ԱՐԴՅՈ՞Ք ՓՆՏՐՈՂԸ ՄԻՇՏ Է ԳՏՆՈՒՄ…. Երիտասարդական հիմնախնդիրներ

DSC06433

Տարածաշրջանի երիտասարդների հիմնախնդիրներին, մասնավորապես՝ աշխատանքի շուկայում նրանց դրսեւորվելուն էր նվիրված «Վորլդ Վիժն» Սիսիանի գրասենյակում կազմակերպված «Երիտասարդները եւ աշխատնքի շուկան» հանդիպում-քննարկումը, որին մասնակցում էին ինչպես գրասենյակի ներկայացուցիչները, զբաղվածության հիմնախնդիրները կարգավորող կառույցի՝ զբաղվածության տարածքային կենտրոնի պատասխանատուները, տարածաշրջանի կրթական հաստատությունների ներկայացուցիչները, այնպես էլ՝ գործատուներ եւ աշխատանք փնտրող երիտասարդներ:

ՎՎ Սյունիքի մարզի զարգացման ծրագրերի ղեկավար, երիտասարդկան ծրագրերի համակարգող Լուսինեն հանգամանալից ներկայացրեց ՎՎ երիտասարդական ծրագրերի նպատակներն ու գործընթացները, կարեւորելով նրանց ներգրավվածությունը այդ ծրագրեում, երիտասարդների հմտություններն ու կարողությունները զարգացնելը, ուժեղացնելը եւ աշխատանքի շուկայում մրցունակ դարձնելը: Համակարգողը նշեց, որ մշակվել է համայնքների ռազմավարական ծրագիր, որը կներկայացնեն համայնքապետարններ, հավելելով, որ Սյունիքն այն եզակի մարզերից է, որտեղ ստեղծվել է հանրապետությունում ամենաշատ՝ 9 ինժեներական լաբորատորիա:

Սիսիանի տարածքային զբաղվածության կենտրոնի տնօրեն Նարիա Սարգսյանը խոսեց զբաղվածության պետական գործակալության ծրագրերում երիտասարդների համար իրականացվող դասընթացների, այդ ծրագրերով աշխատանքի տեղավորման եւ դրանց առանձնահատկությունների մասին:

Իսկ զբաղվածության կենտրոնի մասնագետ Հակոբ Զաքարյանը ներկայացրեց գործատուներին մատուցվող ծառայությունների եւ աշխատաշուկայի կարգավորմանն ուղղված ծրագրերի, գործազուրկների եւ շխատանքից ազատման ռիսկ ունեցող՝ աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման, ձեռք բերված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրման եւ այլ հարցեր:

Տարածաշրջանում մասնագիտական եւ արհեստագործական կրթական հնարավորությունների մասին խոսեց Սիսիանի պետական քոլեջի ուսումնական մասի վարիչ Լարիսա Հովակիմյանը՝ նշելով քոլեջում արհեստագործական մասնագիտություններ ձեռք բերելու, դրա համար առկա հնարավորությունների, նոր ուսումնական տարվանից ժամանակակից պահանջարկ վայելող մասնագիտությունների բացման եւ այլ խնդիրների շուրջ: Լարիսա Հովակիմյանը մասնավորաբար նշեց, որ այս տարի քոլեջը տվեց հարդարման եւ շինարարական աշխատանքներ բաժնի առաջին շրջանավարտներին, ովքեր արդեն փորձում են կայանալ կյանքում, ապա հավելեց, որ քոլեջում նոր ուսումնական տարվանից կբացվի 3 նոր՝ մեղվաբուծության, տրանսպորտային միջոցների վերանորգման եւ շահագործման, համակարգչային օպերատորի ուսուցման մասնագիտություններ, որոնց պահանջարկը կա մեր տարածաշրջանի աշխատաշուկայում:

Խնդրի շուրջ իրենց տեսակետները հայտնեցին նաեւ գործատուները եւ պատատսխանեցին երիտասարդներին հուզող հարցերին:

Քննարկման հիմնական ասելիքն այն էր, որ ով փնտրում է, նա էլ գտնում է, սակայն դրա համար պետք է գործել, պայքարել, ձգտել եւ չընկրկել դժվարությունների առջեւ: Իսկ աշխատանք ունենալու համար գործատուների կողմից մշտապես պահանջվող՝ աշխատանքային փորձը ձեռք է բերվում միայն աշխատանքում…

«Որոտան»

 

439 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *