Արթուր Օհանջանյանն այսօր կդառնար 24 տարեկան

Գյումրի 18.09.2018 թ.Banak.info
Բռնակոթ գյուղում մշտապես զգացվում է Արթուրի բացակայությունը, նրա խոհեմ ու բարի հայացքը, բոլորին օգնելու իր մեծ ջանքերը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Արթուրն այսօր ՝ սեպտեմբերի 18-ին, կդառնար 24 տարեկան:
Արթուրը ծնվել է 1994թվ. Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում: Սովորել և ավարտել է նույն գյուղի միջնակարգ դպրոցը: Ակտիվորեն սպորտով է զբաղվել, կոփված ու ամրակազմ երիտասարդ էր:
2012թվ. անցել է պարտադիր զինվորական ծառայության   Հադրութի շրջանի պաշտպանական զորամասերից մեկում: Արթուրը ծառայության ընթացքում մասնակցել է հետախուզական դասընթացների և ունեցել սպասված հաջողություն, և ստացել կրտսեր սերժանտի կոչում, նշանակվել հետախուզական ջոկի հրամանատար:
2014 թ. մայիսի 20-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում  հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող՝  Արթուր Սեյրանի Օհանջանյանը:
Հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է ստացված վնասվածքից:
Արթուր Սեյրանի Օհանջանյանը հետմահու պարգրատրվել է ԱՀ և ՀՀ Նախագահների  կողմից՝ «Մարտական ծառայություն»  մեդալներով:
Ծառայողական պարտականություններն Արթուրը մշտապես իրականացրել է մեծ զգոնությամբ, նույնքան ուշադիր եղել իր ջոկի տղաների նկատմամբ ։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:
Ալվինա Հարությունյան
banak.info

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *