ԱՐԵՎԻՍ. ԱՇԽԱՐՀԻ ԾԱՅՐԸ

Նորօրյա  լեգենդ, որը նաեւ իրապատում է


2007 թ.-ին հոդված էի գրում Դարբասի եկեղեցին կառուցող քարագործ վարպետներից մեկի` Վալիկ Վարդանյանի մասին: Զրույցի մեջ ասաց, որ 50 տարուց ավելի քար է տաշել, արձան ու հուշարձան կառուցել, աղբյուր ու հուշաղբյուր, իր կամքին հակառակ` անգամ` Հայրենականում զոհված ադրբեջանցիների հուշարձանը` Արեւիսում: «Բայց այնպես եմ փոխել նախագիծը, որ կոթողը սրի ու խաչի տեսք է ստացել»,- ասել էր վարպետ Վալիկը:
Արեւիս գյուղի դիմահայաց լանջին հիմա կա այդ կոթողը` կանգուն, սրի ու խաչի տեսքով, ասես ինքն էլ սահմանապահ մի զինվոր: Օտար շունչն ու օտար ոտքը մաքրվել են այս սրբազան, հրաշափառ, Թանահատավանք ունեցող հողից, ու մնացել են սուրն ու խաչը որպես նորօրյա ասք-լեգենդ, որը նաեւ իրապատում է…2010_117
«Արեւիս տանող միակ ճանապարհը առաջին ձյունի հետ փակվում է»,- Բակունցի մթնաձորյան տողը մի քիչ փոխելով` ճանապարհին ասաց Արեւիսի հիմնական դպրոցի տնօրեն Ռիտա Գաբրիելյանը: Իսկ ճանապարհը` հոգնատանջ, տեղ-տեղ` փլված, վտանգավոր ու դժվարանց, մեզ գյուղ հասցրեց` շունչ քաշելով միայն դպրոցի բակում փառահեղ ու տիրական իշխող ընկուզենու մոտ: Գյուղի մի բուռ երեխաները աշնան խշխշան խաշամի մեջ ընկույզ էին փնտրում: Մեր հարցին, թե ումն է ընկուզենին, ասացին` մերը, բոլորինը, դպրոցինը, գյուղինը, անց ու դարձողինը: Ու դրանից է, երեւի, որ, անգամ ամենաբերքազուրկ տարում, այս ընկուզենին շռայլորեն պտղաբերում է, որովհետեւ… բոլորինն է:
Մի պահ թվում է, իսկապես, հայտնվել ես բակունցյան կուսական ու անաղարտ, հովվերգական ու իդիլիական, մաքրամաքուր ու նախաստեղծ մի աշխարհում…, բայց ամեն ինչի մեջ ցավեցնող մի տխրություն կա , ու հաջորդ զգացողությունը լաց լինելու ցանկությունն է` գյուղի այս խեղճ ու անհույս սպասումի համար:
…Մի քիչ, շատ քիչ այն կողմ` սահմանն է, պետական սահմանը. ասացին` թշնամու դիրքերի հեռավորությունը 3 կմ է: Մեր կողմի վրա մեր դիրքապահներն են: Արեւիսը 50 կմ-ով սահմանակից է Նախիջեւանին: Ուզենան-չուզենան, ցանկանան-չցանկանան, էս գյուղի բնակիչները հա՛մ սահման են պահում, հա՛մ` գյուղ, հա՛մ` հող, հա՛մ` երկիր, ու բարձունքից իշխող խաչի եւ սրի օրհնությանն ու պահպանությանն ապավինած` ապրում են արեւիսյան իրենց կյանքը, աշխարհից կտրված` աշխարհի ծայրում` սպասելով… հրաշքի: Գյուղապետարանի քարտուղար Ասյա Բաղդասարյանն ասաց այս միտքը. սպասում են…հրաշքի:

Գյուղը ծույլ մարդու տեղ չի

Արեւիսցիների հետ զրուցելիս քանիցս հիշեցին գյուղում հարգված Սերգեյ Սահակյանի խոսքը, թե` եթե Արեւիսում մեկը սոված մնա, ընդհանրապես նա աշխարհում ապրելու իրավունք չունի. ոտքդ տան շեմից դուրս դրեցիր, օգտակար ու պիտանի ամեն ինչ կա:
Հոր կարծիքը կիսում է նաեւ երիտասարդ գյուղապետը` Սասուն Սահակյանը, որ արդեն 10 տարի վարում է համայնքի ղեկավարի պաշտոնը:
Դժվար համայնք էր Արեւիսը, հավաքովի: 1989-ին, ադրբեջանցիների հեռանալուց հետո, գյուղում հաստատվեցին նոր ընտանիքներ` փախստականներ, երեւանցիներ, սիսիանցիներ:
1990-ին Արեւիսն առանձնացավ Թասիկի տնտեսությունից, սեփականաշնորհում եղավ: Հետո` հեռացողները հեռացան, ով կապվեց հողին, ամուր կապվեց ու մնաց մինչ օրս: Սկզբում գյուղում կար 50 ընտանիք, հիմա` 30, գրանցված է 141 մարդ, փաստացի ապրում է 90-100 հոգի, դպրոցն ուներ 20-ից ավելի աշակերտ, հիմա` 4, դպրոցի 4 աշակերտներին էլ գումարած` գյուղում կա 11 երեխա: Դժվար ապրեց Արեւիսը, հոսանք չկար, հեռուստացույց չկար, կապ չկար, մեկը որ գյուղ կմտներ, ողջ գյուղը կհավաքվեր նրա գլխին` իմանալու աշխարհի անցուդարձից: Արեւիսի զինվորական ուղեկալի գոյությունն էր, որ քիչ թե շատ կենդանություն էր հաղորդում գյուղին:
Հիմա ուրիշ է. գրեթե բոլորի տներ2010_114ում սպուտնիկ ալեհավաք կա, բոլորի ձեռքին` բջջային հեռախոս, Վաչիկ Պողոսյանը մի տուն է սարքել, խելքդ կգնա, Վահագն Մարգարյանը մենատնտեսություն է վարում, քեֆդ բերի, բայց…
Էն դժվարին ժամանակներին դիմացել են Արեւիսում, հիմա, կարծես, հուսահատ են: Ախր կյանքն ամենուրեք փոխվում է, իսկ Արեւիսում ամեն ինչ նախկինն է ու նախկինը: Թեեւ արոտներն ու խոտհարքները շատացել են նաեւ պետֆոնդի հողերը համայնքի տնօրինմանն անցնելու հաշվին, բայց գյուղի հիմնախնդիրները չեն պակասում: Ինչպես հավաստում է համայնքի ղեկավարը, մի 5 տարի առաջ արեւիսցիները սեզոնի ընթացքում 1-1,5 տոննա կաթ էին հանձնում, հիմա` մոտ 300 լիտր, ինչի համար կաթ գնող կազմակերպությունը նույնիսկ այդքան ճանապարհ չի կտրում-հասնում Արեւիս: Համայնքային բյուջեն աղքատիկ է` մոտ 4 մլն 300 հազար դրամ, որով հնարավոր չէ սոցիալական որեւէ հարց լուծել: Գյուղում գիշերային լուսավորություն չկա, ակումբ չկա, խանութ, անգամ` «բուտկա» չկա, Վահեն բացել էր, հազար կողմից էնքան նեղեցին, փակեց, ո՞վ շահեց, ո՛չ ոք, տուժեցին բոլորը: Գյուղում խմելու ջրի հիմնախնդիր կա, գյուղապետարանն անգամ աշխատասենյակ ու վարչական շենք չունի եւ հանգրվանել է դպրոցի տրամադրած 2 սենյակում, որը վերանորոգվել-կահավորվել է «Գլոբալ գոլդ մայնինգ» օտարապատկան կազմակերպության կողմից: «Արեւիսը սկզբում բարձիթողի էր, դրա պատճառով էլ շատ բան թալանվեց, ավերվեց, քանդվեց: Ինչ պահպանվել է, պահպանվել է,- ասում է գյուղապետը եւ հավելում,- ազատ տուն հիմա չկա, թեպետ դատարկ տներ շատ կան, բնակիչներից ոմանք միայն ամռանն են այստեղ ապրում»: Մի քիչ անհասկանալի է, որ այստեղ բոլորը հույսը կապում են «Գլոբալ գոլդ մայնինգ» կազմակերպության գործունեության ակտիվացման հետ, որը հանքահետախուզական աշխատանքներ է իրականացնում այստեղ: Գուցե աշխատատեղեր բացվեն, գուցե գյուղից հեռացած երիտասարդները ետ վերադառնան, նաեւ` Սիսիանից այստեղ կգան: Արեւիսը մեծանալու մեծ հեռանկար ունի, եթե..
Գյուղի 11 երեխաներից երեքը գյուղապետինն են: Համայնքի ղեկավարի անշնորհակալ աշխատանքից բացի, այդպես որակեց իր աշխատանքը համայնքապետը, Սասուն Սահակյանն ունի նաեւ մեծ տնտեսություն, անասուն է պահում, հող է մշակում եւ կարծում է, որ գյուղը ծույլ մարդու տեղ չի: Արեւիսի բնակլիմայական պայմանները նպաստավոր են, ու եթե մարդ աշխատի, արդյունքը կստանա, չէ` չէ: Դրա համար ով մնաց գյուղում, լավ էլ աշխատում-ստեղծում է, եւ վատ չի ապրում: Անգամ` դպրոցի տնօրեն տիկին Գաբրիելյանն է իր տնամերձից բացի 1000 հեկտար հող մշակում, բերքը վաճառում, այլ կերպ ուղղակի ամոթ է այստեղ:
Երեւի ժամանակ էր պետք, որ հավաքովի բնակչությունը զտվեր, մերվեր, երեւի հողն ու աշխատանքը այնքան պիտի մաքրագործեին ու սրբագործեին այս մարդկանց, որ հիմք տային դպրոցի տնօրեն Ռիտա Գաբրիելյանին իրենց համայնքը «հալալ» որակեր, այնքան հալալ, որ անգամ առանց տան դուռ կողպելու կարելի է Սիսիան գնալ ու չմտահոգվել, վստահ, որ գյուղի հալալին հարամ չի խառնվի:

Գյուղի դպրոցը

Էս գյուղի դպրոցի պատմությունն էլ նույնքան արտասովոր է` իր պատմության նման: Գուցե` դիպվածով, գուցե` պատահականորեն հիմնադրված, բայց` որքան օրինաչափ, եթե դրա ստեղծման ակունքում մանկավարժն է, ուսուցիչը` ի ծնե, բնատուր:
Ռիտա Գաբրիելյանը խորին հարգանքով ու անկեղծ հիացմունքով պատմում է, որ Արեւիսի նորօրյա դպրոցի ստեղծումը կապված է վաստակաշատ ուսուցչուհի Շամամ Գեւորգյանի անվան հետ, ու չի թաքցնում ակնածանքը, քանի որ Շամամ Գեւորգյանը նաեւ իր սկեսուրն է: «Մեր հաշվետվություններում նշում ենք, որ Արեւիսի հիմնական դպրոցի շենքը կա 40-ական թվականներից, նոր դպրոցը գործում է 1993 թ.-ից: Մինչեւ 2002 թ.-ը այն եղել է Թասիկի դպրոցին կից, 2002-ին առանձնացել է` ստանալով հիմնական դպրոցի կարգավիճակ»,- ասում է Ռիտա Գաբրիելյանը, հետո պատմում Արեւիսի դպրոցի ստեղծման անհավանական, բայց նաեւ` իրական պատմությունը, երբ ամուսնու ծնողները մեղվաընտանիքները պահելու համար տեղափոխվել են Արեւիս: Եվ… ուսուցչի աչքից չեն վրիպել գյուղում պարապ մնացած դպրոցահասակ երեխաները, սրտի ցավ է զգացել, ու արդեն թոշակառու եւ բազմաթիվ այլ դպրոցներում աշխատելու առաջարկները մերժած Շամամ Գեւորգյանի հ2010_113ոգում կրկին գլուխ է բարձրացրել մանկավարժը. խնդրել է Թասիկի դպրոցի տնօրինությանը` ընդամենը պաշտպանել իր նախաձեռնությունը` Արեւիսում դպրոց բացելու եւ տեղի երեխաներին կրթություն ու դաստիարակություն տալու: Համաձայնությունը ձեռք է բերվել: Դպրոցը բացվել է, գործել: 20 աշակերտ ուներ, ուսուցիչներ, ոմանք թեեւ մանկավարժ էլ չէին, բայց դպրոցը կար, շնչում էր, գյուղը գյուղի էր նմանվում: Հետո մասնագետ-մանկավարժներ էլ ունեցավ դպրոցը, նոր տնօրեն դարձավ Շամամ Գեւորգյանի որդին` Աշոտը, բայց նրան, ցավոք, չվիճակվեց շարունակել մոր ավանդույթները. կտրվեց նրա կյանքի թելը:
2004-ից դպրոցի տնօրենն է Ռիտա Գաբրիելյանը: Նրա 2 զավակներն էլ այստեղ են սովորել, հիմա ավագ որդին Երեւանում ուսանող է, կրտսերը Սիսիանի ավագ դպրոցում է սովորում: «Դպրոցի փոքր լինելը մեզ բնավ չի ազատում ուսուցչից եւ դպրոցից պահանջվող պատասխանատվությունից»,- ասում է Ռիտա Գաբրիելյանը ու նշում, որ եկող ուսումնական տարում կունենան 2 առաջին դասարանցի, ինչը խանդավառող է: Չի թաքցնում նաեւ բավականությունը, որ շատ շատերը մանկավարժի առաջին քայլերը հենց այս դպրոցում են կատարել` ուսմանը զուգահեռ եւ լավ մանկավարժ դառնալուց հետո են «փախել» ավելի լավ դպրոցներ:
Բայց մի մեծ մտահոգություն ունի դպրոցի տնօրենը. հանկարծ ու … գյուղին կյանք ու կենդանություն պարգեւող այս օջախն էլ չմարի` դպրոցը չփակվի: Տնօրենի մտահոգությունը փորձում է փարատել գյուղապետը, ասելով, որ մարզպետարանում տեղյակ են խնդրին եւ… դպրոցը չի փակվի:
…Եթե Արեւիսի դպրոցը փակվի, մի քանի ընտանիքներ էլ կլքեն գյուղը, եւ պետական սահմանը եւս 9 կմ-ով կմոտենա Թասիկին: Իսկ Արեւիսը նաեւ Թասիկի թիկունքն է, Սիսիանի, Սյունիքի: Արեւիսի սահմանը 50 կմ-ով սահմանակից է թշնամական պետությանը, եւ Արեւիսի հողում տիրականորեն հաստատված սուր ու խաչ հուշարձանը պահող է պետք, որ նրանք էլ պահպանեն ու օրհնաբանեն երկիրն ու ժողովրդին:
«Հենց միայն Սիսիանից էդքան ճանապարհ կտրելն ու անցնելը, հենց միայն աշխարհի այս ծայրում ապրելը մեծ կամք է պահանջում,- ասաց Ռիտա Գաբրիելյանը,- մենք մեր պարտքը կատարում ենք, պետությունն ու իշխանությունն էլ իրենցը թող կատարեն, որ սահմանը…»:
…Իսկ սահմանը նահանջելու տեղ չունի:

Սիսիանում որտեղ մի լավ տեղ կա…

Արեւիսի դիմահայաց լանջին ձուլված սրի ու խաչի հանգիստ ու զուսպ պատկերը երկար մնաց հայացքիս մեջ, Թանահատա խոնարհված վանքի խոնարհ խորհուրդը` մտքիս, Վաչիկ Պողոսյանի արեւիսյան տան տանիքի արծաթափայլը` լավատեսությանս, գյուղի բոլոր կողմերից հոսող առուները` լավ ապագայի տեսլականի, իսկ Ջուլիետա Պողոսյանի այգին մի պահ մոռանալ տվեց, որ …Արեւիսում ենք` աշխարհի ծայրին: Հնարավոր ու անհնարին, հավանական ու անհավանական ծառ ու ծաղիկ, թուփ ու բույս կա այստեղ, անգամ` շագանակենի: «Ջուլիետան մեր գյուղի Միչուրինն է»,- կատակեցին տնեցիները, գյուղացիները: Իսկ 59 ամյա տիկին Ջուլիետան ի՜նչ սիրով, խանդաղատանքով էր խոսում իր ծառերի, ծաղիկների, հավերի, շների մասին: «Էդքան սիրով ու ինքնամոռաց մեկ էլ խոսել է 2010_115մանկապարտեզում աշխատելիս` իր սաների մասին: Նրանց մասին խոսելիս մեզ մոռանում էր,-ներողամիտ հանդիմանանքով մոր ուսերը գրկելով ասաց Վայքից ծնողներին հյուր եկած դուստրը` Կարինեն: -Հիմա էլ` հավերն ու ծառերը, ծաղիկներն ու դաշտերը, անտառը, Արեւիսը: Անզոր են թախանձանքներս, որ ծնողներս Սիսիան վերադառնան: Էստեղ ի՞նչ կա…»,- տրտնջաց Կարինեն: Իսկ էստեղ ի՞նչ չկա…«Լույսը որ առնում է Կակաչասարին, հոգիս էլ լուսավորվում է, հայացքս որ առնում է Արեւիսի անտառին, հիվանդություն, ճնշում մոռանում եմ, հենց մի ժամ էս դաշտ ու ձորով որ պտտվեմ, մասուր, ալոճ, շրիժ, սունկ, շուշան, խնջլուզ հավաքեմ, հերիք է, էստեղ ի՞նչ չկա, որ…»: Բայց անակնկալը հետո էր լինելու. հոկտեմբեր ամսվա վերջին տիկին Ջուլիետան մեզ ցույց է տալիս իր արեւկող պարտեզի մանուշակը` ձմռան շեմին, իսկական գարնան մանուշակ` ցողունը` կաքավի ոտքի պես` բարակ, ծաղիկը` երկնքի գույն…
…Վերադարձիս, երբ արեւիսյան տպավորություններս պատմում էի Սիսիանում առաջին հանդիպած զրուցակցիս, երբ ձմռան շեմին Արեւիսում մանուշակ տեսնելու անհավանական պատմությունն արեցի, ասաց` Սիսիանում որտեղ մի լավ տեղ կա, շան տղի թուրքերն են ապրել…
…Հիմա Սիսիանի էդ լավ տեղում մենք ենք ու մերոնք, ու էդ լավ տեղում ապրող մարդիկ հուսահատության պահերին թաքուն մի հույս են փափագում` հրաշքի…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *