ԱՐՄԱՆ ԵՓՐԵՄՅԱՆԻՆ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵՑԻՆ ԱՆԳԵՂԱԿՈԹԻ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

Հունիսի 26-ին սահմանին զինվոր զոհվելու գույժը ամպի նման պայթեց Անգեղակոթի վրա: Գյուղում մի պահ կյանքը կանգ առավ: Նախիջեւանի սահմանային հատվածում տեղի ունեցած մարտական գործողությանների ժամանակ զոհված պայմանագրային զինծառայող Արման Եփրեմյանի մահվան լուրը ցնցեց բոլորին: Ցնցվեցին անգեղակոթցիները: Մեծ ու փոքր սգացին, նրա կորուստը խոցեց յուրաքանչյուրի սիրտը: Ամենքի աչքի առջև կանգնեց ջինջ ու բարի աչքերով Արման Եփրեմյանն իր ողջ բարությամբ ու հայրենասիրությամբ… իսկ նախորդ օրը կոնֆետ էր գնում խանութից` տանն իրեն սպասող փոքրիկների համար …
Անդառնալի ու ծանր էր Արմանի կորուստը Անգեղակոթի համար: Կյանքից անժամանակ հեռացավ ազնիվ ու մաքուր հոգու տեր մի անձնավորություն` հայկական բարեպաշտ ընտանիքի զավակ, հայկական  սովորությունները հարգող անգեղակոթցի, նվիրված ամուսին և երկու փոքրիկների հայր: Ընտանեկան պայմանները և ոչ դյուրին ապրելակերպը նպաստել էին նրա բնավորության մեջ հոգու մաքրության ու պարզության, ընկերասիրության, հայրենասիրության ձևավորմանը:
Եթե միայն հնարավոր լիներ մի հզոր թափով հետ տալ կյանքի անիվը
Այսօր Անգեղակոթը վերջին հրաժեշտը տվեց մարտական գործողության ժամանակ զոհված իր զինվոր-որդուն: Հուղարկավորությունը կատարվեց զինվորական կարգով: Նրան ամփոփեցին Անգեղակոթի պանթեոնում` Արցախյան ազատամարտի նահատակ զինվորների կողքին: Ծանր ու դաժան վկայություն այն իրողության, որ մեր կռիվը դեռ չի ավարտվել, եւ հայրենի հողը դեռ թրջվում է իր նվիրական զավակների արյամբ: Մերօրյա հերոսը ննջեց Անգեղակոթի պանթեոնում հավերժորեն հանգչող Արցախյան գոյամարտում անմահացած Բենիկ Օհանյանի, Զոհրակ Գեւորգյանի, Հրայր Եղիազարյանի, Վոլոդյա Կարապետյանի, Արամայիս Փանյանի, Մելսիկ Աթանեսյանի, Վալերիկ Ավետիսյանի, Աշոտ Աթանեսյանի, Վարդան Բաբայանի, Վարդան Գեւորգյանի, Հայկ Խաչատրյանի, Հրանտ Հակոբյան կողքին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենի հողի ազատագրման սուրբ գործին:
Նախօրեին Անգեղակոթ էր եկել եւ Արման Եփրեմյանի հոգեհանգստին մասնակցել  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կիսել նրա ծնողների եւ հարազատների վիշտը եւ նրանց հանձնել  հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար Արմանի` հետմահու ստացած Արիության մեդալը:
Արման Եփրեմյանը մշտավառ փառքով կապրի ոչ միայն հարազատների, այլև` երախտագետ սերունդների հիշողության մեջ:

Լիանա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Անգեղակոթ

9 մեկնաբանություն ԱՐՄԱՆ ԵՓՐԵՄՅԱՆԻՆ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵՑԻՆ ԱՆԳԵՂԱԿՈԹԻ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ հոդվածին

  1. Ցավակցում եմ Արմանի ընտանիքին ու մտերիմներին:

  2. Լույս իջնի շիրիմիդ, հայ զինվոր…

  3. ASTVATS HOGIN LUSAVORI! PARQ U PATIV MER HEROSNERIN!

  4. Anahit Tigranyan says:

    Ցավակցում եմ…..

  5. HAVERJ PARK KEZ MER HAY ZINVOR HOXT TOX TETEV LINI ASTVAC HOGIT LUSAVORI.

  6. xorapes cavum enq , Astvac hogit lusavori

  7. Փառք նրան, թող ննջի խաղաղությամբ:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *