ԱՐԴՅՈՔ ՕՐԻՆԱԶԱ՞ՆՑ Է ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Հարգարժան պարոն Գեւորգ Կոստանյան
2012թ. Սյունիքի մարզպետարանի կողմից Սիսիանի քաղաքապետարանում անցկացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել էին գնումների մասին օրենսդրության պահանջների, հողային օրենսդրության պահանջների խախտման եւ ֆինանսական չարաշահումների բազմաթիվ դեպքեր: Դրանք ուղարկվել էին Սյունիքի մարզի դատախազություն` ընթացք տալու:
Փաստի առթիվ 2013թ. դատախազության կողմից հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի եւ 314-րդ հոդվածի հատկանիշներով:
Փաստորեն, Սիսիանի քաղաքապետը, ավագանու անդամները եւ քաղաքապետարանի մյուս իրավասու պաշտոնատար անձինք, անձնական շահից ելնելով, խախտել են ՀՀ քրեական օրենսգիրքը` կեղծարարության միջոցով ձեռք են բերել շարժական գույք, օտարել եւ յուրացրել են  համայնքին` Սիսիանի ժողովրդին պատկանող գույքը, հողամասերը եւ այլ միջոցները, ապօրինաբար մսխել են համայնքի բյուջեն:
Աղասի Հակոբջանյանի դեպքում ապօրինությունները զարմանալի չեն: Տարիներ առաջ էլ «Օրանժ Արմենիա» եւ «Վիվասել» ընկերություններին հողատարածք հատկացնելու հայտերով պայմանավորված, շատ արագ կերպով այդ հողատարածքներն օտարվեցին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի մերձավորներին, որոնց կողմից այդ տարածքները վարձակալությամբ տրվեցին վերոնշյալ կազմակերպություններին, եւ վարձակալության գումարները, համայնքի բյուջե մտնելու փոխարեն, մտան քաղաքապետի հարազատների գրպանը: Զարմանալին այն է, որ քրեական գործից դուրս է մնացել համայնքի ֆինանսների կամայական օգտագործումն ու չարաշահումը, եւ, ինչպես սիսիանցիներն են ասում, 2013թ. հունիս-հուլիս ամիսներին, երբ Սյունիքը չուներ մարզպետ, այդ չարաշահումների փաստը հօդս ցնդեց, հավանաբար, մարզպետարանի որոշ պաշտոնյաների «անշահախնդիր» ու ջանասեր աշխատանքի արդյունքում:
Հարգարժան պարոն Կոստանյան, բավականին ժամանակ է անցել քրեական գործի հարուցումից, սակայն գործի քննությունը կարծես թե մութ շղարշով փակված լինի հանրությունից: Սիսիանի հասարակության գերակշիռ մասը մտահոգ է. արդյո՞ք օրինազանց, թալանչի եւ օրենքից դուրս են Սիսիանի ավագանու անդամները, քաղաքապետը եւ քաղաքապետարանի իրավասու պաշտոնյաները եւ անպատիժ շարունակում են իրնց ապօրինությունները, թե՞ Սյունիքի նախկին մարզպետն ու մարզպետարանի իրավասու պաշտոնյաները ցանկացել են վարկաբեկել սիսիանցի պաշտոնյաներին` հնարելով այդ խախտումները:
Օրենքի գերակայության եւ իրավախախտների անպատժելիության վերացման ակնկալիքով եւ իրավական համակարգի նկատմամբ ունեցած հավատով ու հարգանքով`

Սամվել ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կիմա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
եւ վստահ ենք` հազարավոր սիսիանցիներ
www.hraparak.am
04.03.2014

Մեկ Արձագանքման ԱՐԴՅՈՔ ՕՐԻՆԱԶԱ՞ՆՑ Է ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ համար

  1. Galust Nanyan says:

    Sran petq e voteric kax tal Shaqii jrvejic u geti jur@ minchev hidroelektrokayan mtcneln amboghj ujov bac toghnel u aydpes patjel

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *