եմ թերթի խմբագիր Արեւհատ Ամիրյանից՝ Սահյանի 100 ամյակի հոբելյանական համարը բարձր մակարդակով խմբագրելու և մեր դատին հանձնելու համար»,-հավելեց նա:
Համո Սահյանի ծննդյան 100 ամյակի հոբելյանական համարը ծանր ու տքնաջան աշխատանքի, համառ ու անզիջում կամքի և մեծ համբերության արդյունք է, եւ եթե թերթը այլեւս չանդրադառնա Սահյանի 100-ամյա հոբելյանին, ապա «Որոտանի» այս համար կարող է ամբողջությամբ բավարարել սահյանականների գրական պահանջարկը, իրենց սիրելի բանաստեղծին տեսնելու իր տեղում և արժեքային ստուգված համակարգի մեջ:

Ժորա Խուրշուդյան
«Սիսական» հհկ նախագահ
27.04.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *