Արիության բաց դաս` ԱՐԾԻՎ ՍԻՍԱԿԱՆ

Սիսիանի համայնքապետարանի, ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, ռեժիսոր Զեփյուռ Սարդարյանի նախաձեռնությամբ Սիսիանի` Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Արծիվ Սիսական» խորագրով համերգային ծրագիր, որը նվիրված էր Արցախյան քառօրյա պատերազմի նահատակ Մայիս Միրզոյանի եւ նրա հետ նահատակված մյուս քաջորդիների անմեռ հիշատակին, որի հովանավորն էր Մայիս Միրզոյանի ընտանիքը: Համերգային ծրագիրը սկսելուց առաջ ներկաները, քառօրյայում զոհվածների հարազատները, հյուրերը այցելեցին քաղաքային պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցեցին ու ծաղիկներ խոնարհեցին մերօրյա հերոսներին շիրիմներին` հավաստիացումով, որ նրանց թափած արյունը զուր չի անցել, իսկ նրանց խնկելի հիշատակը հավերժ է:

Զեփյուռ Սարդարյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին, երախտագիտություն` բոլորին, ովքեր նախանձախնդիր են եղել համերգային ծրագրը կյանքի կոչելուն, ինչը մեկ անգամ եւս հնարավորություն է ընձեռում հիշելու իրենց կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած քաջորդիներին, հայրենիքի սահմանների անառիկությունը իր արյամբ գծած հայ զինվորին:

Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանն իր խոսքում մասնավորաբար շեշտեց Սյունիքի առանձնահատուկ դերը պետականության զարգացման եւ կայացման, անվտանգության ապահովման, երկրի խաղաղ գոյության, մեր երեխաների պաշտպանված ապագան ապահովելու գործում, հավելելով, որ մշտապես կանգնած է լինելու մեր տղաDSC07476ների ընտանիքների կողքին, այն համարելով ոչ այնքան բարոյական պարտք, որքան` սրտի ու խղճի թելադրանք:

Զեփյուռ Սարդարյանի խոսքով` միջոցառման ակունքներում կանգնած եւ ամեն ինչով իրեն աջակցած Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը ի մասնավորի նշեց, որ սիրով եւ պատասխանատվությամբ է համաձայնել աջակցել համերգային ծրագրին, քանի որ մեզանից յուրաքանչյուրի պարտքն է հիշել ու մեծարել այն մարդկանց, ովքեր իրենց կյանքի գնով պատմություն են կերտել, հերոսական էջեր գրել ու դարձել մեր խաղաղ օրվա երաշխավորը: Խոնարհվելով Մայիս Միրզոյանի, բոլոր նահատակների ծնողների, հարազատների, ընտանիքի անդամների առաջ` համայնքապետը հավաստիացրեց, որ մշտապես եղել ու լինելու է նրանց կողքին, նրանց հետ:

Հայոց բանակի կայացման ու անցած մարտական ուղու, այդ հերոսական ճանապարհին` Սիսիանի ջոկատի անցած ուղու մասին խոսեց բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ Մուրազ Սարգսյանը: Խոսելով մասնավորաբար Մայիս Միրզոյանի մասին, գեներալը գլուխ խոնարհեց նրա ծնողների, նրա ընտանիքի անդամների առաջ, նշելով, որ արցախյան ազատամարտին «Արաբո» ջոկատի կազմում մասնակցել է նաեւ նրա եղբայրը` Մարսել Միրզոյանը, եւ այս հերոսական հայորդիների շնորհիվ է, որ կռվել է մեր երազած հաղթանակը: Գեներալը հորդորեց հավատարիմ մնալ հայ զինվորի, հայ մարդ35522480_1352154448262487_5843916602415775744_nու նկարագրին, ու միասնականության, համախմբվածության կոչ արեց, նշելով, որ միայն այդպես կարող ենք հաղթել թշնամուն, ինչպես որ հաղթել ենք նաեւ անցյալ դարասկզբին, երբ Սիսիանը եւ սիսիանցիները կանգնած էին Նժդեհի կողքին:

Համերգային ծրագրին իրենց մասնակցությունն էին բերել եւ ելույթներ ունեցան ՀՀ ՊՆ «Զորական» համույթը, գուսան Աստղանուշը, բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանը, երգիչ Աղասի Իսպիրյանը, ում կատարմամբ առաջին անգամ հնչեց գուսան Աստղանուշի` Մայիս Միրզոյանին նվիրված տեղծագործությունը: Ցուցադրվեցին արցախյան հերոսամարտի եւ ապրիլյան քառօրյայի մասին պատմող տեսաֆիլմեր: Կենտրոնի շքասրահում ցուցադրվեցին նկարչուհի Արգինե Սահակյանի` քառօրյայի նահատակների նկարները:

Նման միջոցառումները փաստում են, որ բոլոր ժամանակներում հայրենիքի համար նահատակվածների հիշատակը հարատեւ է ու խնկելի, անունը` անմահ, սխրանքը` ուսանելի, իսկ նրանց ապրած կյանքը` արիության բաց դաս սերունդների եւ պատմության համար:

«Որոտան»

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *