ԱՐՄԵՆԻ ԳԵՐԵԶՄԱՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՊԱՆԹԵՈՆՈՎ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ


«Ազատամարտիկ» խորագրի մեր հերթական հարցազրույցը ազատամարտիկներ Արմեն եւ Արսեն Գրիգորյանների (Ասկյարներ) մոր` ազատամարտում մեծ ավանդ ունեցող Էլմիրա Գրիգորյանի հետ է:

-Տիկի՛ն Էլմիրա, Ձեզ համար ինչպե՞ս սկսվեց ազատամարտը:
-Ազգամիջյան բախումները սկսել էին: Մենք դեռեւս 1988-ի վերջերին էինք Բաքվից ընտանիքով տեղափոխվել Սիսիան: Տեղահանության ժամանակ ամուսնուս հարազատներն առաջարկեցին Մոսկվա տեղափոխվել, խոստացան ապահովել բնակարանով, բայց մենք չցանկացանք եւ եկանք ծննդավայր` Սիսիան, ես ծնունդով բարձրավանցի եմ: Տեղավորվցինք աշխատանքի տրիկոտաժի ֆաբրիկայում: Մեծ որդիս` Արսենն արդեն ամուսնացած էր, ուներ մեկ դուստր, երկրորդն այստեղ ծվեց 1990-ին:
-Իսկ ինչպե՞ս ներգրավվեցիք ազատամարտի իրավիճակների մեջ:
-Բախումները սկսվել էին Սիսիանում, սակայն Արցախում այն լուրջ ռազմական բախումների էր վերածվել: Մի օր փոքր որդիս` Արմենը եկավ ու ասաց, որ ուզում է Արցախ գնալ, միանալ Արցախի կռվող ջոկատներին, որ, վերջապես, իր պապի վրեժը լուծի: Զավակներիս պապը ծնունդով Ղարաբաղից էր, Մարտունու Կարմիր շուկայից: Ու միշտ երեխաներիս հայրը պատմել էր նրանց, որ իրենց պապը մի հրացանի համար խփվել է Շուշի ղալում, եւ նրա վրեժը մի օր պիտի լուծել, մեր հողերը ետ բերել: Երբ Արմենս ցանկություն հայտնեց գնալ Ղարաբաղ, եւ երբ տեսա, որ նրան այլեւս ետ պահելն անհնարին է, առաջարկեցի, որ գնա սիսիանցիների ջոկատ: Վուրգ Ոսկանյանի ջոկատն այդ ժամանակ արդեն կազմավորված էր: Այդպես էլ եղավ: Երբ դիրքերից տուն էր գալիս, պատմում էր շատ ոգեւորված, խանդավառված, ուրախանում էր, որ պապի վրեժը լուծելու ժամանակը, վերջապես, եկել է: Նրա ոգեւորությունը ինձ էլ էր վարակում, խանդավառում: Բայց ես չէի էլ մտածում, որ մի օր էլ ես կհայտնվեմ ազատամարտի իրավիճակներում:
Տրիկոտաժի ֆաբրիկայում աշխատելու ժամանակ մի օր ինձ մոտեցավ հերթափոխի պետ Մայիս Պողոսյանը, զրուցեց ինձ հետ, իմացավ մտքերս ու տրամադրվածությունս, եւ հարցրեց, թե չե՞մ ցանկանա օգնել Սիսիանի ջոկատի տղաներին: Ասացի` կուզենամ, բայց` ինչպե՞ս: Ասաց` թեկուզ առաջին բուժօգնություն ցույց տալով: Դրան էլ չէի տիրապետում, բայց` համաձայնվեցի, եւ լենինականցի Մելանյայի հետ գնացինք  Վուրգ Ոսկանյանի ջոկատ: Երբ տղաները դիրքերից գալիս էին, հանում կոշիկները, ու ես տեսնում էի նրանց գուլպաները` ջուր-ջուր, սիրտս մղկտում էր: Լվանում էի, չորացնում, հոգ էի տանում նրանց մասին` ինչպես իմ զավակներին հոգ կտանեի:
Հետո պարոն Ազոյանն ինձ վստահեց Սիսիանի ջոկատի կապավորի գործը, ու ես այդպես կապվեցի-մնացի գնդում: Նույնիսկ` տուն չէի ուզում գնալ, այդքան որ մտել էի գործի մեջ:
-Սկզբում Արմենը գնաց, հետո` դու, հետո` Արսենը: Ո՞վ էր ում «ներքաշում»:2012_20
-Արմենս որ կռվից գալիս էր, մանավանդ, որ գիշեր էր լինում, ինքն էլ` ընկերների հետ, հա՛մ հուզվում էի, հա՛մ ուրախանում, հա՛մ` հիանում: Ու մտքիս մեջ կարծես նեղանում էի Արսենից, որ նա իր եղբոր հետ չի: Մի օր էլ Արսենի առաջ հաց դրեցի ու ասացի` Արմենը քեզանից փոքր է, բայց կռվի դաշտում է, իսկ դու կնոջդ գրկում-տաք անկողնում քնում ես: Ասաց` ի՞նչ անեմ, ես էլ գնա՞մ: Բա՞` տունը, երեխաները: Ասացի` գնա՛, եթե ինձ սիրում ես, գնա՛: Տունը, երեխաներին մենք կպահենք: Ու նա էլ գնաց Վուրգի ջոկատ: Հարսս ստիպված ետ դարձավ աշխատանքից:
-Հիշում եմ, որ շատ արագ Սիսիանում տարածվեց ձեր ընտանիքի համբավը, բայց ոչ թե Արսեն-Արմեն անուններով, այլ` Ասկյար: Ինչո՞ւ նրանց տրվեց Ասկյար մականունը, մանավանդ որ այն մեզ համար բացասական իմաստ ունի որպես թշնամի:
-Գուցե մի քիչ գեղեցիկ չի, որ մայրը, ծնողը ներկայացնի իր որդուն, բայց հո բոլորն էլ գիտեն, որ Արմենը քաջ էր, լավ զինվոր էր, անվախ էր ու մեն մենակ անգամ թուրքի խրամատ էր մտնում: Նրանց լեզուն էլ լավ գիտեր: Արմենը զարմանալի նվիրյալ էր ոչ միայն իր պայքարին, այլեւ` իր սկզբունքներին:
Երբ նոր էինք եկել Սիսիան, փախստականներին օգնություններ էին բաժանում, Արմենն ինձ սաստում էր` մամա ջան, որ օգնություններ կտան, չվերցնես: Ասում էի` տղաս, պետությունն է տալիս ու բոլորին է տալիս, ինչո՞ւ չվերցնենք: Ասում էր` մենք մեր պետության, մեր երկրի համար դեռ ոչինչ չենք արել, մենք պարտք ունենք նրա հանդեպ, ի՞նչ երեսով պիտի նրա տվածը վերցնենք:
Մի ուրիշ անգամ էլ, երբ արդեն զորամասի ճաշարանում էի աշխատում, չափազանց լուրջ տոնով Արմենն ասաց` մամա ջան, դու շատ բան ես խնդրել, եւ ես արել եմ, բայց ես քեզ մեն մի բան եմ խնդրում, խոտացիր, որ ճաշարանում ձեռքդ մաքուր կլինի, որովհետեւ քո մաքուր ձեռքը իմ ու Արսենի պատիվն է: Մեր մարտական ընկերների, մեր հրամանատարների մոտ թող մենք երբեք ամոթով չմնանք: Եվ եթե զինվորի բաժնից տանես, մեզանից պիտի տանես: Դրա համար էր պարոն Ազոյանը միշտ ասում` հպարտացիր քո տղաներով:
Արմենը, իսկապես, բացառիկ էր նաեւ որպես եղբայր, որպես մարդ: Չգրված օրենք կար. մարտի գնալիս մի ընտանիքից երկու հոգու չէին տանում կռվի: Մի անգամ, երբ Արսենի հերթափոխն էր, Արմենը գաղտնի մոտեցել է նրան, խնդրել, որ նրա փոխարեն ինքը գնա, ասելով` դու ընտանիք ունես, երեխաներ, դու տուն գնա, եւ հետո, ո՞վ է իմանալու` Արմենն էր, թե` Արսենը: Կարեւոր էր, որ Ասկյարներից մեկը կար:
-Տիկի՛ն Էլմիրա, դու երկու որդիներիդ ուղարկում էիր կռվի, ինքդ էլ` կապի վրա էիր, ի՞նչ զգացողությամբ էիր նրանց ճանապարհում եւ ի՞նչ տագնապներով էիր սպասում նրանց վերադարձին:
-Նախ ասեմ, որ երբ երկու որդիներս էլ կռիվ գնացին, շատերն էին ինձ հանդիմանում, ասելով, որ ուրիշներն իրենց զավակներին փախցնում են, ես երկու-երկու եմ ուղարկում: Նրանց պատասխանում էի, որ իմ մայրական սերն այնքան մեծ է ու զորավոր, որ այդ սերը չի թողնի` նրանց գնդակ կպնի: Այդպես էլ եղել է: Բայց մի անգամ, գուցե առաջին եւ միակ անգամ, մայրական սիրտս ահ ընկավ: Երբ անընդհատ կապ էի տալիս 55-ին` Վուրգին, ու պատասխան չէի ստանում, սիրտս անհանգստությունից դողում էր: Իսկ երբ հասավ 7-ի զոհվելու լուրը, որոնց մեջ էր նաեւ հրամանատար Վուրգ Ոսկանյանը, սիրտս ցավից կուչ եկավ. բա՞ որ իմ էրեխեքն է˜լ…հետո շատ արագ հավաքեցի ինձ. իմ էրեխեքի արյունը մյուսների արյունից քաղցր չի՛: Նրանց բոլորին էի իմ զավակների պես ու զավակների չափ սիրում, եւ դա իրենք էլ գիտեին: Մի անգամ, երբ տղաներին կռիվ էինք ճանապարհում, բոլորին պաչեցի, հետո` Արմենիս, ու նա կարծես նախատեց, բայց հասկացավ:
Այդ դեպքից 2-3 օր հետո երբ իմ որդիները տուն եկան, հացի սեղանի վրա ասացին` հը՞, դուրդ գալիս է՞: Ասացի` դուր գալու բան չի: Պիտի կռվենք մինչեւ վերջին օրը: Էդպես է եղել: Ու ես հպարտ եմ դրա համար:
-Որտեղի՞ց էր Բաքվում ծնված-մեծացած Ասկյարների մեջ այդքան հայրենասիրությունը:
-Ես ինքս եմ ներարկել: Արդեն 64 տարեկան կին եմ, բայց իմ մեջ ամենաամուրը նստած է հայրենիքի սերը: Նույն ձեւով դաստիարակել եմ թոռներիս: Արսենս արդեն մեծ տղամարդ է, բայց երբ որեւէ տեղից Սիսիան ենք վերադառնում, հենց հասնում ենք Զանգերը, ասում է` մամա ջան, մեր հողն է: Թոռներս անգամ չեն համաձայնվում ինձ հետ մի քանի օրով Մոսկվա գալ:
-Դու հիմա Մոսկվայում ես բնակվում:
-Մոսկվան ապրելու տեղ չի: Տարվա մեջ մի քանի ամիս գնում եմ` մի երկու կոպեկ աշխատելու համար, որ բերեմ տուն գնենք: Մի քանի շնչով ապրում ենք մեկ սենյականոցում: Թե չէ` ես այստեղ եմ ապրել, այստեղ եմ ապրելու, այստեղ Արմենիս գերեզմանն է…
-Արմենի ճակատագիրը դառը վերջաբան ունեցավ: Ինչո՞ւ:
-Հա՛, պատերազմից հետո կարծես չէր գտնում իրեն: Չհարմարվեց, սկսեց խմել: Անգամ խնդրում էր իրեն հանել այդ վիճակից: Չկարողացանք: Պատերազմից հետո կարծես անտեսվեց, կարգին աշխատանք չունեցավ, չկարողացավ խաղաղ պայմաններում գտնել կյանքի իր իմաստն ու դերը, այն դերը, որ այնքան շատ էր իր վրա վերցրել պատերազմական տարիներին: Ու պատերազմի ավարտից ընդամենը 6 տարի հետո մահացավ:
-Տիկի՛ն Էլմիրա, բայց Ասկյար-Արմենը Պանթեոնում չի հուղարկավորվել: Ինչո՞ւ: Չէ՞ որ նա վաստակել էր այդ պատիվը եւ արժանի էր իր ընկերների կողքին հավերժորեն հանգչելու իրավունքը:
-Թե՛ պարոն Մինասյանը, թե՛ Ազոյանը, թե՛ Վարդանյանն առաջարկեցին Արմենին հուղարկավորել Պանթեոնում: Ես չհամաձայնեցի: Պատերազմից արդեն բավականին ժամանակ էր անցել, ես մեծ պատասխանատվություն էի զգում այնտեղ ննջողների հանդեպ, եւ, կարծում էի, որ ճիշտը նրան իր հայրական գերեզմանում հուղարկավորելն է, իր հոր կողքին:
-Տարիների հեռվից չե՞ք փոշմանում:
-Հիմա` հա՛: Ճիշտն այն կլիներ, որ նա իր մարտական ընկերների կողքին լիներ, նրանց մոտ, նրանց հետ: Բայց եղածն արդեն եղած է: Ինձ մխիթարում է այն, որ Արմենիս երազանքը կատարվել է, իր պարտքը հատուցել է իր հայրենիքին, եւ նրա պապենական հողերն ազատագրվել են:
Իսկ Ասկյար-Արմենիս գերեզման տանող ճանապարհը, միեւնույն է, անցնում է Պանթեոնով:

Զրուցեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *