ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԸ ԹՈՂ ՉԼՔԻ ՄԵԶ

2010 թ.-ին Սիսիանի համայնքի ավագանին իր առջեւ դրված խնդիրները կատարել է գրեթե ամբողջովին: Մնացածը, կարծում եմ, ընկալման խնդիր է. կուզենանք` կդժգոհենք, չենք ուզենա` կգոհանանք արվածով: Իսկ այն, ինչ հնարավոր է եղել անել, արվել է, բայց այդ հնարավորություններն այնքան քիչ են, իսկ մեր ցանկություններն` այնքան շատ, որ արված լավն էլ մեր աչքին քիչ է երեւում, կամ` չի երեւում, որովհետեւ ուզում ենք ամեն ինչ միանգամից արված տեսնել, ինչը հնարավոր չէ:
Այդ սուղ հնարավորությունների պարագայում գրեթե 95% -ով լուծվել է քաղաքի լուսավորության հարցը, մնացել է մի քանի փողոց, դրանից հետո բակերի լուսավորության խնդիրը կդրվի: Շահագործման հանձնվեց հիմնանորոգված մշակույթի տունը, եւ այլեւս առանց ամաչելու կարող ենք հյուրեր ընդունել, միջոցառումներ անցկացնել: Մնում է` այն լավ պահպանել, ով գիտե, մեկ էլ նման վերանորոգում կլինի, թե` չի լինի:
Լուծվել է, իմ կարծիքով, քաղաքի համար եւս շատ կարեւոր մի հարց` գերեզմանների հողհատկացման հարցը, որը առաջիկա 10 տարում թերեւս այլեւս չի քննվի:
Ավագանին դիմել է ՀՀ կառավարությանը` ջրային հայելիների մաքրման համար միջոցներ հատկացնելու, եւ հույս է հայտնվել, որ 2011-ին կառավարությունը գումար կհատկացնի դրա համար:
Որպես Սիսիանի համայնքի ավագանու անդամ համոզված կարող եմ ասել, որ ավագանին հետամուտ է եղել նաեւ իր ընդունած որոշումների կատարմանը: Սակայն խնդրի մյուս կողմն էլ կա. երե որպես ավագանու անդամ դրական եմ գնահատում ավագանու եւ գործադիրի աշխատանքը, որպես Սիսիան քաղաքի բնակիչ շատ մտահոգ եմ, որովհետեւ Սիսիանը կարծես ռմբակոծված լինի` իր ողջ տխուր հետեւանքներով: Կանայք բողոքում եւ դժգոհում են սիսիանյան փոշուց, վարորդները` փողոցների քանդրտվածությունից:
Ցավում եմ նաեւ, որ սիսիանցիները սովորեցին մեղադրել բոլոր մնացածին, բայց երբեք որեւէ մեկն ինքն իրեն մեղավոր չի կարծում: Ի՛նչ ասես այն սիսիանցուն, որը, առանց պատճառի, առանց բացատրության, հանում-տանում է հենց նոր տնկած եղեւնին միայն նրա համար, որ… վնաս պատճառի: Օրերս Զորաց քարերում ջարդել են Վիվա Սելի տեղադրած ցուցանակը: Մարդու ուղեղում չի տեղավորվում, թե ինչ «հիմնավորում», բացատրություն կարելի է տալ դրան: Թերեւս մտածես, որ դա վերջին 20 տարիների ամենաթողության հետեւանքն է, ինչը դարձյալ անհասկանալի է:
Ինչ եմ ակնկալում 2011-ից: Մարդը հաղթահարի իր միջի չարին, դժգոհին, ու յուրաքանչյուրս պատասխանատու լինենք մեր քաղաքի համար, քանի որ 2011-ը ավելի ծանր տնտեսական տարի է լինելու համայնքային իշխանության համար, որովհետեւ զգալիորեն կրճատվել է նաեւ պետական դոտացիան: Եղածին բան ավելացնենք, ոչ թե մտածենք քանդել այնքան, որ էլ քանդելու բան չմնա… Իսկ ի՛նչ ենք փոխանցելու եկող սերունդներին:
Մաղթում եմ կամք ու կորով` զինվորին (որդիս էլ զինվոր է), օտար ափերում ապրող հային` տունդարձ, (դուստրս էլ ուսանող է դրսում), բոլորիս` անչարություն, պատասխանատվություն, սրտացավություն: Մենք ենք ապրում եւ ապրելու ենք այս քաղաքում, եւ սիսիանցի լինելու արժանապատվության զգացումը չպետք է լքի մեզ` ինչ էլ որ լինի…

Աշոտ ԱՎԱԳՅԱՆ
Սիսիանի համայնքի ավագանու անդամ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *